Ես ցանկություն ունեմ բացառել, որ որևէ կերպ քաղաքական իշխանությունը կարող է ազդել ԲԴԽ որոշումների կայացման վրա. Գրիգոր Բեքմեզյան
«Օրենքն ասում է՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո 10 օրվա ընթացքում պետք է ընտրվի նոր նախագահ: Ընդ որում, օրենքը նախատեսում է հերթականությամբ դատավոր անդամների և գիտնական անդամների նախագահություն, և քանի որ Ռուբեն Վարդազարյանը դատավոր անդամ էր, հիմա գիտնական անդամի հերթն էր»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով երեկ ԲԴԽ նախագահի ընտրության գործընթացին, ինչի արդյունքում նախագահ չընտրվեց:
Ըստ նրա՝ երեկվա դրությամբ փաստացի մնացել էին 4 դատավոր և 3 գիտնական անդամներ, և քվեաթերթիկում ըստ էության ընտրությունը պետք է կատարվեր 3 գիտնական անդամների միջև:
«ԲԴԽ նախագահի ընտրության քվեարկությունը միակն է, որ կատարվում է փակ գաղտնի ընթացակարգով, և հաշվի առնելով այն, որ ես թե հրապարակավ նախկինում, և թե հիմա էլ ասել եմ, որ ըստ էության չեմ հավակնում նախագահի պաշտոնին, ենթադրում եմ, որ ընտրությունը եղել է Խորհրդի երկու անդամների՝ Վիգեն Քոչարյանի և Դավիթ Խաչատուրյանի միջև, որոնցից ոչ մեկը չի ստացել բավարար քանակությամբ ձայներ, ինչի արդյունքում օրենքի ուժով պաշտոնակատար է դարձել Ստեփան Միքայելյանը, ով հրաժարվեց, և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամը՝ Սերգեյ Չիչոյանը»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Հարցին՝ ստացվում է՝ եթե դատավոր անդամները չցանկանան, որ որևէ իրավաբան-գիտնական անդամ դառնա ԲԴԽ նախագահ, գործընթացը կառկախվի, հետևաբար արդյո՞ք այստեղ օրենքի բացի խնդիր չէ, Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց՝ իրենք այդ խնդրի առաջ փաստացի կանգնեցին երեկ՝ ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ, որովհետև քանի դեռ դու չես սկսում օրենքի ամբողջ հոդվածները կիրառել՝ իրենց թերություններով և առավելություններով, դու չես կարողանում տեսնել դրանց խնդիրները:
«Ես չեմ ասի, որ դատավոր և գիտնական անդամների միջև կա ինչ-որ խնդիր, որովհետև քանի որ փակ քվեարկություն է եղել, մենք չգիտենք՝ ձայներն ինչպես են բաշխվել, և միգուցե գիտնական անդամները ձայն չեն տվել, բայց հանուն արդարության պետք է տեսնել՝ օրենքն ինչ է ասում, և մենք ինչ իրավիճակի կարող ենք հանգել, որն իմ կարծիքով՝ լինելու է աբսուրդային իրավիճակ»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Ըստ նրա՝ օրենքն ասում է, որ եթե 10 օրվա ընթացքում չի ընտրվում ԲԴԽ նախագահ, իրականացվում է նոր ընտրություն, և չի ասում՝ նոր ընտրությունը երբ պիտի իրականացվի՝ 1, 10, 20 օ՞ր, թե՞ մի տարի հետո, ժամկետ չկա, և մինչ նոր նախագահի ընտրությունը Խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը շարունակում է մնալ որպես ժ/պ:
«Խորհուրդը բաղկացած է 10 անդամից: Եթե անգամ իդեալական տարբերակում պատկերացնենք, որ 10-ն էլ ներկա են, բայց 5 հոգին համաձայնության գան, որ միշտ դեմ են քվեարկելու բոլոր թեկնածուներին, Խորհուրդը նախագահ կարող է չունենալ: Եվ այդ դեպքում Խորհրդի նախագահի ժ/պ-ն, ով էլ որ լինի, կարող է պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ԲԴԽ անդամ է, այսինքն՝ մինչև 5 տարի»,- ասաց ԲԴԽ անդամը:
Նրա խոսքով՝ ստացվում է՝ այս օրենքի կարգավորումները, որով ԲԴԽ նախագահի համար նախատեսված է 2 տարի 6 ամիս ժամանակ, ու դրանից հետո պետք է փոխվի, կարող են չգործել, եթե 5 հոգանոց խումբ ձևավորվի, որի մեջ կլինի տարիքով ավագ նախընտրելի անդամ, գան համաձայնության ու այնպես անեն, որ նախագահ չընտրվի:
«Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկեն: Ես հիմա բարձրաձայնում եմ օրենքի բացի մասին, վստահ եմ՝ լսում են, և եթե որևէ մեկը չնախաձեռնի, ԲԴԽ-ն պետք է առաջարկի, եթե ԲԴԽ-ն էլ չանի, ես ինքս գրություն կգրեմ, այլապես ԲԴԽ գործունեության համար շատ վտանգավոր վիճակ կարող է ստեղծվել»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ իրենք ԲԴԽ կազմում չունեն այն միասնական մոտեցումը, թե երբ պետք է լինի ընտրությունը:
Հարցին՝ բացառո՞ւմ է արդյոք այն, որ քաղաքական իշխանության համար Սերգեյ Չիչոյանը կարող է շատ էլ ընդունելի տարբերակ լինել, և հենց նրան էլ թողնեն, որ պաշտոնավարի տևական ժամանակ, Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ ինքը ցանկություն ունի բացառել, որ որևէ կերպ քաղաքական իշխանությունը կարող է ազդել ԲԴԽ որոշումների կայացման վրա:
Անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությանը՝ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ դեռևս անցյալ տարվա մարտին Գագիկ Ջհանգիրյանն իրենց ասել էր, որ հանդիպել է Խորհրդի անդամների հետ և կասկածներ ունի, որ իրեն ձայնագրել են:
«Խորհրդի անդամներից ոմանք պահանջեցին անուններ տալ: Ջհանգիրյանը հրաժարվեց: Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ Ջհանգիրյանն իրեն նկատի ունի, բայց ինքն այդ մասին չի ցանկանում խոսել, և խնդիրն այսպես փակվեց: Ընդ որում, այդ ժամանակ Վարդազարյանը ԲԴԽ նախագահ էր»,- ասաց ԲԴԽ անդամը՝ հավելելով, որ Ջհանգիրյանն այլ մանրամասներ ևս հայտնել է:
Գրիգոր Բեքմեզյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել Գագիկ Ջհանգիրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արտահայտած մտքերը:
«Ես նախ իրավունք չունեմ գնահատական տալ: Հիմա Գագիկ Ջհանգիրյանն էլ ԲԴԽ անդամ չի: Ես սկսեմ պաշտպանել նրան, պիտի ասեք՝ Ջհանգիրյանի փաստաբանությունն է անում, սկսեմ մեղադրել, կասեք՝ էդ մարդը գնաց, էլ ԲԴԽ նախագահ չի, ինչ ասես՝ ասում են»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը՝ հրաժարվելով մեկնաբանել Գագիկ Ջհանգիրյանի այն միտքը, թե իր զինդատախազ եղած տարիներին զինվորական գործերը քննել են իր կողմից ընտրված դատավորներ:
Գրիգոր Բեքմեզյանը չխոսեց նաև այն հարցի մասին, թե արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանի՝ զինդատախազ եղած ժամանակ դատապարտված անձինք կարող են գործերի վերաբացում պահանջել նոր երևան եկած հանգամանքների հիմքով:
«Ես իրավունք չունեմ Ձեր հարցին պատասխանել, որովհետև եթե իրենք հանկարծ գործընթացներ սկսեն, և դրանք հասնեն ԲԴԽ, ես կլինեմ կաշկանդված»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Մանրամասները՝ տեսանյութում