Բաժիններ՝

Բացի թանկացումը՝ տնտեսվարողները խորամանկության, խաբեության են դիմում. Կարեն Չիլինգարյան

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. ապրիլը՝ 2021թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 8.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.3%: Տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի կայքից:

Ըստ հրապարակված տվյալների՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 1.9-2.5%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.4%-ով:

Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022թ. ապրիլին՝ 2021թ. ապրիլի համեմատ, աճել են, համապատասխանաբար, 14.1%, 14.3% և 26.5%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 1.7%, 2.9% և 7.3%-ով: Հաճարի, բրնձի, ոսպի և հնդկացորենի գները 2022թ. ապրիլին 2021թ. նույն ամսվա համեմատ աճել են, համապատասխանաբար, 19.8%, 17.7%, 34.3%, 46.3%, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 3.1%, 2.7%, 7.4%, և 8.9%-ով: Թարմ կաթի, պանրի, թթվասերի և մածունի գները 2022թ. ապրիլին 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել են 12.0%, 21.2%, 14.0% և 23.2%, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 2.0%, 2.7%, 4.1% և 9.8%-ով: Թռչնի, գառան և տավարի մսերի գները 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ՝ աճել են, համապատասխանաբար, 8.4%, 5.3% և 10.6%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 2.3%, 1.9% և 1.2%-ով: Միաժամանակ, խոզի մսի գինը 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ աճել է 20.1%-ով, իսկ 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է 2.4% գնանկում: 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 14.1% գնաճ, իսկ 2022թ. մարտի համեմատ՝ 1.7% գնանկում:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ ամեն ամիս թանկացում է լինում 5-10 դրամով:

«Բացի թանկացումը՝ տնտեսվարողները խորամանկության, խաբեության են դիմում. ապրանքի գինը դնում են, ասենք, 485 կամ 95 դրամ, ու դա հօգուտ սպառողի չեն հաշվում, այնինչ օրենքով այսպես է. մինչև 5 դրամը սպառողինն է, 5-ից բարձրը՝ արդեն տնտեսվարողինը: Խանութներում բազմիցս եմ այդ հարցը բարձրացրել: Մենեջերը գալիս է, թե՝ սխալ է արել վաճառողը, և այլն: Ցավոք, սա համատարած է, ու պատկերացրեք, թե ինչքան օգուտ է քաղում խանութը: Տոպրակների գինը 45 դրամ է, բայց մարդկանց 50 դրամ են վաճառում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահն ընդգծեց՝ համատարած թանկացման շղթայում անցնող ամսվա ընթացքում գինը պահպանել են կաթնամթերքն ու հավկիթը:

«Բայց 500 գրամանոց մածուն էլ չկա, դարձել է 450 գրամ, այսինքն, գինը բարձրացել է, բայց քաշն իջեցրել են: Ցավոք, ոչ ոք դա չի հսկում, ոչ Էկոնոմիկայի նախարարությունը, ոչ Ստանդարտների ազգային ինստիտուտը: Իսկ հացի դեպքում էլ գինը գրված է, բայց գրամը չի երևում: Ցավոք, սա ևս համատարած է: Ինչ վերաբերում է սննդամթերքի շուկայում գների նվազմանը, ապա առայժմ չի եղել: Միայն հավկիթն ու հավի միսն են էժան, դա էլ շատ են արտադրել և ներկրել, սակայն այստեղ էլ տատանումներ են լինում՝ գինը մեկ բարձրանում, մեկ իջնում է»,- հավելեց Կարեն Չիլինգարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս