ՀՀ–ում Սորոսի գործունեության կասեցման պահանջով աղմկահարույց գործը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով Հայաստանում կասեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը։ Փաստաբանը պարզել է, որ այն անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող մի կազմակերպություն է, որը շուրջ 25 տարի Հայաստանում գումարներ է ծախսում տարբեր «ամպագոռգոռ» գաղափարների համար, սակայն նրանց իրական ծրագրերը, ըստ նրա՝ դրանց հետ ոչ մի կապ չունեն:
«Իմ համոզմամբ՝ Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունը, հասցնել ազգային աղետի ու մեզ համար սարսափելի ավարտի»,- այսօրվա ասուլիսում հայտարարել էր Տիգրան Աթանեսյանը:
168․am-ին հայտնի դարձավ, որ այս աղմկահարույց գործը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին։
Նա ծնվել է 1958 թվականին, Թբիլիսի քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ 1990 թվականին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում նախ՝ որպես իրավախորհրդատու, ապա՝ առաջին բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Բնապահպանության դատախազությունում՝ որպես դատախազի օգնական, ապա՝ ավագ օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականն եղել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի ավագ օգնականը։
1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2002 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: