Պետության զավթումը

Արդեն շուրջ երկու տարի Հայաստանն ապրում է աննորմալ, ալոգիկ վիճակում։ Դա առաջին հերթին վերաբերում է պետությանն ընդհանրապես, պետական կառավարման համակարգին՝ մասնավորապես։

Պետական կառավարման համակարգը՝ որպես հավաքական ինստիտուցիա, կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ դրանում գործում է ինքնապահպանման, ինքնապաշտպանության բնազդ։ Այսինքն՝ համակարգն ինքը պետք է ունակ լինի պաշտպանելու իրեն՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին ոտնձգություններից։ Այդ իմաստով պետական կառավարման համակարգի ինքնապաշտպանության-ինքնապահպանման ֆունկցիան գրեթե նույնական է պետության պաշտպանության գործառույթի հետ։ Հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի իրականացրած գրեթե բոլոր քայլերը միտված են Հայաստանի պետության ու պետականության թուլացմանը։

Նիկոլ Փաշինյանը ջլատել է զինված ուժերը, ոստիկանությունն ու ուժային կառույցները վերածվել են մեծաքանակ թիկնազորի, դատական համակարգում խայտառակ իրավիճակ է, կրթությունն ամեն օր կուսակցականացվում է։ Պետության թուլացմանն ուղղված ներքին քայլերի այս շարքը կարելի է շատ երկար շարունակել։ Շատ ավելի ողբերգական վիճակ է արտաքին քաղաքական ասպարեզում։

Նիկոլ Փաշինյանը հեզաբարո հարսի նման համաձայնում է Ադրբեջանի ու Թուրքիայի ցանկացած պահանջի, գրեթե ամբողջությամբ ձեռքերը լվացել է Արցախի խնդրից, հանուն «խաղաղության դարաշրջանի» պատրաստ է տարածքներ զիջել նաև Հայաստանից, որի սուվերեն տարածքում, մեկ տարուց ավելի է՝ տեղակայվել է ադրբեջանական զինուժը։

Մի խոսքով, Հայաստանը՝ որպես պետություն, Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից գրեթե ամեն օր ենթարկվում է ներքին ու արտաքին հարվածների, սակայն պետական կառավարման համակարգն այդ հարվածներին արձագանքում է գրեթե զրոյական դիմադրությամբ։ Չկան զինված ուժերում համակարգային ինքնապահպանման մասին վկայող տեղեկություններ, բացակայում են ոստիկանությունն ախրանայի վերածելու քայլերից բորբոքված իրական սպաների բողոքի մասին լուրերը, դիվանագետները խոնարհաբար զբաղված են հերթական զիջման փաստաթղթավորմամբ։

Այսպիսով, պետական կառավարման համակարգը՝ առանձին ենթահամակարգերով ու ամբողջության մեջ, զրկվել է ինքնապաշտպանության-ինքնապահպանման կարողությունից և զբաղված է ընդամենը մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման նպատակի իրագործմամբ։

Այսինքն, տեղի է ունեցել պետության, պետական կառավարման համակարգի գաղափարաբանական, իմաստաբանական խեղում՝ պետության պահպանության նպատակը փոխարինվել է իշխանությունը զբաղեցնողի իշխանության պահպանման նպատակով։ Դա նշանակում է, որ բովանդակային իմաստով Հայաստանը ոչ թե պետություն է, այլ պսևդոպետություն, որը զբաղեցրել է իրական պետության դերն ու պետական կառավարման համակարգի սահմանադրաստեղծ նպատակը՝ պետության պաշտպանությունը, փոխարինել է իշխանապահպանության ճղճիմ նպատակով։

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն իրապես փրկել ցանկացողները պետք է հանդես գան պետության ստեղծման պայմանական նախագծով, եթե անգամ սկզբնական փուլում խոսքը կարող է վերաբերել զուգահեռ պետությանը։

Այն պետք է կայացնել այնպես, որ մի օր դա փոխարինի իրական պետության տեղն այսօր զավթած պսևդոպետությանը, որը Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն նույնացնում է ինքն իր հետ։

Հակառակ դեպքում Հայաստանից կարող է մնալ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ դրանից բխող բոլոր անպետութենական հետևանքներով։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս