Իմիտացիա՞, թե՞ իրականություն   

Ներքաղաքական լարվածության ֆոնին՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե տնտեսությունն ու աշխատավարձերը մեծ տեմպերով աճում են, դարակազմիկ բարեփոխումներ են անում, թոշակներն են բարձրացնում, ուսուցիչների աշխատավարձն են ավելացնում, տնտեսական ու սոցիալական ծրագրեր են իրականացնում, մետրոպոլիտենի կայարաններ են կառուցում, Երևանի տրանսպորտի հարցերն են լուծում, և այդպես շարունակ։ Բայց իրականում այս ամենի տակ ավելի շատ իմիտացիա է թաքնված, քան կարելի է իրական արդյունք ակնկալել։

Նպատակը, բնականաբար, ներքաղաքական լարվածության թուլացումն է ու հասարակության դժգոհությունների մեղմացումը։ Հետո կարևոր չէ, թե ինչպիսին կլինեն արդյունքները։

Նախկինում էլ նման բազմաթիվ նախաձեռնություններ են ներկայացրել ու «իրականացրել», տեսել ենք, թե մինչև հիմա ի՞նչ արդյունքների ենք հասել, ինչքանո՞վ են մարդկանց կյանքը բարելավել ու լուծել սոցիալական խնդիրները։

Ռեստորաններում աղը սեղաններից վերացրել են ու դա համարում են դարակազմիկ բարեփոխում։ Նույնը ծխախոտային բարեփոխումներին է վերաբերում, եթե դրանք ընդհանրապես որևէ աղերս ունեն բարեփոխումների հետ։

Սոցիալական լարվածությունը երկրում աճել է, համատարած թանկացումներ են, մարդկանց եկամուտները չեն հասցնում գների հետևից, ինչը հասարակության շրջանում մեծացրել է դժգոհությունները։ Չհաշված այն բազմաթիվ մարտահրավերները, որոնք առաջացել են իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության պատճառով։

Դժգոհություններն ինչ-որ պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից, ինչը չի կարող չանհանգստացնել իշխանություններին։ Դրանք կանխելու համար էլ նրանք անցել են իրենց սիրած զբաղմունքին՝ հերթական կեղծ բարեփոխումներով, սոցիալական ու տնտեսական ծրագրերով փորձում են կերակրել մարդկանց, խաբել ու խոստումներ տալ։

Ներքաղաքական լարվածությունից ու ընդդիմության սկսած փողոցային պայքարից մանկավարժներին հեռու պահելու համար հայտարարեցին ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին. 400 հազարից են խոսում։ Անինչ՝ ադպիսի աշխատավարձ չկա։ Պահումներից հետո այն կարող է լինել, լավագույն դեպքում, 300 հազար դրամի կարգի։

Բայց նույնիսկ այդպիսի աշխատավարձ շատ քչերին կարող է հասու լինել։ Մի կողմից՝ հասարակության մոտ տպավորություն են ստեղծում, որ ուսուցչի աշխատավարձը դարձնում են 400 հազար դրամ, իսկ մյուս կողմից՝ ատեստավորման այնպիսի պահանջներ են դրել ու չափանիշներ սահմանել, որպեսզի աշխատավարձի բարձրացումից հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել։

Զարմանալի չէ, որ մինչև հիմա շատ քչերն են կարողացել օգտվել կառավարության այդ «առատաձեռնությունից»։

Ատեստավորումից կախված՝ ուսուցիչների աշխատավարձի հավելումը գործում էր նաև անցած տարի։ Բայց այս ընթացքում ընդամենը 478 ուսուցիչ է դրանից օգտվել։ Նրանցից միայն 20-ի պաշտոնային դրույքաչափն է, որը հավելումների վերջին վերանայումներից հետո կարող է հասնել 400 հազար դրամի։ Մյուսներինը՝ լավագույն դեպքում, կկազմի 260-300 հազար դրամ։

Հիշեցնենք, խոսքն ընդամենը 478 ուսուցչի մասին է։ Այնինչ՝ Հայաստանում ուսուցիչների թիվը հասնում է 36-37 հազարի։

Դժվար չէ հաշվել, թե նրանց քանի տոկոսն է մինչև հիմա կարողացել օգտվել աշխատավարձերի բարձրացման՝ կառավարության ցուցաբերած «առատաձեռնությունից»։ Այսուհետ էլ այդպես է լինելու։ Բայց դա, բնականաբար, չի խանգարում, որպեսզի կառավարությունը հայտարարի, թե ուսուցիչների աշխատավարձը հասցրել է 400 հազարի։

Ուսուցիչների բերանը փակելուց հետո՝ կառավարությունն անցավ թոշակառուներին։

Հայտարարեցին, որ հուլիսի 1-ից թոշակները 10 տոկոսով բարձրանալու են, թեև իրականում թոշակների բարձրացման մասին բացարձակ խոսք չկա։ Թոշակները շարունակելու են մնալ անփոփոխ։ Հուլիսի 1-ից հետո էլ մարդիկ ստանալու են այնքան թոշակ, որքան ստանում էին նախկինում։

Խոսքն ընդամենն անկանխիկ առևտրի դեպքում որոշակի զեղչերի կիրառման մասին է, որից կրկին քչերն են կարողանալու օգտվել։ Լուծված չեն ու հազիվ էլ մինչև հուլիսի 1-ը լուծվեն տեխնիկական ապահովվածության խնդիրները։

Մյուս կողմից էլ՝ կառավարության այս նախաձեռնությունը կարող է գների հերթական բարձրացման ու առևտրի կենտրոնացման պատճառ դառնալ։

Դրանից ավելի շատ շահելու են բանկերը, նաև՝ խոշոր առևտրի օբյեկտները, քան՝ թոշակառուները։

Կրկին տուժողը լինելու են սպառողները. անկանխիկ առևտրի դեպքում բանկերը որոշակի տոկոսներ են պահում տնտեսվարողներից, ու այդ գումարներն ի վերջո դուրս են գալու սպառողների գրպանից։

Սա է լինելու կառավարության հայտարարած թոշակների 10 տոկոս բարձրացման «դարակազմիկ» բարեփոխման արդյունքը։

Վերջում պարզվելու է, որ զեղչերից հետո թոշակառուն կարողանալու է այնքան ապրանք գնել, որքան գնում էր մինչև զեղչեր կիրառելը։ Ու դրա համար կառավարությունը բյուջեից մի քանի միլիարդ դրամ կծախսի։

Ի դեպ, թոշակների նկատմամբ զեղչեր կիրառելու կառավարության նախաձեռնությունն ընդամենը 6 ամսով է, մինչև տարեվերջ։ Տարեվերջին չի բացառվում, որ կառավարությունը հայտարարի, թե ծրագիրը չարդարացրեց իրեն, ու որոշի դադարեցնել։

Երեք-չորս տարի ոչինչ չանելուց հետո, վերջին շրջանում կրկին հիշել են Երևանում մետոպոլիտենի նոր կայարաններ կառուցելու մասին։ Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգն էլեկտրական ավտոբուսներով համալրելուց են խոսում։ Մինչև հիմա քիչ վարկեր են վերցրել, պատրաստվում են հերթական վարկերը բերել, իբր տրանսպորտի խնդիր են լուծում։

Պատրաստ են ամեն ինչի՝ իրենց իշխանությունը երկարացնելու համար։ Կապ չունի, որ այդ իշխանությունն արդեն շատ թանկ է նստել երկրի վրա։ Ու չնայած դրան, ոչնչի առաջ կանգ չեն առնում։ Պետության ֆինանսական հնարավորություններն ու իրավական համակարգը ծառայեցնում են իշխանության պահպանմանը։ Ոստիկաններին պարգևավճարներ ու հավելավճարներ են տալիս՝ ընդդիմադիրներին բիրտ մեթոդներով ճնշելու համար, թոշակառուներին խաբում են, որ թոշակները 10 տոկոսով ավելացնում են, իսկ իրականում դրանից մի քանի անգամով ավելի բարձրացնում են դատավորների աշխատավարձերը։

Դատավորների աշխատավարձը բարձրացնում են ու դա ներկայացնում են՝ ի շահ հասարակության։

Հասարակության դժգոհություններն որքան ավելանում են, այնքան կառավարությունն ավելի «առատաձեռն» է դառնում իր նախաձեռնությունների ու խոստումների մեջ։ Այլ բան, որ դրանք շատ դեպքերում զուտ իմիտացիա են ապահովում և ուրիշ ոչինչ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս