96-ամյա Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է ձեռնափայտից ու կրկին ձի է վարում. Daily Mail
Մեծ Բրիտանիայի 96–ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդը, հակառակվելով բժիշկների ցուցումին, վերադարձել է թամբին և նորից ձի է վարում՝ չնայած, որ վերջին շրջանում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ուներ և ձեռնափայտ էր օգտագործում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ նշելով, որ ընդամենը երկու օր ձեռնափայտ չօգտագործելուց հետո՝ թագուհին սկսել է ձի նստել։
«Թագուհին կրկին վայելում է իր ձիու վրա նստելը: Կրկին ձիավարությամբ զբաղվելը հրաշալի նշան է նրա առողջության հետ կապված այդ անհանգստություններից հետո: 96 տարեկանում դա անելը բավականին ուշագրավ է», – ասել է քաջատեղյակ աղբյուրը:
Աղբյուրը The Sun-ին ասել է, որ թագուհին 9 ամիս շարունակ ձիավարությամբ չէր զբաղվել և կարոտել էր։
Հիշեցնենք, որ թագուհին հաճախ էր ձիով մասնակցում «Trooping the Color»-ին, սակայն վերջին տարիներին այդ դերը ստանձնել էին նրա ընտանիքի անդամները:
Նա հավատարիմ ձիավոր է եղել այն ժամանակվանից, երբ 1929 թվականին՝ երեք տարեկանում, նրան պոնի են տվել, և իր ողջ հասուն կյանքում եղել է ձիարշավարանի հավատարիմ սեփականատեր և բուծող: