«Թուրքերի հոգեբանության մեջ է՝ ավարտել այն, ինչ սկսել են 100 տարի առաջ. պետք է պայքարենք». Անտուան Ագուջյան
Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «Լռության ճիչը․ հայ հիշողության հետքերը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այն ընդգրկում է ֆրանսահայ արտիստի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որն Անտուան Ագուջյանը ժառանգել է Ցեղասպանությունից փրկված մեծ ծնողներից: Ցուցահանդեսն անցկացվում է Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), և տևելու է մինչև հուլիսի 3-ը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Անտուան Ագուջյանը նշեց, որ լուսանկարչությունը Ցեղասպանության պատմությունը ներկայացնելու լավագույն միջոցն է իր համար. «Իմ նախնիները Էրզրումից են և Քյոթահիայից՝ Կոմիտասի գյուղից, հարևան են եղել Կոմիտասին: Պատմել են, թե ինչպես են փրկվել, հնարավորություն են ունեցել փախչել Սալոնիկ, այնտեղից՝ Ֆրանսիա: Քիչ էին պատմում, բայց մենք հասկանում էինք, որ Ցեղասպանությունը տեսածները և նրանց ժառանգները հատուկ հոգեբանություն ունեն, հատկապես, որ Թուրքիան չի ընդունում, որ ցեղասպանություն է իրականացրել»:
44-օրյա պատերազմին Արցախում եղած լուսանկարիչը նշեց, որ այնտեղ հասկացել է, թե ինչու թուրքերը չեն ընդունում Ցեղասպանությունը. «Կա մի կետ՝ ինչի համար չեն ընդունում Ցեղասպանությունը, որովհետև ցանկություն ունեն այն մինչև վերջ իրականացնել: Գիտենք, թե 1918թ. ինչպես է ծնվել Ադրբեջանը, նրանք ստեղծել են Ադրբեջանը, որպեսզի ավարտեն գործը: Եվ հասկացա, որ չեն ուզում ընդունել, որովհետև դա խանգարելու է իրենց, և ցանկություն ունեն ավարտել Ցեղասպանությունը»:
Հարցին՝ այդքանից հետո տեսնո՞ւմ է Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու հնարավորություն, նա պատասխանեց. «Եթե մի մարդ ցանկություն ունի ձեզ սպանել, դժվար է իր հետ զրուցել, վստահել, բայց գեոպոլիտիկ խաղերն են, որ մենք հնարավորություն չունենք չզրուցել: Նույնիսկ դիկտատորների հետ պետք է զրուցել, որպեսզի կապ ստեղծվի, բայց ամեն ինչ չընդունել այդ հարաբերությունների մեջ: Լավ, գեոպոլիտիկան ստիպում է, որ զրուցեք, բայց շախմատ է՝ պետք է հաշվեք, թե մի քանի քայլերով ինչ պետք է ընդունեք, ինչ պետք է չընդունեք»:
Անտուան Ագուջյանը լուսաբանել է Սիրիայի, Իրաքի պատերազմները և միայն Արցախում է տեսել այն, ինչ տեսել է. «Ինձ թվում էր՝ 1915թ. էր, այնպիսի պատկերներ եմ տեսել, որ միայն իմ երևակայության մեջ էր, այսինքն՝ վարդապետներ, որոնք պաշտպանում են իրենց եկեղեցիները, զինվորներ, ժողովուրդ, որը պաշտպանում է իր տունը, զոհվածներ, աքսոր»:
Լուսանկարիչը մինչև 2020թ. նոյեմբերի 4-5-ը եղել է Շուշիում. «Մեծ ցանկություն ունեի մոմ վառել Ղազանչեցոցում: Օր օրի պատերազմը մոտենում էր, և վերջին օրերին արդեն ավտոմատների ձայն էինք լսում, ինչը նշանակում էր, որ կռիվներն արդեն շատ մոտ են: Վերջին պահին զինվորները մեզ քշեցին դուրս և ասացին՝ իրավունք չունեք այստեղ լինել, արդեն տանկերի շարժ կար, շատ վտանգավոր էր: Իմ աշխատանքն էր՝ նկար բերել, բայց, օրինակ, Իրաքում պատերազմի ժամանակ առիթ ունեցա ջոկատի հետ գնալ, Արցախում այդ հնարավորությունը չունեցա, քանի որ շատ ավելի դժվար իրավիճակ էր»:
Անտուան Ագուջյանը նկատեց՝ երբ Թուրքիան մտավ Սիրիա, ինքը հասկացել է, որ եթե մտնեն Արցախ, ոչ մի երկիր չի օգնելու. «Երբ Էրդողանը ասաց, որ պետք է շարունակեն և ավարտեն իրենց պապերի գործը, հասկացա, որ պատերազմ է լինելու Արցախում, քանի որ դաշտի փորձառությունն իր լոգիկան ունի: Ես հասկացա, որ պատերազմի կետն է, որ ցանկություն ունեն ավարտելու: Իրենց հոգեբանության մեջ է՝ ավարտել այն, ինչ սկսել են 100 տարի առաջ, և երբ առիթ լինի, պետք է անեն: Մենք դա պետք է հասկանանք: Արցախը, իմ կարծիքով՝ շատ վատ վիճակում է և շատ վատ ապագա է ունենալու, բայց քաղաքականության մեջ ամեն ինչ կարող է փոխվել: Ելցինի ժամանակ հայերի հանդեպ այդ քաղաքականությունը 100 տոկոս փոխվեց, Գորբաչովի ժամանակ այդքան լավը չէր մեզ համար, հիմա էլ կարող է նույնը պատահել, որ Ղարաբաղի վիճակը փոխվի: Հատկապես Արցախի կարգավիճակի վրա պետք է աշխատել: Սյունիքը շատ կարևոր է, պետք է ամեն ինչ անել, որ պաշտպանենք այն: Պանթյուրքիզմի ծրագրին Սյունիքն է խանգարում, և պետք է պայքարենք ու պաշտպանենք այն»:
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ Սփյուռքն էլ հասկացավ, որ անկազմակերպ է. «Հիմա արտասահմանում թուրքերն ու ազերիները շատ ուժեղ են, տարածված են, կազմակերպված են, ֆինանս ունեն, որն օգտագործում են, խմբեր են ստեղծում, որոնք պառլամենտում ներկայացնում են Ադրբեջանն ու Թուրքիան: Շատ լավ են աշխատում: Մենք էլ պետք է այդ սիրողական աշխատանքը մոռանանք և պրոֆեսիոնալ ձևով աշխատենք: Լուրջ պայքար է: Թուրքերը ջոկատներ ստեղծեցին, որպեսզի փնտրեն հայերին Ֆրանսիայի մի քանի քաղաքում. Ֆրանսիայում գոռում էին՝ ո՞ւր եք, հայեր, մենք ուզում ենք կռվել ձեզ հետ: Ես 61 տարեկան մարդ եմ, նման բան մինչև հիմա չէր եղել: Մենք պայքարում էինք, որպեսզի Հայ դատը բերենք սեղանի վրա, բայց հիմա նման իրավիճակ է: Ֆրանսիայում կան քաղաքապետներ, որոնք ընդունում են ազերիների խմբերին, որովհետև ընտրությունների ժամանակ այդ մարդաքանակը իր ուժն ունի: Բայց մենք հող ունենք և պետք է պայքարենք, այսինքն՝ երևակայական պայքար չէ, ինչպես քրդերի դեպքում, որոնք երկիր չունեն: Մենք հող ունենք, դա պատճառ է, որ չվախենանք և պայքարենք մինչև վերջ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում