«Գագիկ Ջհանգիրյանի պես մարդիկ ու դատավորները վամպիրի պես խմել են դատական համակարգի արյունը». Էրիկ Ալեքսանյան

Նշված միջնորդությունը ներկայացնելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պարոն Հովսեփյանը դեռևս մայիսի 30-ին վատառողջ լինելու հիմքով տեղափոխվել էր «Միքայելյան» բժշկական հաստատություն: Հունիսի 6-ին Աղվան Հովսեփյանը նաև վիրահատվել է, և նրա մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է նաև շաքարային դիաբետի 2-րդ տիպ, ինսուլինակախյալ, որը զուգորդված է պոլինևրոպատիայով: Աղվան Հովսեփյանը երկար տարիներ է տառապում շաքարային դիաբետով, ուղղակի այս պահին հիվանդությունը նրա մոտ ունի ծանր ընթացք:

Այս մասին 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված՝ իրենց հրատապ միջնորդության քննությանը:

«Պոլինևրոպատիան նման հիվանդության զուգորդումով համապատասխանում է կառավարության համապատասխան որոշմանը, որում նախատեսված է այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ: Դրանով է պայմանավորված, որ մենք միջնորդեցինք հրատապ դատական նիստ հրավիրել և խնդրեցինք, որ խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկվի»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ իրենց միջնորդությունը ներկայացնելուց րոպեներ անց իրենք դատարանի կազմից տեղեկություն ստացան, որ հունիսի 27-ին դատական նիստ է հրավիրվում՝ խափանման միջոցի հարցը քննարկելու համար: Դատական նիստը տեղի է ունեցել, բայց իրենց միջնորդությունը դատարանը մերժել է:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գործ ունեինք այնպիսի հիվանդության հետ, որը միանշանակ համապատասխանում է կառավարության՝ իմ կողմից նշված որոշմանը, իրավական ողջամտությունը պահանջում է, որ դատարանը, տվյալ դեպքում առաջնորդվելով անձի հիմնարար իրավունքով, պետք է խափանման միջոցը փոխեր: Ճիշտ է, դատարանը փորձագետ չէ, չի կարող ասել՝ այս կամ այն հիվանդությունը համատեղելի՞ է կալանքի հետ, թե՞ ոչ, բայց եթե ներկայացված փաստերը վկայում են այն մասին, որ կա հիմնավոր կասկած առ այն, որ այս հիվանդությունը, հնարավոր է, անհամատեղելի լինի կալանքի հետ, դատարանը պետք է անձի խափանման միջոցը փոխեր հետագայում փորձաքննություն նշանակելով, որ այդ կասկածները փարատի»,- ասաց Աղվան Հովսեփյանի պաշտպանը:

Ըստ նրա՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ իրենք, իհարկե, պատրանքներ չունեին, և այդ որոշումը զարմանք չի առաջացրել: Որոշումը ստանալուց հետո իրենք անպայման այն կբողոքարկեն:

«Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 7-ին, և մենք անպայման միջնորդություն ենք ներկայացնելու հանձնաժողովային փորձաքննության»,- ասաց նախկին գլխավոր դատախազի պաշտպանը:

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ Աղվան Հովսեփյանն այս պահին օրական մոտ 100 միավոր ինսուլին է ստանում:

Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի՝ Աղվան Հովսեփյանի գործի հետ ունեցած առնչությանը՝ Էրիկ Ալեքսանյանը նախ ասաց, որ այդ կապը շատ ուղիղ է:

«Եկեք վերլուծենք ու փորձենք հասկանալ՝ արդյո՞ք պարոն Հովսեփյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը, նրան երկարատև կալանքի տակ պահելը չունի կոնկրետ դրդապատճառներ»,- ասաց պաշտպանը:

Ըստ նրա՝ 2018, 2019, 2020թթ. Աղվան Հովսեփյանը և Գագիկ Ջհանգիրյանը որևէ պաշտոն չէին զբաղեցնում, և Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր սկսվում:

«2021թ. Աղվան Հովսեփյանը որևէ պաշտոն չէր զբաղեցնում, Գագիկ Ջհանգիրյանն արդեն համապատասխան որոշիչ պաշտոն էր զբաղեցնում, և պարոն Հովսեփյանի նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում այնպիսի իրադարձությունների վերաբերյալ, որոնք վերաբերում էին 2008թ., 2011թ.»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Նա հիշեցրեց նաև, որ 2008թ. փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ այդ ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալն է եղել:

«2008թ. անհերքելի փաստ է, որ Գագիկ Ջհանգիրյանը միացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը և նույնիսկ Ազատության հրապարակում ելույթ էր ունեցել: Դրանով էր պայմանավորված այն , որ 2008թ. Գագիկ Ջհանգիրյանը քաղաքականությամբ զբաղվեու համար, ինչն արգելվում է օրենքով, ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից հենց Աղվան Հովսեփյանի հրամանով: Հետագայում նրա նկատմամբ նաև քրեական հետապնդում էր հարուցվել, կրկին Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակ: Մենք գտնում ենք, որ այս երկու իրողությունները ողջամիտ կասկած են առաջացնում, որ Գագիկ Ջհանգիրյանն ունի որոշակի վրեժխնդիր լինելու դրդապատճառներ Աղվան Հովսեփյանի առումով: Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք: Բացի դրանից, Գագիկ Ջհանգիրյանի ամբողջ կյանքի երազանքն էր գլխավոր դատախազ դառնալը, և սա այն պատճառներից մեկն է, որ վերջինս համակրանք չունենա Աղվան Հովսեփյանի նկատմամբ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը և այն դիտարկումներին, թե դա «հացի սեղան էր», փաստաբանն ասաց՝ պետք է հասկանալ, թե դա, ի վերջո, «հացի՞ սեղան էր, թե՞ կտի»:

««Դրակուլա» ֆիլմում բարին հաղթում է չարին: Տվյալ դեպքում՝ նույնպես: Բարին հաղթում է Դրակուլային, և նրա ոչնչանալուց հետո ոչնչանում են նաև իր կողմից ստեղծված «պստիկ վամպիրիկները»: Սա նույն իրավիճակն է: Գագիկ Ջհանգիրյանից հետո բոլոր այն դատավորները, ովքեր նշանակվել են իրենից հետո, ովքեր անցել են նրա թրի տակ և պատրաստակամ են եղել կատարել ոչ թե իրենց վրա դրված պարտականությունները Սահմանադրությամբ և օրենքներով, այլ կոնկրետ ճաշակներով, Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին ինքնաբերաբար ոչնչանալու են: Այս օրինակը ես բերեցի, որովհետև ինչպես և այդ «վամպիրիկները» խմում են մարդկանց արյունը, այնպես էլ Ջհանգիրյանի պես մարդիկ ու դատավորները խմել են դատական համակարգի արյունը»,- ասաց Էրիկ  Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս