«Ոստիկանը ասաց՝ յա՜, հրեց, բռնի ուժով մեզ նստեցրին մեքենայի մեջ». ի՞նչ է տեղի ունեցել Բաղրամյան 26-ում. Տաթևիկ Սողոյանը մանրամասնում է

Երեկ Բաղրամյան 26-ի դիմաց միայն հայ գերիներին վերադարձնելու պահանջով պաստառով կանգնելու համար ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել Տաթևիկ Սողոյանն ու նրա եղբայրը:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում Տաթևիկը նշեց, որ հայ գերիների թվում է նաև իր մորեղբայրը. «ՀԱՊԿ հավաքի ժամանակ թիրախային կլիներ թեկուզ միայնակ նման պաստառով գնալը: Գնացի, շրջակայքը հանգիստ էր, զգացվում էր, որ հսկողություն կար, պաստառը բացեցի, թե չէ՝ դիմացս ինձ մեջքով մի ոստիկան էր կանգնած, շրջվեց, ասաց՝ յա՜, գրկեց ու հրելով ինձ ու եղբորս, առանց որևէ բան ասելու՝ տարան դեպի կարմիրբերետավորների մեքենա: Ուզում էի հասկանալ՝ ինչի համար, և այն ոստիկանը, որը մեզ հրելով տարել էր այնտեղ՝ փախավ, ու մնացին միայն կարմիրբերետավորները, որոնք բռնի ուժով նստեցրին մեքենայի մեջ: Հարցնում եմ՝ ինչ եմ արել, որ չպետք է անեմ, պատասխանեցին՝ ով ձեզ բերման է ենթարկել, իրենից պետք է ճշտեք կամ բաժնում: Այսինքն՝ մեխանիզմ է մշակված, իրար են փոխանցում, որ երբ հարց տաս, ոստիկանն ասի՝ ես չեմ քեզ այդ վայրից բերման ենթարկել»:

Մասնագիտությամբ իրավաբան մեր զրուցակիցը նշեց, որ ոստիկանների գործողություններն իրավունքի հետ որևէ կապ չունեն:

Տաթևիկ Սողոյանի մորեղբայրը գերեվարված է Ադրբեջանի կողմից. «Դեպքը տեղի է ունեցել 2020թ. հոկտեմբերի 6-ին: Իմ քեռին՝ Հադրութի դիվիզիայի բուժծառայության պետ Հրանտ Պապիկյանը, լինելով փոխգնդապետ, որ կարող էր չմեկնել առաջնագիծ, իր կյանքը չվտանգել՝ զինվորներին փրկելու համար, պարբերաբար միշտ գնացել է զինվորներին փրկելու: Հերթական մի օր կանչ է ստացվել, որ այսինչ ուղղությամբ վիրավորներ կան, որոնց պետք է շտապ տարհանել, փրկել, վարորդի հետ նստել են բժշկասանիտարական մեքենան, ուղևորվել են տվյալ ուղղությամբ, որն արդեն դարանակալած են եղել ադրբեջանական ուժերը, և կրակ են արձակել մեքենայի ուղղությամբ: Վարորդը պատմում է, որ այնքան են կրակել մեքենային, որ այն ստիպված կանգ է առել, և այլ ելք չի մնացել, քան մեքենայից դուրս ցատկելը: Ըստ վարորդի՝ քեռիս ասել է, որ վիրավոր է, չի կարող քայլել, ոտքերը չի զգում, վարորդին ասել է՝ մենակ փախչիր, որ քեզ կարողանաս փրկել: Վարորդը փախչել է, որոշ ժամանակ անց հետ է եկել, դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվել, գտել են իմ քեռու զրահաբաճկոնը՝ իր փաստաթղթերով, մեքենայում չի եղել պատգարակ, այսինքն՝ քեռուս տեղափոխելու համար իր ծանր զրահաբաճկոնը հանել են և պատգարակի օգնությամբ տեղափոխել են: Իհարկե, հարակից կան ևս այլ ցուցմունքներ, որոնք հավաստում են տեղի ունեցածը»:

Նա նշեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին այս տեղեկությունները փոխանցել են, ՄԻԵԴ-ն էլ հավաստի է համարել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են, բայց Ադրբեջանը տևական ժամանակ չի պատասխանել. «Որոշակի ժամկետի ավարտից հետո Ադրբեջանը տվել է մի լղոզված պատասխան, որ՝ մենք չենք կարողացել նույնականացնել նման տվյալներով անձի: Ակնկալվում էր, որ ՀՀ իշխանությունները, իրավապահ համակարգը նոր ապացույցների փնտրտուքով, նոր փաստերի ներկայացմամբ փորձեն այդ հարցը բարձրացնել՝ որպես լավ օրինակ, ցույց տալու, որ կարիք չկա հիմարեցնել ո՛չ մեզ, ո՛չ միջազգային հանրությանը»:

2018թ. սեպտեմբերից Տաթևիկ Սաղոյանն աշխատել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում, և նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ազատման դիմում է գրել:

Նա նշում է, որ պատերազմի ընթացքում ստացել է այնպիսի հանձնարարություններ, որոնք կապ չեն ունեցել պատերազմի հետ, առաջնահերթությունները տարբեր են եղել. «Ես հասկացա, որ ես այդտեղ անելիք չունեմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս