
Գորտերի, լյարդի ու մակարոնի գիտակները սիրում են այցելել Կիև. Մեդվեդևը՝ Մակրոնի, Շոլցի և Դրագիի այցի մասին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ այսօր՝ հունիսի 16-ին, գնացքով Կիև ժամանած Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը «զրո օգուտ» կբերի, քանի որ հաուբիցների մատակարարումը Ուկրաինային չի մոտեցնում խաղաղության:
«Այ, սիրում են գորտերի, լյարդի ու մակարոնի գիտակներն այցելել Կիև: Օգուտը՝ զրո: Նորից խոստացել են ԵՄ անդամակցություն, հին հաուբիցներ… և ինչպես հարյուր տարի՝ գնացքով տուն: Եվ ամեն ինչ լավ է: Միայն թե դա Ուկրաինային ոչ մի կերպ չի մոտեցնում խաղաղությանը: Իսկ ժամանակն անցնում է», – գրել է Մեդվեդևը:
Երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալն իր նոր գրառումը հրապարակել է ոչ թե Ռուսաստանի Դաշնությունում թույլատրված Telegram ալիքում, այլ Ռուսաստանում արգելափակված Twitter-ում։