Նիկոլ Փաշինյանի ընտանեկան փաստաբանը, համաքաղաքացին ու ՔՊ-ական պատգամավորը դարձան Վճռաբեկ դատարանի դատավորներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀ Ազգային ժողովը (ԱԺ) Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին:

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները:

«Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 68 պատգամավոր: Լիզա Գրիգորյանն ու Կարեն Թումանյանը չէին ստացել ոչ մի «կողմ» ձայն, Լիպարիտ Մելիքջանյանը ստացել էր 68 «կողմ» ձայն:

Երկրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Լուսինե Ավագյանի, Գևորգ Գյոզալյանի, Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել էր 67 պատգամավոր, որոնք բոլորն էլ  քվեարկել էին Գևորգ Գյոզալյանի օգտին:

Երրորդ պաշտոնի համար առաջադրվել էին Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի, Աղասի Մկոյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցած 67 պատգամավորները «կողմ» են քվեարկել Արթուր Դավթյանին:

Ամեն ինչ առավել քան կանխատեսելի էր: Օր ու գիշեր անկախ դատական համակարգի մասին շեփորահարող իշխանությունը՝ իր առաջնորդի գլխավորությամբ, ինչ-որ անհասկանալի «զուգադիպությամբ» դատավորներ է ընտրում մարդկանց, որոնց ընտրվելու փաստի որոշված լինելու մասին վաղուց խոսվում է, մամուլը գրում է, և այսօր դրա զուտ պաշտոնական արձանագրմանն ականատես եղանք:

Ընտրված դատավորների մասին… Գևորգ Գյոզալյանը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան փաստաբանն է արդեն մի քանի տարի: Մասնավորապես, ներկայացնում է Շուշան Փաշինյանի շահերն «իկրայի» գործով:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի էր տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Հայցը ներկայացվել է 2020թ. փետրվարի 26-ին: Գործը քննել էր Զարուհի Նախշքարյանը, ում նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել այն բանից հետո, երբ վերջինս վճիռ էր կայացրել Նարեկ Սամսոնյանի օգտին:

Երկու տարի առաջ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի՝ «Հայկական ժամանակ»ի հետ զրույցում ասել էր, որ հայցի պատճառը Սամսոնյանի կողմից հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է: Նա գրել էր, թե իբր վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում:

Պահանջել էին  հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել:

Լիպարիտ Մելիքջանյանը ԲԴԽ անդամ է, ծնունդով Իջևանից: Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացին նաև նրա տարեկիցն է: Դեռ երբ նոր էր տեղի ունեցել իշխանափոխությունը, և նա շարունակեց մնալ ԲԴԽ անդամ, մամուլը գրեց, որ Լիպարիտ Մելիքջանյանը անդարդ կպաշտոնավարի Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո: Դե, իսկ Վճռաբեկ տեղափոխվելը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. ՔՊ-ում յուրաքանչյուր քվեարկություն ըստ էության կատարվում է հեռախոսին ստացված մեկ հաղորդագրությամբ:

Ի դեպ, Լիպարիտ Մելիքջանյանը ԱԺ 2017թ. ընտրություններին «Ելք» դաշինքի թեկնածուներից էր, իսկ 2018թ. փետրվարի 27-ին  ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու էր՝ որպես ԲԴԽ անդամ։

Հաջորդը, ով դարձավ Վճռաբեկ դատարանի դատավոր, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանն է: Նա դատավոր դարձավ մի եռյակից, ուր կար Նաիրա Հովսեփյանի անունը: Նա վարչական դատարանի դատավոր է՝ դատավորի երկարամյա կենսագրությամբ: Նաիրա Հովսեփյանի անվան հետ կապված սկանդալներ չկան, գործընկերների շրջանում բավականին լավ համբավ ունի, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է միակ որդուն՝ Գևորգ Արշակյանին, ում անունով օրեր առաջ դպրոց անվանակոչվեց, ով իր ողջ երիտասարդ կյանքը նվիրաբերել էր Արցախը ճանաչելի ու սիրելի դարձնելուն, ապա չխնայեց նաև իր կյանքը:

Երեկ ողջ իշխանական մեդիան Նաիրա Հովսեփյանի՝ ԱԺ-ում ունեցած ողջ բովանդակալից ելույթը տարածում էր սոսկ «Պատերազմի, պարտության պատճառը կոռուպցիան է: Իմ կյանքի իմաստը ես տեսնում եմ այն հայրենիքի զարգացման մեջ, որ երազել է իմ որդին, որի համար կյանք է տվել որդիս ու նրա ընկերները: Դա համար ես դիմել եմ, որ դառնամ այդ դատարանի դատավոր» կոնտեքստի մեջ:

Այսօր այդ իշխանությունը Վճռաբեկ դատարանում ցանկացավ տեսնել ոչ թե Նաիրա Հովսեփյանին, այլ  յուրային Արթուր Դավթյանին:

Տեսանյութեր

Լրահոս