«Հնարավոր է վրանները հանելու որոշում կայացվի, որովհետև այդ հավաքը չարտոնված է․ թող գնան Օպերայի հայաթում հավաք անեն»․ Արմեն Խաչատրյան
«ԱԺ նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցի հետ կապված որևէ բան չենք արել, կամ էլ ես այդքան տեղեկացված չեմ, բայց բացակաները ստանում են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Պատգամավորը հավելեց, որ Ազգային ժողովի նիստերին ներկա չգտնվող պատգամավորները բացականեր են ստանում, որը հետևանքներ է ունենում՝ աշխատավարձի վրա է ազդում։
Ճշտող հարցին՝ մանդատներից զրկելու հարց քննարկվե՞լ է, Խաչատրյանը պատասխանեց
«Ոչ, դեռևս որևէ բան չի քննարկվել»։
Մի քանի րոպե այլ թեմաների վերաբերյալ խոսելուց հետո, լրագրողները կրկին նույնաբովանդակ հարց ուղղեցին պատգամավորին։ Խմբակցությունում չի՞ քննարկվել բացակայող պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ Այս անգամ Արմեն Խաչատրյանը նախորդին հակասող պատասխան տվեց․
«Այդ հարցը մենք ամենօրյա ռեժիմով էլ քննարկում ենք մեկս մյուսի հետ, տարբեր ֆորմատներով, դեռևս որևէ որոշում չկա։ Հնարավոր է՝ քննարկում ենք հանձնաժողովում, հնարավոր է՝ քննարկում ենք մի քանի խմբով, մենք հո այդ հարցի մասին չե՞նք լռում, բոլորս էլ քննարկում ենք, մեկս մյուսի կարծիքն անպայման ուզում ենք իմանալ, բայց կարծիքները տարբեր են։ Ամեն դեպքում մենք շատ կցանկանանք, որպեսզի պատգամավորները վերադառնան և զբաղվեն իրենց գործառութային պարտականություններով»։
Ճշտող հարցին՝ իշխող ուժի հակվածությունը ո՞րն է, զրկե՞լ նրանց մանդատներից, թե՞ ոչ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, թե իշխող ուժի հակվածությունը դեռևս պայմանավորված է ընդդիմության վարքագծով․
«Մենք կտեսնենք՝ ինչպիսի դրսևորումներ են լինում այդ վարքագծի մեջ, ըստ այդմ արդեն որոշում կկայացվի․․․»։
Անդրադառնալով ընդդիմության փողոցային պայքարին, ինչպես նաև հունիսի 3-ին խաղաղ ցուցարարների ուղղությամբ ոստիկանության ծառայողների լուսաձայնային նռնակներ կիրառելուն, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ ոստիկանությունն այդ պահին պարտավոր էր հատուկ միջոց կիրառել․
«Իմ դիտարկմամբ՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել, մի քիչ էլ ավելի հանդուրժողական են եղել, որովհետև զանգվածային անկարգությունների պայմաններում ոստիկանությունն արդեն պարտավոր էր հատուկ միջոց կիրառել, այդ հատուկ միջոցն այն ամենաթեթև հատուկ միջոցներից էր, որ կարող էր այդ պահին կիրառվել։ Ոստիկանության գործողություններին գնահատական տալու համար եկեք այս 1 էպիզոդը չնայենք, եկեք հետ գնանք ևս 1.5 ամիս առաջ։ 1.5-2 ամիս է՝ ոստիկանությունն օրուգիշեր ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է ապահովում, և որևէ անգամ հատուկ միջոցներ չեն կիրառվել, անգամ չեն կիրառվել հատուկ պաշտպանական միջոցներ, սաղավարտ, ռետինե մահակ և այլն, դա տեսանք վերջում։ Երբ ոստիկանության այդպիսի գործողությունները բերում են այն արդյունքին, որ արդեն զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, սա նշանակում է, որ ոստիկանության այն գործողությունները չեն կանխել և չեն նախականխել, պրոֆիլակտիկ չեն եղել և շարունակվել են, մի տեղ էլ զարգացել և արդեն դարձել էր զանգվածային անկարգություն։ Հետևաբար՝ ոստիկանությունն իր տակտիկան պետք է փոխի, արդեն կոշտացնի որոշակի առումով, ինչը և արել է, թեև ասում եմ՝ այդքան էլ կոշտ չի եղել․․․»։
Իշխանական պատգամավորն ասաց, թե իրենք քաղաքացիների կողմից «ուժեղ ճնշման տակ» են հիմա, պահանջում են, որպեսզի վրանները հանվեն Ֆրանսիայի հրապարակից․
«Բավականին լուրջ ճնշման տակ ենք, չգիտեմ՝ ինչ որոշում կկայացվի։ Զանգերով, ամեն հանդիպումներին, ցանկացած շփում քաղաքացիների հետ այսօր առաջին հարցը դա է՝ Երևանի երթևեկությունը կարգավորեք, բացեք փողոցը»։
Ճշտող հարցին՝ հնարավոր է՝ հանվե՞ն վրանները, ՔՊ-ական պատգամավորը դրական պատասխան տվեց․
«Իհարկե հնարավոր է, որ նման որոշում էլ կայացվի, որովհետև այդ հավաքը չարտոնված է, և եթե ուզում են հավաք անել, ապա այնպիսի տեղ անեն, որ երթևեկությանը և մեր քաղաքացիներին անհարմարություն չպատճառեն։ Թող գնան Օպերայի հայաթում անեն, ինչո՞ւ չեն գնում Օպերայի այն բակում անեն»։
Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար «Քաղաքացիական պայմանագիրը» քննարկի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ որևէ ճգնաժամ չկա․
«Բացարձակ որևէ ճգնաժամ ես չեմ տեսնում։ Մեր աշխատանքները խորհրդարանում ընթանում են շատ սահուն, շատ արագ և նորմալ։ Ճգնաժամ տեսնում եմ ընդդիմության մոտ․․․ Երևի թե այդ ճգնաժամը կայանում է նրանում, որ ընդդիմությունը չգիտի՝ ինչով ավարտել այս ամենը․․․»։