Այս տարի ունենալու ենք սննդամթերքի շուրջ 40 տոկոս գնաճ. Թադևոս Ավետիսյան
ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողներին հավաստիացրել է` 8.5 տոկոս գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է համաշխարհային գնաճի համատեքստում:
«Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 %-ից ավել, որն աննախադեպ է, այսինքն՝ մոտ 50-60 տարի նման գնաճ չի եղել, նույնն էլ՝ Եվրոպայում: Այստեղ մենք խոսում ենք ոչ թե զուտ հայկական, այլ գլոբալ ֆենոմենի մասին, և այդ ներկապնակում, կամ լանդշաֆտում ունենալ 8.5% գնաճ, երբ ԱՄՆ-ում է 8.5 %, ֆանտաստիկ լավ արդյունք է:
Իհարկե, սա չի նշանակում, որ մենք երջանիկ ենք այդ արդյունքով, բնականաբար, մեր ամբողջ աշխատանքն ուղղված է նրան, որպեսզի այն տնտեսական արդյունքները, որոնք մենք ունենք, իսկ դրանք՝ գիտեք, թե ինչ բարձր են՝ 9.4 % տնտեսական ակտիվություն ունենք առաջին 4 ամիսների ընթացքում, բաշխվեն հասարակությանը»,- ասել է նախարարը:
Որպես ասվածի ապացույց՝ նա մատնանշեց Վիճակագրական կոմիտեի արձանագրումն առ այն, որ առևտուրն աճել է 30-40 %-ով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանին չեն զարմացրել նախարար Քերոբյանի պարզաբանումները: Հիշեցնելով նախարարի՝ «այդ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով եմ արել» հայտնի հայտարարությունը՝ Թադևոս Ավետիսյանը վստահեցրեց՝ նա այս անգամ ևս կասի, թե կատակ է արել, ուղղակի լրագրողները լավ չեն հասկացել:
«Ես ցավում եմ, որ քաղաքական խմբակը, որն իշխանության է, այդ անձին այդքան զավեշտալի հանձնարարականներ է տալիս, նա էլ կատարում է:
Ինչ վերաբերում է իր հնչեցրած թվերին՝ պարզ մանիպուլյացիա է, որովհետև իրականում սննդամաթերքի գներն աճել են մոտավորապես 15 տոկոսով, և որպեսզի սոցիալական բունտ չհասունանա (իսկ դրա շեմին ենք մենք), իրենք հանրային ռեսուրսները ծախսելով՝ արհեստականորեն արժևորում են ազգային արժույթը (մոտավորապես 25 տոկոս): Այդ փուչիկը շուտով պայթելու է, և այս տարի ունենալու ենք շուրջ 40 տոկոս սննդամթերքի գնաճ»,- մանրամասնեց տնտեսագետը՝ հավելելով, որ առաջին անհրաժեշտության հիմնական ապրանքները կամ դրանց համար հումք հանդիսացող ապրանքները ներմուծվում են:
Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ հենց սա հասկանալով են իշխանություններն անցել արժութային շուկայի կոպիտ միջամտությանը: Իսկ պատճառներում տնտեսագետը հորդորում է չփնտրել տնտեսագիտություն, տնտեսական շահ, այլ բացառապես քաղաքական. այն է՝ ժամանակավորապես մեղմել թռիչքաձև գնաճը՝ կանխելու սոցիալական հասունացող բունտը:
«Կատակասեր «նախարարը» հաշվի չի առնում պարզ հանգամանք, որ այդ երկրներում, որոնք վկայակոչում է, և նույնիսկ՝ ՌԴ-ն, որը, տևական ժամանակ է, ինչ ռազմական գործողությունների մեջ է, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ավելի դանդաղ են աճում, քան սոցիալապես անապահով անձանց միջին եկամուտները, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը: