Այստեղ ես տեսա նաև իմ ընտանիքի պատմությունը. Նոբելյան մրցանակի դափնեկիրը գրառում է կատարել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

Հայազգի գիտնական, առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը հունիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրությունից։

Հյուրին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Արտեմ Փաթափությանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև նրան ուղեկցողները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ներկաները Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Արտեմ Փաթափությանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով, որ այստեղ նա տեսավ նաև իր ընտանիքի պատմությունը, որը Ցեղասպանության տարիներին ևս ենթարկվել էր բռնագաղթի:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Էդիտա Գզոյանը հայազգի գիտնականին է նվիրել վերջերս իր աշխատասիրությամբ ՀՑԹԻ հրատարակությամբ լույս տեսած «Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը:

Այցի ավարտին Արտեմ Փաթափությանը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:

Տեսանյութեր

Լրահոս