«Դա հացի սեղան չէր, դրանք բանակցություններ էին՝ հրաժարական տուր, ես կգամ քո տեղը, և քո նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի». Արամ Օրբելյան

«Վաղը կլինի կամ չի լինի հրապարակում, որովհետև ըստ էության ես ակնկալում եմ, որ պետք է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հետամուտ լինի մարդու իրավունքների պաշտպանությանը և չթողնի, որ արդար դատաքննության իրավունքը խաթարվի, ու պետք է վերսկսի վարույթը, որովհետև մի շարք հանգամանքներ չեն պարզել դատական նիստի ընթացքում»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ վաղը՝ հունիսի 23-ին, հրապարակվելիք որոշմանը:

Խախտումների թվում Արամ Օրբելյանը նշեց այն, որ անկախ վարույթին իրենց ներկա չգտնվելու հանգամանքից, եղել են ԲԴԽ անդամներ, ովքեր ցանկացել են հարցեր ուղղել Ռուբեն Վարդազարյանին, սակայն Խորհուրդը թույլ չի տվել դա անել:

«Ինքնին զավեշտալի է, որ դատավորը հարցեր ունի կողմին, բայց նրան զրկում են հարցեր տալու հնարավորությունից: Քննարկում տեղի ունեցավ Անի Մխիթարյանի և Գրիգոր Բեքմեզյանի միջև այս առումով: Ի սկզբանե պարզ էր, որ Բեքմեզյանը որոշում ունի արդեն»,- ասաց փաստաբանը:

Վերջինս անդրադարձավ նաև Գրիգոր Բեքմեզյանի այսօրվա հարցազրույցի այն հատվածին, որում վերջինս ասել է՝ Գագիկ Ջհանգիրյանը բացատրություններ է տվել իրենց ձայնագրության վերաբերյալ, և իր մոտ շատ հարցեր փարատվել են:

«Այդ հրապարակմանը ծանոթ եմ, և դա հիմք է հանդիսացել, որպեսզի ևս մեկ բացարկի միջնորդություն պատրաստենք, որը կներկայացնենք: Պարոն Բեքմեզյանը գտնվում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում գտնվող անձը պարզաբանումներ ստանալ պոտենցիալ մեկ այլ գործով կարգապահական վարույթ հարուցել-չհարուցելու վերաբերյալ ընդհանրապես իրավունք չունի: Ավելին, ԶԼՄ-ների հետ էլ քննարկելու իրավունք չունի այն հարցը, որի հետ կապված՝ ինքը գտնվում է խորհրդակցական սենյակում»,- ասաց Արամ Օրբելյանը:

Հարցի երկրորդ կողմը, ըստ փաստաբանի՝ այն է, որ Ռուբեն Վարդազարյանը տվել է հարցազրույց, որի վերաբերյալ Գրիգոր Բեքմեզյանը բացատրություն նրանից չի խնդրել, և երկու այլ գիտնականների հետ միասին հարուցել է կարգապահական վարույթ:

«Իր իրավունքն է: Բայց Վարդազարյանի դեպքում ոչ միայն բացատրություն չի ուզել, իսկ դա ճիշտ լուծումն է, այլև բացատրություն է ստացել Գագիկ Ջհանգիրյանից: Ավելին, երբ դատական նիստով խնդրել ենք հետաձգել, որպեսզի այդ պարզաբանումները ստանանք, նույնպես դեմ է արտահայտվել: Դեմ է արտահայտվել նաև, երբ իր գործընկերն է ցանկացել հարցեր ուղղել Ռուբեն Վարդազարյանին: Այսինքն՝ ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանի դեպքում խնդիր չկար, մի հատ քննարկեցին, բացատրություն տվեց, բավարարվեց: Չգիտեմ՝ ինչպես է բացատրել այն արտահայտությունները, ինչը կատարել է ԲԴԽ-ի կամ իր զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ, ինչն է բավարարել պարոն Բեքմեզյանին»,- տարակուսեց Արամ Օրբելյանը:

Հարցին՝ ենթադրենք՝ խախտում կա Ռուբեն Վարդազարյանի գործողություններում, արդյո՞ք լիազորությունների դադարեցումը միանգամից չափազանց խիստ միջոց չէ, նրա ներկայացուցիչը պատասխանեց՝ ոչ միայն խիստ է, այլև անընդունելի, ոչ իրավաչափ և ոչ համաչափ:

«Ձայնագրության խնդիրը չի եղել ինչ-որ մեկին վատություն անելը կամ կոմպրոմատով վախեցնելը: Խնդիրն այն էր, որ դռնփակ դատական նիստում այն ապացույց է իրավական արգումենտի համար, այսինքն՝ որ այս գործընթացն ունի թաքնված օրակարգ, այն է՝ հեռացնել Ռուբեն Վարդազարյանին, որպեսզի նրա տեղը զբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը»,- ասաց Արամ Օրբելյանը:

Անդրադառնալով ԲԴԽ տարածած հաղորդագրությանը, թե «չեն մեկնաբանում հացի սեղանի շուրջ տեղի ունեցած զրույցները», փաստաբանն ասաց՝ դա չի եղել հացի սեղան:

«Այն փաստը, որ սեղանի վրա հաց էր դրված, ուտելիք ու խմելիք կար, չի նշանակում, որ դա հացի սեղան էր դասական իմաստով: Մենք ի՞նչ ենք ուզում՝ դատարան, որը պետք է առաջնորդվի քրեական ենթամշակույթո՞վ, թե՞ օրենքի տառով: Փաստորեն ունենք ձայնագրություն, որի մեջ շատ ակնհայտ առնվազն կարգապահական պատասխանատվության և առաջին հայացքից Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարքների ինքնախոստովանություն կա, մենք քննարկում են՝ ճի՞շտ էր, թե՞ ոչ ձայնագրելը»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նա պնդեց՝ դա հացի սեղան չէր այն իմաստով, որ բարոյախրատական ուզում են քննարկել. սա բանակցություններ էին:

«Բանակցություններ էին առ այն, որ՝ հրաժարական տուր, ես կգամ քո տեղը, և քո նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս