Բաժիններ՝

Սեուլի համար սուզանավերի կառուցումը «միջուկային դոմինոյի էֆեկտ» կառաջացնի տարածաշրջանում. ԿԺԴՀ

Հյուսիսային Կորեան կարծում է, որ Սեուլի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրն ատոմային ուժային կայանքներով սուզանավերի կառուցման վերաբերյալ «միջուկային դոմինոյի էֆեկտ» կառաջացնի տարածաշրջանում:

«Հարավային Կորեայի կողմից ատոմային սուզանավ ունենալը, որպես «ինքնուրույն միջուկային սպառազինության» ուղի թևակոխելու հիմք, անխուսափելիորեն տարածաշրջանում կհանգեցնի «միջուկային դոմինոյի երևույթի» և ավելի լուրջ սպառազինությունների մրցավազքի», – ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ։

Ըստ Փհենյանի՝ ԿԺԴՀ-ն «համարժեք և իրական պատասխան միջոցներ կձեռնարկի» ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության «կոնֆրոնտացիոն մտադրությունների» առնչությամբ։

Անցյալ շաբաթ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է ԱՄՆ-ի հետ անվտանգության և առևտրի բնագավառում համաձայնագրի կնքման մասին, որը ներառում է սուզանավեր կառուցելու պլաններ:

Վաշինգտոնը նաև աջակցել է Սեուլի համար ուրանի հարստացման և օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման թույլտվությանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը Հարավային Կորեայի կողմից ատոմային ուժային կայանքներով միջուկային սուզանավերի կառուցման ու շահագործման գաղափարին մտահոգություն է առաջացրել Արևելյան Ասիայի տարածաշրջանում:

Այժմ ատոմային շարժիչով սուզանավեր ունի վեց երկիր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Հնդկաստանը: Մի շարք այլ երկրներ միայն մշակում են նման սուզանավեր: Ի թիվս այլոց այդ մասին հայտարարում են նաև ԿԺԴՀ-ի իշխանությունները: Փորձագետները զգուշացնում են, որ երկու Կորեաներն արագորեն ներքաշվում են սպառազինությունների մրցավազքի մեջ, իսկ Հյուսիսարևելյան Ասիայի մյուս երկրները մեծացնում են պաշտպանական ծախսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս