Ե՞րբ կլինեն կարտոֆիլի և լոլիկի ամենամատչելի գները
Կարտոֆիլի գինը Հայաստանում տատանվում է 550-750 դրամի սահմաններում: Ընտանեկան բյուջեի վրա զգալիորեն ազդող այս իրավիճակը քաղաքացիները փորձում են հաղթահարել հումորով. Կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ այս տարի ամենահարուստը կարտոֆիլ վաճառողներն են:
Իսկ այն, թե իրականում ինչո՞վ է պայմանավորված այս սեզոնին կարտոֆիլի բարձր գինը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը պարզաբանեց՝ խնդիրը գալիս է անցած տարվանից:
«Անցած տարի կարտոֆիլի շատ ցածր բերք ստացվեց, իսկ դա հիմնականում երաշտով էր պայմանավորված: Հին կարտոֆիլի պաշարները սովորաբար բավականացնում էին մինչև մայիս ամսվա վերջը, և այդ ժամանակահատվածում արդեն զուգահեռ սկսվում էր վաղահաս կարտոֆիլի բերքը: Այս տարի շատ վաղ սպառվեց: Ճիշտ է, ջերմատներում բավականաչափ շատ էին նախորդ տարիների համեմատ, սակայն դա չէր կարող առանձնապես լուրջ եղանակ ստեղծել, և դա էր պատճառը, որ գինը մնաց բարձր: Իսկ այս տարի էլ եղանակային պայմանների հետ կապված՝ ծլարձակումը շատ ուշ սկսվեց և վեգետացիան մոտավորապես մեկ ամիս հետ ընկած է, և դա էլ այնպես չէ, որ հետագայում կարող է վերականգնվել: Ամբողջ ապրիլ ամսին գրանցվեց ջերմաստիճանի տատանում, ապրիլի 13-ին՝ ցրտահարություն, ապա՝ շատ բարձր ջերմաստիճան, ու ծլարձակումը շատ ուշացավ, մոտավորապես մեկ ամիս: Եվ հիմա պալարագոյացման ինտենսիվ փուլում կրկին ջերմաստիճանի տատանումներ եղան: Այս օրերին 34-35 աստիճան տաքություն է, որը նպաստավոր չէ կարտոֆիլի բարձր բերքի ձևավորման համար»,- մեզ հետ զրույցում ասաց Գառնիկ Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ կա նաև պարարտանյութերի բացակայության խնդիրը, որը պայմանավորված է նաև անբավարար մատակարարմամբ:
«Ճիշտ է, Կառավարությունը 9000 դրամ՝ մեկ պարկի դիմաց, սուբսիդիա է հատկացնում, բայց իրականացման այն մեխանիզմները, որ դրված էին ծրագրի հիմքում՝ բացարձակ իրատեսական չէին. ուղղակի անուշադրության մատնվեց այդ կարևոր գործընթացը, և այսօր շատ տեղերում այս պահի դրությամբ այդ պարարտանյութերը չեն հասել գյուղացուն: Բնականաբար, կարտոֆիլի դեպքում պետք էր մարտ ամսից պարարտանյութով ապահովել: Իսկ ապրիլին, երբ ծլարձակումը տեղի է ունենում, առաջին մշակության ընթացքում պարարտացում է կատարվում: Սա բաց է թողնվել ու չէր կարող չազդել բացվող բերքի վրա: Ինչ վերաբերում է գնին, ապա փոփոխություն անկասկած կլինի. կարծում եմ՝ երկու շաբաթից մենք դա կնկատենք: Դա կշարունակվի նաև հուլիս ամսին: Հուսով եմ՝ ամենամատչելի գները հունիսի 15-ից հուլիսի վերջ կլինեն: Եթե զուգահեռ մեծածավալ արտահանում տեղի ունենա, ապա գնի նվազումն այդքան մեծ չի լինի: Հիմա շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում արտահանողները: Պարբերաբար այցելում են կարտոֆիլի մշակությամբ զբաղվող մեր գյուղացիներին, պայմանավորվածություններ են ձեռք բերում արտահանումների համար, իսկ թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, արդեն հետո կերևա»,- նշեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:
Ինչ վերաբերում է լոլիկի գնին, որը 500 դրամից է սկսվում, ապա Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ լոլիկի գինն այսօր չի կարող շատ ավելին իջնել: «Այսօր 500 դրամով կարելի է շատ բարձր որակի լոլիկ գնել: Դա այս ժամանակաշրջանի համար միանգամայն նորմալ պետք է համարել: Բաց դաշտում բերքահավաքը սկսվում է հուլիսի 20-ից հետո»,- եզրափակեց մեր զրուցակիցը: