«Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմը հանձնվեց հանրության դատին
Սեփական պատմությունը պարտավոր է իմանալ յուրաքաչյուր հայ։
Շուշիի հայկական լինելու փաստը կասկածի տեղիք չպետք է տա, իհարկե, Շուշիի պատմության մասին գրքեր են գրվել, կան փաստագրական կադրեր, շատերը քաջածանոթ են այդ պատմության ամենափոքրիկ դրվագներին, բայց այսօր հնչող տարաբնույթ պատմական խեղաթյուրումներով հայտարարությունները, ավաղ, Հայաստանի ներսում ու նաև Հայաստանից դուրս, ադրբեջանցի պատմաբանների ու քաղաքական վերնախավի կողմից վկայում են, որ անելիք շատ կա: Անընդհատ պետք է պատմել, գրել, ֆիլմեր նկարահանել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայկական Շուշիի պատմությունը և ոչ միայն հայերեն, ոչ միայն հայերի համար ու տարածել համայն աշխարհում:
«Շուշի. ԱՄԵՆ» փաստագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ Կինոյի տանը, թերևս, հենց այդ նպատակն է հետապնդում։
«Հայոց Արևելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի վեցերորդ՝ «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմի աշխատանքները սկսել է ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը, սակայն վարպետի մահից հետո նրա գործը շարունակեց և ավարտին հասցրեց ռեժիսոր Մարիամ Եգորյանը։
Ֆիլմում օգտագործվել են արցախյան առաջին և երրորդ պատերազմների ընթացքում և նախապատերազմյան տարիներին նկարահանված եզակի կադրեր:
1992-ին, երբ Շուշին ազատագրվեց, կանգուն էին Շուշիի հայտնի եկեղեցիներից միայն երկուսը։ Անիմացիայի շնորհիվ ֆիլմում վերականգնվել են Կուսանաց վանքը, Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիները, Գեորգի Պոբեդոնոսեց ռուս-հունական ուղղափառ եկեղեցին, որոնք քանդվել են անցյալ դարում՝ Խորհրդային Ադրբեջանի վայրագ քաղաքականության հետևանքով:
«Շուշիում եղել են հինգ խոշոր և յոթ փոքր հայկական եկեղեցիներ, որոնց հետքերն ընթացքում վերացվել են։ Ջնջում են հայկական հետքերը և փորձում են յուրացնել մեր պատմությունը, ժառանգությունը, հետքը, մեր բնիկ լինելը: Նույնիսկ քաղաքի երկու մզկիթները կառուցել են հայ վարպետները»,- ֆիլմում պատմում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Ֆիլմի գիտական ղեկավարը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է։
«Ֆիլմում ներկայացվում է այն միջավայրը, ամրոց-կառույցի ստեղծման այն պատմությունը, որը վերածեց Շուշին բերդաքաղաքի: Շուշին մեծ դերակատարում ունեցավ առաջին հազարամյակից մինչև 18-րդ դարի առաջին կեսն ընկած շրջանում, հատկապես՝ հայկական իշխանությունների ամրապնդման և կայացման գործում: Կարևոր հանգամանք է Շուշիի պատմության քառուղիներում հատկապես հայոց պետականության ամրապնդման մեջ Շուշիի դերակատարման փաստը: Ընդգծվում է նաև Շուշիի դերակատարումը ազգային-ազատագրական պայքարում: Ֆիդայական պայքարն իր գաղափարական ընկալման մեջ սկսվեց Սյունիքից ու Արցախից՝ հանձինս Շուշվա ականավոր գործիչների»,- պրեմիերայից առաջ նշեց Էդիկ Մինասյանը:
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ներսում աղոթք է հնչում, այսպես է սկսվում ֆիլմը, որով կարծես ուղերձ է հղվում սերունդներին, որ Շուշին կորսված չէ: Այն անպայման հետ է գալու: Ու ոչ մի պատերազմ, ոչ մի մշակութային ցեղասպանություն ու վայրագություն չի կարող ջնջել Շուշիից հայի ու հայկականության հետքը:
Աննա Դեմիրճյան