Բաժիններ՝

«Առանձին ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը դեռևս չի նշանակում, որ սա բերելու է  համակարգային էֆեկտ». կրթության փորձագետ

Օրերս կառավարության նիստում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր՝ մայիսի 13-ից մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը, որն իրականացվում է ինքնաշխատ եղանակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ի լրումն՝  նշել էր. «Մենք ունենք ռազմավարական որոշում, այն է՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեզ համար բացարձակ առաջնահերթություն են: Մենք պետք է գումար չխնայենք այդ ոլորտի վրա, քանի որ կրթության ոլորտում պետական ներդրումներն ամենանպատակայինն են»:

Այսօր՝ հունիսի 7-ին, ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է. բոլոր առարկաների ատեստավորումներն անցկացվելու են սեպտեմբերին:
Կամավոր ատեստավորման ներդրման ժամանակ կրթության պատասխանատուները  հայտարարեցին՝ ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ՝ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ: Նրանք նաև վստահեցնում են՝ սա կբերի կրթության որակի բարձրացման:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացումը չի հանգեցնի կրթության որակի համակարգային բարձրացման:

«Որակի բարձրացում հնարավոր է լինի այն իմաստով, որ որակով մարդիկ, որոնք ունեն առարկայական լավ գիտելիքներ, կցանկանան դպրոցում աշխատել՝ կլինեն դասախոսներ, շրջանավարտներ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը՝ շեշտելով, որ մանկավարժների այս ներհոսքը կլինի միայն այն առարկաների գծով, որոնց դեպքում չկա առավել բարձր վարձատրվող աշխատանքային այլընտրանք՝ օրինակ, «Արվեստ», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն»:

Ըստ նրա՝ խնդիրը միայն աշխատավարձի բարձրացումը չէ և հետևաբար՝  առանձին ուսուցիչների աշխատավարձերի բարձացումը դեռևս չի նշանակում, որ կլինի համակարգային էֆեկտ:

«Այսինքն՝ այնպես չի, որ ուսուցիչը, որը ստանում էր 108 հազար դրամ, իսկ ատեստավորումից հետո՝ 260 հազար դրամ, այդ 108 հազար դրամ ստանալու ժամանակ վատ է աշխատել միտումնավոր, իսկ ատեստավորումից հետո՝ լավ կաշխատի. եթե դու ուսուցիչ ես, այն ժամանակ էլ էիր նույնը դասավանդում, հիմա էլ: Ես չեմ կարծում, թե կա ուսուցիչ, որի աշխատավարձը բարձրացնում են, և սկսում է լավ աշխատել»,- մանրամասնեց մասնագետը:

Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ՝ կրթության որակի բարձրացման տեսանկյունից առավել արդյունավետ կլիներ աշխատավարձերի ոչ այդչափ բևեռացումը:

«Քանի որ կառավարությունն ասում է՝ փող ունենք ուսուցիչների համար, դրա համար այժմ բարձրացնում ենք մինչև 400 հազար դրամ, ես կուզեի այդ գումարն ավելի համամասնորեն բաշխվեր. օրինակ,  բարձրացվի նաև մյուս ուսուցիչների աշխատավարձը, և չլինի աշխատավարձերի այդքան մեծ տարբերություն»,- մանրամասնեց փորձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս