Պատերազմը Ռուսաստանի համար վատ սցենարով չի ընթանում. Տարասով
Արցախի իշխանությունները դեմ են, որ ԵՄ-ն համակարգի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Արցախի իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի: Նա մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է Եվրամիության համար դառնա բանակցությունների առարկա:
Նրա խոսքով՝ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է Արևմուտքի հետ Ռուսաստանի բարդ հարաբերությունների մաս կազմի: Բեգլարյանը հիշեցրել է խնդրի լուծման համար գործող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որը կրում է հակամարտության կարգավորման ողջ պատասխանատվությունը:
Բեգլարյանը մասնավորեցրել է, որ Արցախի իշխանությունները ցանկանում են տարածաշրջանում պահպանել ռուս խաղաղապահների ներկայությունը, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառում: «Ներկայում կա Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության սուր անհրաժեշտություն»,- ընդգծել է Արցախի պետնախարարը:
Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում ԼՂ խնդրի կարգավորումն անհնար է, քանի որ Արցախի ու Ադրբեջանի միջև կա դիրքորոշումների լուրջ հակասություն. դրանք «տրամագծորեն հակառակն են»: Բեգլարյանը նշել է, որ ամենակարևոր տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «հեղինակության, հավակնությունների» հարց է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, սեփական գոյության ու պատմական արդարության հարց»:
Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյան-Միշել-Ալիև մայիսի 22-ին կայացած հանդիպումից և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված քննադատությունների ալիքի ֆոնին Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, ում այցը Հայաստան ազդարարվել էր օրերս Միշելի խոսնակի տարածած վերջին հայտարարությամբ: Հանդիպմանը Միրզոյանը վերահաստատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ դժգոհությունները Բրյուսելում շարունակվող բանակցություններից պայմանավորված են այն հանգամանքով, որ, ի վերջո, ինչ-որ փուլում հարկավոր է լինելու մանդատ, որը Բրյուսելը չունի, ինչպես նաև պայմանավորված է աշխարհաքաղաքական բաղադրիչով, քանի որ Արևմուտքն ակնհայտորեն նպատակադրված է դուրս մղել Ռուսաստանին բոլոր գործընթացներից:
Բացի այդ, նրա խոսքով, Շառլ Միշելը միանգամից ձևակերպումներ արեց, որոնք չընդունվեցին և տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեցին, դա էլ այս հարցով փորձառության պակասով է պայմանավորված:
«Պարզ է, չէ՞, որ Ռուսաստանին այստեղ հեշտությամբ թուլացնել չի հաջողվի, որ Ռուսաստանն իր դիվանագիտությամբ ու Ուկրաինայի շուրջ քաղաքականությամբ դիմադրում է Արևմուտքի ծրագրերին ու փորձում թելադրել խաղի նոր կանոններ: Սա դեռ ընթացքի մեջ է: Ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ՄԽ թեման ավելի հաճախ է սկսում քննարկվել, և չի բացառվում, որ նախորդ ձևաչափերը վերականգնվեն: Այստեղ շատ ավելի հեշտ են իրավիճակները Ռուսաստանի համար, շատ ավելի կարևոր է, որ Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությունը և Արևմուտքի հետ հակամարտությունը ճիշտ ուղով է ընթանում, Պուտինը կարողանում է պայմանավորվածություններ ձեռք բերել Էրդողանի հետ, զուգահեռաբար կան բանակցություններ Արևմուտքի հետ, Ռուսաստանի համար վատ սցենարով չի ընթանում այս ամենը: Եթե այսպես շարունակվի, եթե Ռուսաստանի հաղթանակն ամրապնդվի, ՌԴ դիրքերը բոլոր ուղղություններով միայն ամրապնդվելու են և լիովին նոր քաղաքականություն է լինելու: Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանն արդեն ինչ-որ արդյունքների հասել է, բայց, իհարկե, ՌԴ նախագահն իր ծրագրային ելույթում հստակ վերջնանպատակներ է դրել, և Ռուսաստանը սպասում է այդ նպատակների իրագործմանը»,- նկատեց նա: