Դատարանն Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է www.factor.am կայքով տեսանյութի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից

Արթուր Վանեցյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական գործով առաջին ատյանի դատարանը հերթական անգամ Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել Վանեցյանից: Վճիռը կայացվել է հունիսի 7-ին:

Ըստ Դատալեքսի՝ Արթուր Գագիկի Վանեցյանի ներկայացուցիչները, դիմելով դատարան, հայտնել են, որ 18.09.2020թ., ժամը 20։46-ին, www.factor.am կայքում (հղումը՝ https:/ /factor.am/ 284948.html?fbclid=IwAR2mr2kzs0Jq145IfXfYmYY4hdJMyi7DkxBcQYmr_Tomwfgw1RNRaYGhiBI) հրապարակվել է «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան»
վերտառությամբ տեսանյութ:

1. Տեսանյութում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող և Հայցվորին զրպարտող, ինչպես նաև վիրավորանք հանդիսացող տեղեկություններ, այն է՝ /տես 09։15 րոպեից/
««Ընդհանրապես պիտի ասեմ, որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ներքաղաքական օրակարգ, որպես այդպիսին, չկա, այն ամբողջությամբ արտաքին ծագում ունի և արտաքին տրամադրությունների ոռոգման հետևանք է, և Վանեցյանն էլ ուղղակի այդ տրամադրությունների անհաջող, ի դեպ ասեմ, արտահայտողն է։ /․․․/ Միևնույնն է, կարծում եմ, նրանք, ովքեր հավաքագրված են օտարերկրյա պետությունների կողմից և ովքեր իրենց ամբողջ գործունեության ընթացքում, այդ թվում Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը, սրանք բոլորը ավելի շատ օտարի շահ սպասարկող են իրենց կյանքում, իրենց քաղաքական, այսպես ասած, գործունեության ընթացքում սպասարկել, քան Հայաստանի պետության շահը, Հայաստանի շահը և նրանց նպատակը եղել է իրենց քրեական ողջ գործերը կոծկելու, քրեական անցյալը ամեն կերպ սքողելու նպատակ է հետապնդել և դա չի կարող երկար կյանք ունենալ։ Մենք տեսնում ենք, թե նրանց պահանջները, որոնք երբևէ չեն դառնում սոցիալական, հանրային պահանջվածություն այդպես էլ չեն ստանում, միևնույնն է նրանք շարունակում են այդ իրենց կոչերը, իրենց պահանջները փողոցում արթուն պահել հաստատապես հույս ունենալով, որ կկարողանան արտաքին ուժերի ներգրավմամբ որոշակի հաջողությունների հասնել պայմանավորվածության տեսքով իշխանության հետ։

/տես 13։08 րոպեից/
/․․․/այս մարդիկ անհայրենիքներ, և Հայաստանի պետականության և Հայաստանի անկախության իրողության հետ անհաշտ են շարունակում մնալ և դրանց այսօրվա պարագլուխը, ի դեպ ասեմ, որ «Կանդիդատ» անունով այդ անձը, որը նկարագրված է այս «Դոսյեում», Վանեցյանն է, և պիտի ասեմ, որ այսօր ամբողջ խաղադրույքը նրա վրա է դրված, որովհետև նա է կարողացել վաճառվել ամբողջությամբ ռուսական հատուկ ծառայությունների այն շրջանակին, ովքեր կարող են այս կամ այն կերպ հետաքրքրություն ունենալ Հայաստանում փոփոխությունների հետ»:
Տեսանյութում հրապարակված տեղեկությունները զրպարտություն են, իսկ «անհայրենիք» արտահայտությունը՝ վիրավորանք, որոնցով արատավորվել է Հայցվորի պատիվը և արժանապատվությունը:

Դատավոր Նաիրա Ավետիսյանն Արթուր Վանեցյանի հայցը բավարարել է մասնակի:

Հայցը բավարարել մասնակի.

1. Պարտավորեցնել Արման Բաբաջանյանին www.factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն կայքում 18.09.2020թվականին հրապարակված «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում Արթուր Վանեցյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները, հետևյալ բովանդակությամբ.

1. Ես՝ Արման Բաբաջանյանս, հերքում եմ 18.09.2020թվականին www.factor.am կայքով «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում Արթուր Վանեցյանի վերաբերյալ իմ կողմից կատարված արտահայտությունները.

2.Պարտավորեցնել Արման Բաբաջանյանին www.factor.am կայքով տեսանյութի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Վանեցյանից:

3.Արման Բաբաջանյանից հօգուտ Արթուր Գագիկի Վանեցյանի բռնագանձել 500․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 300․000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար:

4. Արման Բաբաջանյանից հօգուտ Արթուր Գագիկի Վանեցյանի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 24.000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար:

Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս