Իրանի համար այդ հատվածում տարածքային փոփոխություններն անթույլատրելի են. իրանագետ

Իրանագետ Գարիկ Միսակյանի կարծիքով, տարածաշրջանային հարցերի առնչությամբ իրանական կողմում որոշակի սպասողական դիրքորոշումը պայմանավորված է սեփական խնդիրներով:

«Իրանը կենտրոնացած է Իրաքի, Սիրիայի խնդրի, Թուրքիայի հետ հարաբերությունների և Արևմուտքի հետ բանակցություններ վերսկսելու վրա,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրանագետը՝ նկատելով, սակայն, որ Հարավային Կովկասի կարևորությունն Իրանի համար ևս մեծ է,- Վերջին շրջանում եղան և՛ ՀՀ ղեկավարության հետ հեռախոսազանգեր, և՛ Ալիևի հետ Ռայիսիի հանդիպումը, որտեղ նաև անդրադարձ եղավ Իսրայելի հետ կապված խնդիրներին, տնտեսական հարցերին»:

Այս համատեքստում իրանագետը նկատեց, որ Իրանը շարունակում է երկկողմանի համագործակցությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ:

«Իրանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների պայմաններում՝ Իրանը տնտեսական առումով փորձում է առավելագույն կերպով տնտեսական ներկայություն ապահովել և՛ Արցախից բռնազավթված տարածքներում, և Ադրբեջանի տարածքներում»,- հավելեց նա:

Ի դեպ, Գարիկ Միսակյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Իրան-Ադրբեջան հարաբերություններում լուրջ խնդիրներ են արծարծվել, որոնք վերաբերել են կրոնական հարցերին, Իսրայելի ազդեցությանը:

Քանի որ օրերես Աշգաբադում Մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ պնդել էր, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում, Գարիկ Միսակյանից հետաքրքրվեցին, թե այս հարցի առնչությամբ իրանական կողմում դիրքորոշման փոփոխություն կա՞:

Ի պատասխան՝ նա նշեց. «Իրանի դիրքորոշումը միանշանակ չի փոխվել, և մշտապես ցանկացած առիթի ժամանակ շեշտվում է  տարածքային ամբողջականության և սահմանների անփոփոխելիության Իրանի կարմիր գծերի հանգամանքը, ինչը վերաբերում է հենց միջանցքին և  հայ-իրանական ցամաքային սահմանին: Այսինքն՝ Իրանի համար  այդ հատվածում տարածքային փոփոխություններն անթույլատրելի են, ինչն Իրանը չի թաքցնում:

Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր ապաշրջափակման խնդիրներին, ապա այս դեպքում՝ Իրանի գործիքակազմն այդքան էլ մեզ չէ ներազդելու, որովհետև եթե Հայաստանը համաձայնության գա Ադրբեջանի հետ, ապա Իրանը գործնականում չի կարող խոչընդոտել, եթե խնդիրը չվերաբերի նաև հայ-իրանական սահմանին»:

Տեսանյութեր

Լրահոս