«Հայաստանում իրավիճակ փոխելու համար պետք է գիտնականների ներգաղթ կազմակերպել». Նաիրա Հովակիմյան

Գիտնական, մաթեմատիկոս, Իլինոյսի համալսարանի Մեխանիկայի գիտության և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի կարծիքով՝ Հայաստանում տարբեր արտադրություններ դեռ բավականաչափ չեն զարգացել, որպեսզի հնարավոր լինի թռչող մեքենաների կամ ԱԹՍ-ների արտադրությունը մեծ տեմպերով արագ առաջ տանել:

«Ես լսել եմ, որ կան շատ ընկերություններ, որոնք արտադրում են ԱԹՍ-ներ, հարցն այն է, թե դրանք ինչ խնդիրներ կլուծեն, և այդ խնդիրների լուծումը ինչ գնային սահմանաչափում կլինի: Օրինակ՝ եթե մեկ ԱԹՍ-ի վրա ամրացնենք 6 տարբեր տեսախցիկներ, նրանք կկարողանան մեզ բավականաչափ նկարներ բերել, բայց նրանք 5-6 տեսախցիկով կթռչեն ընդամենը 15-20 րոպե կամ 1 ժամ, ոչ ավելին, նրանց լիցքավորման կարիք կլինի: Իսկ 1 տեսախցիկով ԱԹՍ-ն կարող է 5-6 ժամ թռչել, քանի որ թեթև քաշի դեպքում թռիչքի տևողությունը կերկարի, բայց մեկ տեսախցիկով նրանք այդքան նկար ստանալ չեն կարող: Մյուս հարցը՝ արդյո՞ք ունենք այն գիտական ալգորիթմները, որոնք մնացած 5 տեսախցիկները, որոնք հեռացրինք, դրանց գործը կանեն ամենաօպտիմալ ձևով: Այսինքն՝ գիտությունը կարող է այդ բացերը լրացնել: Դա կախված է նրանից, թե ԱԹՍ արտադրող ընկերություններն ինչ գիտնականներ ունեն, նրանք ինչպիսի հետազոտությունների են տիրապետում, և ինչ գնային սահմանաչափում ինչ առաջարկներ կկարողանան անել: Ես բոլորովին չեմ կասկածում, որ Հայաստանում կլինեն ԱԹՍ-ներ, բայց թե նրանք ինչ խնդիր կլուծեն և ինչ ձևով, նրանք կլինեն մեր «Ժիգուլիների» զարգացած տեսա՞կը, թե՞ «Տեսլա»-ի կարգի ԱԹՍ-ներ կլինեն, դա է խնդիրը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

2016թ. ապրիլյան պատերազմից հետո իր հարցազրույցներից մեկում Նաիրա Հովակիմյանը նշել էր, որ լրիվ իրական է համարում՝ մի քանի տարվա ընթացքում պատրաստել մոտ 100 համաշխարհային մակարդակի գիտնականներ, որոնք կաշխատեն Հայաստանում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաները:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս տարիների ընթացքում դրական  տեղաշարժ եղել է այս հարցում, ի՞նչ է պետք նման կարևորագույն գաղափարի իրականացման համար:

«2016թ. ի վեր Հայաստանում տեղի են ունեցել բավականաչափ զարգացումներ, ստեղծվել են տարբեր հիմնադրամներ, որոնք աջակցում են գիտության զարգացմանը: Զարգացումներ շատ կան, բայց չկա համակարգված զարգացում: Հայաստանն այսօր չունի ժամանակակից աշխարհում մրցունակ, այսպես ասած՝ պրոֆեսորիատ,  միգուցե ունենք մի քանի հայտնի գիտնականներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ, բժիշկներ, և այլն, բայց մենք չունենք համակարգված պրոֆեսորիատի զարգացում Հայաստանում: Երբ Հայաստանում կունենանք ժամանակակից մտածելակերպով աշխատող պրոֆեսորներ, որոնք հետ չեն մնում ժամանակակից գիտաժողովներից, անընդհատ տպագրվում են միջազգային ամսագրերում, այդ ժամանակ նոր մենք կունենանք այն գիտական մեծ տեղաշարժը՝ արդի մեթոդներով մտածող պրոֆեսորներով, ովքեր կկարողանան փոխել Հայաստանի ներքին արդյունաբերական պրոցեսները՝ ավելի օպտիմալ աշխատելու ուղղությամբ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Գիտնականի կարծիքով՝ առաջին հերթին, մտքի առաջնորդների պակաս կա Հայաստանում. «Մենք ունենք առաջատար մտածողների պակաս, մենք Հայաստանում ունենք մարդկանց պակաս, ովքեր կարող են ոտքի կանգնել և համարձակ ձևով փորձել հայ գիտնականների ներգաղթ կազմակերպել: Պետք է դրսից հայ գիտնականներին կարողանանք բերել: Իսկ այդ պրոցեսը տրիվիալ չէ: Գիտությունը զարգանում է, երբ կա ճիշտ մշակույթ, իսկ այս պահին մեզ մոտ այդ մշակույթը, թերևս, բացակայում է: Որպեսզի այդ մշակույթը ստեղծենք, պետք է կարողանանք 1-2 տարվա մեջ բավականաչափ մեծ ներգաղթ կազմակերպել: Հայաստանում դրա բոլոր հնարավորությունները կան՝ ֆինանսների առումով, պարզապես չկան այն առաջատարները, մարդիկ, ովքեր ի պաշտոնե ունեն այդ հնարավորություններն ու լիազորությունները՝ դրսում ճիշտ անձանց գտնելու, նրանց հետ բանակցելու, նրանց ներգաղթը կազմակերպելու համար»:

Պրոֆեսորն ընդգծեց. «Եթե ուզում ենք Հայաստանում իրավիճակ փոխել, պետք է գիտնականների ներգաղթ կազմակերպենք: Եթե կարողանանք դրսում ապրող մեր գիտնականներին ցույց տալ այն բոլոր հնարավորությունները, որ նրանք կունենան Հայաստանում նոր գիտական դպրոցներ ձևավորելու համար, և կարողանանք նրանց ապացուցել, որ Հայաստան գալով՝ նրանք իրենց մասնագիտական զարգացման մեջ հետ չեն ընկնի, կկարողանան շարունակել տպագրվել նույն միջազգային ամսագրերում, գիտաժողովներում, կկարողանան մասնակցել նույն գիտաժողովներին, որոնց նրանք հիմա ակտիվորեն մասնակցում են, Հայաստանում կունենան նույն լաբորատոր հնարավորությունները և նույն միջավայրը, իսկ միջավայրի համար պետք է մասսայական ներգաղթ կազմակերպել, ինձ թվում է՝ որոշ գիտնականներ կգան Հայաստան: Եթե փորձենք 100-ին մոտենալ նման առաջարկով, թերևս, կկարողանանք 25-ին ներս բերել, իսկ դա կլինի հաջողություն»:

Դիտարկմանը՝ բայց դա ֆինանսական լուրջ ռեսուրսներ է ենթադրում, նա արձագանքեց. «Այդ ֆինանսական ռեսուրսները կան Հայաստանում, պարզապես, կազմակերպել և համակարգել է պետք: Երբ ես շփվում եմ տարբեր միջավայրերում, շատ եմ լսում տարբեր խմբերից, թե որքան փոքրաթիվ դրամաշնորհներ են նրանք ստանում: Եթե մենք այդ բոլոր աղբյուրները համակարգենք, կկարողանանք գրել այն աշխատանքային առաջարկները, որոնք կարող են հրապուրիչ լինել դրսում մեր երիտասարդ գիտնականների համար, ովքեր նոր ավարտում են և փորձում են աշխատանք գտնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս