Բաժիններ՝

11 առարկա, 550-ից ավելի դիմորդ. մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը

Հանրապետությունում հուլիսի 4-ին մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը:  Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ 2 դիմորդ քննություն է հանձնել աշխարհագրություն առարկայից, 63-ը՝ կենսաբանությունից:

Հուլիսի 5-ին անցկացվելու են օտար լեզվի քննությունները՝ 77 հոգի քննություն հանձնելու է անգլերեն, 2-ը՝ ֆրանսերեն և 1-ը՝ գերմաներեն առարկաներից: Իսպաներեն և իտալերեն այս փուլում հայտագրող չի եղել, պարսկերեն նաև առաջին փուլում չեն հանձնել:

Հուլիսի 6-ին հայոց լեզու և հայ գրականություն հանձնելու համար հայտագրվել է 71 դիմորդ, իսկ հուլիսի 7-ին մաթեմատիկա առարկայից քննություն հանձնելու համար՝ 145-ը: Հուլիսի 8-ին հայոց պատմություն է հանձնելու 23, ֆիզիկա՝ 91 հոգի: Քննաշրջանը եզրափակվում է հուլիսի 9-ին՝ ռուսաց լեզվի/17 դիմորդ/ և քիմիայի/59 դիմորդ/ քննությամբ: Ընդհանուր առմամբ քննական 6 օրերի ընթացքում 11 առարկայից քննություն հանձնողների նախնական թիվը 551 է:

Այս փուլում ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Դավիթաշենի թիվ 189 ավագ դպրոցում, միայն մաթեմատիկայի համար առանձնացված է երկու կենտրոն՝ նաև ՀԱԹ թիվ 190 ավագ դպրոցում:

Գնահատականները հրապարակվելու են քննության հաջորդ օրը, բողոքարկել կարելի է անմիջապես՝ գնահատականն իմանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երկու՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը՝ թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը՝ ըստ հայտերի հերթականության է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս