«ԵՊՀ շրջանավարտների առնվազն մի մասը տեղեկացված չի եղել, որ մասնակցելու է Փաշինյանը, դիտմամբ չեն տեղեկացրել, որպեսզի մարդիկ ներկա լինեն». Մենուա Սողոմոնյան

Հունիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտներին նվիրված երեկո, որին մասնակցել է իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երեկոյին ներկա են եղել Պաշտպանության, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարները, ԱԺ փոխնախագահները, ԵՊՀ ռեկտորը, ՔՊ-ական պատգամավորներ և այլք։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ դասախոս, դոցենտ Մենուա Սողոմոնյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող այս միջոցառումը, որին մասնակցելու համար ապահովել էին ԵՊՀ դասախոսների ներկայությունը, բնորոշեց վտանգավոր ու բացասական: Ինչպես  նաև՝ հիասթափեցնող։

«Սա եղել է ԵՊՀ շրջանավարտներին նվիրված միջոցառում, սակայն նրանց առնվազն մի մասը տեղեկացված չի եղել, որ այս միջոցառմանը մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։ Համոզված եմ, որ դիտմամբ չեն տեղեկացրել, որպեսզի այդ մարդիկ ներկա լինեն։ Շատերն այնտեղ եղել են շոկային վիճակում, մի մասը հենց սկզբից է լքել դահլիճը, մի մասն էլ մնացել է, բայց խաբված ու ճնշված վիճակում։

Շատ են եղել դասախոսներ, որոնք իմանալով, որ ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը, լքել են դահլիճը։ Այստեղ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հանգամանքն են նույնիսկ օգտագործել, որը ներկա է եղել միջոցառմանը, և այս ամենի իմաստն այն է եղել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գա, ելույթ ունենա, սահմանի համալսարանի տեսլականը՝ իր ասածով մինչև 2050 թվական Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ, որ ԵՊՆ-ն  լինի 200 լավագույն բուհերի կազմում և այլն, իսկ ամենից հետո նրան ծափահարեն։ Սրանով ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որ Նիկոլ Փաշինյանի դրածոն է, փորձ արեց հակադրելու նրան, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ ԵՊՀ-ն՝ ի դեմս գիտական խորհրդի, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՝ տեսեք, ես համալսարանը բերեցի այնպիսի վիճակի, որ համալսարանը ծափահարում է Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։

Ըստ նրա, միջոցառմանը եղել են համալսարանականներ, որոնք իմանալով հանդերձ, որ համալսարանի գիտխորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջել, մի կողմ թողնելով համալսարանականի պատվի բարձր զգացումը՝ իրենց մասնակցությամբ ու ներկայությամբ թույլ են տվել, որ տեղի ունենա ԵՊՀ-ի հերթական նսեմացումը։

«Այս ամենը Հովհաննես Հովհաննիսյանը ծառայեցրել է օրվա քաղաքական իշխանությունների պատվերին՝ հասարակությանը ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանն իբր ընդունված է, լեգիտիմ է համալսարանականների կողմից։

Նիկոլ Փաշինյանը և Հովհաննես Հովհաննիսյանը սա են ցանկացել՝ ցույց տալ հասարակությանը, ցույց տալ նաև այն համալսարանի դեմքը, որը 1988 թվականի արցախյան առաջատար օջախներից էր։ Հիմա այդ համալսարանին ցույց են տալիս այնպիսի վիճակում, որը իբր համաձայնություն է տալիս Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցում։

Ի դեպ,  նույն օրն ԱԺ իր ելույթում այն գիծն էր առաջ տանում, որ Արցախը դառնալու է Ադրբեջանի մաս»,- հավելեց Մ. Սողոմոնյանը։

Ըստ նրա, նմանատիպ հարցերի լուծման համար է Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Հովհաննիսյանին դարձրել ԵՊՀ ռեկտոր և համալսարանի կանոնադրության մեջ այնպիսի փոփոխություններ է արել, որ համապատասխանեն Հովհաննես Հովհաննիսյանի չափանիշներին։

«Սրանով Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ծառայություն է մատուցվում, որպեսզի իր պաշտոնն իշխանությունների կողմից հաստատուն լինի։ Այսպիսի խայտառակ գործարք է տեղի  ունենում, և ամենաաբսուրդն այն է, որ ԵՊՀ-ն, որ Խորհրդային բռնաճնշումների պայմաններում ռեկտոր Սերգեյ Համբարձումյանն ազատ ու անկաշկանդ ելույթներ էր ունենում Գերագույն խորհրդում և քննադատում էր կայսրության քաղաքականությունը, այսօր նման կերպ է իրեն դրսևորում։ Այսօր ստեղծել են մի իրավիճակ, թե՝ տեսեք, ԵՊՀ-ն ծափահարելով Նիկոլ Փաշինյանին՝ ցույց է տալիս, որ համաձայն է նրա այն դիրքորոշման հետ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս