Բաժիններ՝

2021թ. ՀՀ-ն գրանցել է էներգետիկ անվտանգության ամենացածր ցուցանիշը վերջին 20 տարիների ընթացքում. Վահե Դավթյան

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հերթական հանդիպումը։

Ու մինչ այս ու այլ ձևաչափերով քննարկվում են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցեր՝ Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքով պահանջները բարձրաձայնելու պրակտիկան:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վաղեմի երազանքի՝ «Զանգեզուրի միջանցք»-ի և այն որպես էներգիայի արտահանման կենսունակ ճանապարհ դիտարկելու մասին հայտարարությունները վերաշարադրել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը: Նա պատմել է դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու Բաքվի հեռանկարների մասին՝ կրկին սպառնալով ուժով բացել ճանապարհը, եթե Հայաստանը հետ կանգնի ձեռք բերված պայմանավորվածություններից:

Պարզ է, որ այս սցենարի հնարավոր իրականացման դեպքում Հայաստանն առերեսվելու է անվտանգային լրջագույն ռիսկերի: Հասարակական, քաղաքական ու փորձագիտական տարբեր շրջանակներ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են առկա իրավիճակում ապաշրջափակման վտանգները՝ այն համարելով իրական շրջափակում Հայաստանի համար:

168.am-ի հետ զրույցում «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադառնալով մասնավորապես էներգետիկ անվտանգության սպառնալիքներին՝ կարևորեց շուկայի ազատականացման մոդելի վերանայման անհրաժեշտությունը, ազգային էներգետիկ քաղաքականության մշակումը:

«Ադրբեջանը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր չուներ էներգետիկ այնպիսի հզորություններ, որոնք թույլ կտային զարգացնել նաև արտահանումը, վերջին տարիներին ակտիվորեն ստեղծում է այդ հզորությունները, և տեսնում ենք՝ ինչպես է տարեցտարի ավելացնում սեփական ազդեցությունը Վրաստանի էներգետիկ շուկայում, Իրանում: 2021թ. դրությամբ՝ Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 25-26 %, և հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում նույնչափ ավելացել է Ադրբեջանից Իրան արտահանման ծավաները»,- արձանագրեց փորձագետը:

Ի դեպ, նա այս միտումը համարեց շարունակական՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ու Իրանի միջև կա էներգետիկ երկխոսություն, բազմաթիվ էներգետիկ նախագծերի շրջանակներում ակտիվ համագործակցություն:

«Դիրքավորվելով տարածաշրջանային շուկայում՝ Ադրբեջանը փորձում է դուրս գալ նաև եվրոպական շուկա: Այս առումով իրականացվում է երկու հիմնական ռազմավարություն. քննարկվում է Սև ծովի հատակով էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծ, և մյուսը՝ ադրբեջանցի փոխնախարարի մատնանշած «միջանցքով» էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա և Եվրոպա,- հավելեց նա, ապա անդրադառնալով վերջին սցենարի իրականացման դեպքում Հայաստանին սպառնացող վտանգներին՝ մանրամասնեց,- ՀՀ էներգետիկ շուկայի՝ 2022թ. փետրվարի 1 ից ազատականացումը նշանակում է, որ այն ընկերությունները (երկու թրեյդինգային ընկերությունները), որոնք լիցենզավորված են կառավարության կողմից, հնարավորություն և իրավունք են ստացել նաև ավելի էժան էլեկտրաէներգիա ներկրելու արտաքին շուկաներից: Սակայն, ինչպես միջազգային պրակտիկան է ցույց տալիս, տարանցումը, որպես կանոն, չի ավարտվում հենց այդ գործառույթով. ինչ-որ մի պահից սկսում է նաև բավականին լուրջ ազդեցություն ունենալ տարանցվող երկրի ներքին շուկայի կոնյունկտուրայի վրա: Այս պարագայում պետք չէ բացառել, որ Ադրբեջանը նույն դեմպինգի՝ գնի արհեստական իջեցման ճանապարհով կփորձի ապագայում դիրքավորվել ՀՀ էներգետիկ շուկայում, ինչը ռիսկային է թե՛ազգային անվտանգության, թե՛ էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Նկատենք՝ ՀՀ Էներգետիկ համակարգն ավելցուկային է, և այն առավելապես պետք է խարսխված լինի արտահանման ռազմավարության վրա, մինչդեռ ստեղծված իրավիճակում մենք աստիճանաբար դիրքավորվում ենք՝ որպես էլեկտրաէներգիա ներկրող պետություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով, այդ թվում՝ սակագնային»:

Հարցին, թե այսօր օրենսդրական որևէ կարգավորում չկա՞, որը նման զարգացումների դեպքում կպաշտպանի ներքին շուկան, Վահե Դավթյանը պատասխանեց. «Նախկինում կար, բայց երբ 2022թ. փետրվարի 1-ից կիրառվեց արդեն նոր՝ շուկայական կարգավորման մոդելը, այդ լիցենզավորված ընկերությունները հնարավորություն և իրավունք ունեն արտաքին շուկաներից էլեկտրաէներգիա ներկրել. Վրաստանից փոքր ծավաներով ներկրումն արդեն իսկ սկսվել է:

Եթե կյանքի կոչվի այդ «միջանցքային» սցենարը, ապա ակնհայտ է՝ այդ ընկերությունները հնարավորություն կստանան ներկրում իրականացնել նաև Ադրբեջանից»:

Էներգետիկ անվտանգության փորձագետը հիշեցրեց՝ այս հարցում, բացի Ադրբեջանից՝ որոշակի ռիսկեր կան նաև Թուրքիայից, որովհետև 2025թ. Թուրքիան նախատեսում է անցում կատարել էլեկտրաէներգիայի արտահանման ռազմավարությանը:

«Այդ ռիսկերն առավել քան շոշափելի են, և այսօր հստակ ազգային էներգետիկ քաղաքականություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք առաջ տանել Հայաստանից էներգիայի արտահանումը, հակառակ դեպքում՝ մենք ունենալու ենք շատ բացասական պատկեր ներքին համակարգում: Ավելցուկային համակարգի դեպքում պետք է բացառապես արտահանումն ավելացնելով՝ կարողանանք բարձրացնել էներգետիկ համակարգի ՕԳԳ-ն, և դրա արդյունքում նաև՝ նպաստել սակագների նվազեցմանը»,- հավելեց նա:

Վահե Դավթյանի համոզմամբ՝ ազատականացման ճանապարհով գնալու համար պետք է ունենալ կայացած և արդյունավետ շուկա, անվտանգային համակարգ, ինչը, սակայն, մեր պարագայում իրատեսական չէ: Որպես ասվածի ապացույց՝ նա տեղեկացրեց՝ Միջազգային էներգետիկ խորհրդի ինդեքսավորմամբ՝ 2021թ. ՀՀ-ն գրանցել է էներգետիկ անվտանգության ամենացածր ցուցանիշը վերջին 20 տարիների ընթացքում:

«Եվ այս պարագայում ազատականացման՝ պետության դերակատարումը շուկայում նվազեցնելու ճանապարհով գնալը ստեղծում է լուրջ անվտանգային ռիսկեր: Օրենսդրական մասով՝ պետք է վերանայվի ազատականացման մոդելը, մենք պետք է ունենանք էներգետիկ անվտանգության երկարաժամկետ դոկտրին՝ մինչդեռ ունենք ընդամենը ծրագիր, որը չունի այն բազային անվտանգային հարցերի պատասխանները, որոնք բարձրաձայնում ենք»,- եզրափակեց փորձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս