«Հնարավորություն ունեիք դեռ հոկտեմբերի 19-ին դադարեցնել պատերազմը»․ գովեստներ, շնորհակալություններ, ջերմ զրույց․ Խաչատուրյան-Պուտին հանդիպման «թաքնված» կողմը

Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է և զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես սովորաբար վերջերս տեղի է ունենում, ռուսական և հայկական կողմերի տարածած հաղորդագրություններում պաշտոնական խոսքերի միջև էական տարբերություններ են տեղ գտել։

ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru կայքը ևս պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը մի քանի ուշագրավ պարբերությամբ ավելի է հայկական կողմի տարածած հաղորդագրությունից։

Նախ նշենք, որ ՀՀ նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն, Խաչատուրյանը, անդրադառնալով ՌԴ նախագահի ջանքերին 44-օրյա պատերազմի դադարեցման գործում, ասել է․

«Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն»։

Այսինքն՝ ՀՀ նախագահականի տարածած հաղորդագրությունում շեշտը դրվել է հետպատերազմյան եռակողմ փաստաթղթերի պահպանման անհրաժեշտության վրա` առանց բացահայտելու զրույցի ընթացքում Խաչատուրյանի խոսքի ողջ ծավալը, այլ ուշագրավ մանրամասները, որը բավականին ջերմ էր ռուսական կողմի և անձամբ ՌԴ նախագահի հանդեպ։

Հարկ է նկատել, որ ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում տարբեր դրվագներով Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնում Պուտինին, գովում նրա ջանքերը, հույս հայտնում, որ ՌԴ տնտեսությունը կհաղթահարի ստեղծված իրավիճակը, նշում, որ ֆորումի քննարկումները չափազանց հետաքրքիր էին նրա համար, ընդգծում, որ համաձայն է Պուտինի ելույթում տեղ գտած տնտեսական եզրակացությունների հետ, նշում է, որ ուրախ է լսել այդ քննարկումները, և շնորհակալ, որ հրավիրել է։

Խաչատուրյանը նաև նշել է․ «Այն, ինչ կցանկանայի ասել, իմ անձնական երախտագիտությունը հայտնել ձեզ հետ ծանոթանալու և հանդիպելու այս հնարավորության համար: Որպես մարդ, դա ինձ համար մեծ պատիվ է. այո՛, այդպես է, ես ձեզ բաց, անկեղծ կասեմ։ Ես նման հնարավորություն չունեի նույնիսկ 90-ականներին. մենք կարող էինք հանդիպել որպես գործընկերներ, ես այն ժամանակ աշխատում էի՝ որպես քաղաքի քաղաքապետ, դուք աշխատում էիք Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում, այդպես եղավ։ Այնուամենայնիվ, դա մեծ պատիվ է ինձ համար»:

Ռուսական կողմի տարածած պաշտոնական տեքստի համաձայն, Խաչատուրյանը նաև ասել է հետևյալը՝ 44-օրյա պատերազմի մասին.

«Իրականում մենք ցանկանում էինք ավելի վաղ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ ձեր ջանքերը։ Դուք հնարավորություն ունեիք դեռ հոկտեմբերի 19-ին (2020թ.), այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի (Լավրովի) հետ, երբ նա Երևանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին (2020թ․) պատերազմը դադարեցվեց, բայց ամենակարևորը դադարեցվեց։ Եվ դրանից հետո Ձեր ջանքերը՝ ապահովելու, որպեսզի ռազմական գործողություններ տեղի չունենան, որպեսզի Ձեր, ՀՀ վարչապետի և [Ադրբեջանի] նախագահի միջև պայմանավորվածությունները փաստացի ամրապնդվեն և պահպանվեն՝ դա ևս չափազանց կարևոր է մեզ համար»։

Նշենք նաև, որ նախագահների խոսքերը թե՛ Երևանը, թե՛ Մոսկվան ներկայացրել են ուղիղ խոսքի տեսքով, ինչը ենթադրում է, որ խոսքը չէր կարող իմաստային փոփոխությունների ենթարկվել։ Սակայն Երևանը փաստորեն Խաչատուրյանի խոսքը՝ պատերազմը ռուսական կողմից ավելի վաղ դադարեցնելու պատրաստակամության մասին, ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ամբողջությամբ չի ներկայացրել։ Ամբողջությամբ չի ներկայացվել նաև Խաչատուրյանի ջերմ խոսքն ուղղված ՌԴ նախագահին։

Տեսանյութեր

Լրահոս