Ինչո՞ւ է ծիրանը թանկ, կարտոֆիլը թանկ. Կառավարությանը հարցրե՛ք. Հրաչ Բերբերյան

«Լարսի փակ լինելը մեր տնտեսությանը և գյուղատնտեսությանը վնաս տվեց»,- այսօր ասուլիսում  ասել է Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Խոսելով արտահանողների մասին, նա նշել է՝ կան պրովակատորներ:

«Լարսում սելավի պատճառով խնդիր է եղել՝ քարահոսք, մաքրել են, այսօր արդեն ճանապարհը բաց է, իսկ այն, որ ահագին ժամանակ է՝ հայկական մեքենաները Լարսում են ու չեն կարողանում անցնել, դա ուրիշ խնդիր է, մեր կառավարության աշխատանքի թերությունն է: Ոնց որ պարարտանյութը թանկ բերեցին, ժողովրդի վրա վաճառեցին, այդ սուբսիդիան էլ ստացան պատահական մարդիկ, որոնք կյանքում պարարտանյութի երեսը չէին տեսել: Շատ կասկածելի թանկ է դիզվառելիքի գինը գյուղացու համար՝ 650-700 դրամ է, և, բնականաբար, թունաքիմիկատները, որոնք էլի խփեցին գյուղացու գրպանին: Հետո էլ ասում են, թե ինչո՞ւ է ծիրանը թանկ, կարտոֆիլը՝ թանկ: Կառավարությանը հարցրե՛ք»,- նշել է Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ ձեթը, շաքարավազը թանկացրեցին, բայց ներկրողներից շատերը հին գներով գնած ալյուր, ձեթ ունեին:

«Ինչո՞ւ մի գիշերում որոշեցին բարձրացնել գինն ու սեփական ժողովրդին թալանել»,- հարց հնչեցրեց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահը՝ ընդգծելով, որ Կառավարությունը վերացրել է վերահսկողությունը՝ կապված ներկրողների, ինչպես նաև գնագոյացման հետ:

«Կառավարությունից աշխատավարձ են ստանում, բայց ոչինչ չեն անում: Բայց չէ՞ որ դա խփեց թոշակառուներին, բժիշկներին, ուսուցիչներին: Հայկական դրամի արժույթի բարձրացումն ինչի՞ է բերելու՝ աշխատատեղերի կրճատման, արտահանումների դանդաղեցման: Կարծում եմ՝ հարկավոր է, որ կառավարությունը դեմքով շուռ գա տնտեսություն: Ծիրանի միջակ բերք ունենք, տեղեր կան՝ ընդհանրապես ծիրան չկա: Մեղվաբուծությունն էլ Հայաստանում անկում է ապրում, քանի որ պտղատու ծառերի փոշոտումը դանդաղեց մեզ մոտ: Ի դեպ, ամբողջ աշխարհում է այդպես: Կարծում եմ՝ դեղձի վատ բերք չենք ունենա: Ծիրանը մինչև 300 դրամ է, շնորհավորում եմ հայ տնտեսվարողներին: Պետք է ուշադրություն դարձնել բանջարաբուծությանը, որը դոփում է տեղում: Դրդապատճառը մորմազգի ցեցն է, կառավարությունը գումարներ ծախսելով արդյունքի չի հասնում: Իսկ վերջին 4 տարում անասնագլխաքանակի 30-40 տոկոսը կորցրել ենք:

Տեսեք, մսի գինն ինչքան է բարձրացել, երեկ ընտրովի միսը 8000 դրամ էր, միջակ միսը՝ 3500-4000 էր: Համեմատած անցած տարվա հետ, որ ընտրովի միսը 4000 դրամ էր»,- նշել է Հրաչ Բերբերյանը:

Տեսանյութեր

Լրահոս