Պատգամավորի մուտքը պետական կառույց որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտելու. գրավոր ընթացակարգ չի պահանջվում. Էլինար Վարդանյան

Ոստիկանությունն օրենք է խախտում և թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին մտնել կառավարության 3-րդ մասնաշենք, ինչի իրավունքը նրանք օրենքով ունեն:

«Այս գործողությունները օրենքի կոպիտ խախտում են, և սրա հեղինակները պետք է միանշանակ պատասխանատվության ենթարկվեն: Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել պատգամավորի մուտքը պետական մարմին: Որևէ մեկը իրավունք չունի խոչընդոտել պատգամավորի հանդիպումը պետական պաշտոնյաների հետ: Օրենքով որևէ գրավոր պահանջ չի ներկայացվում: Այսինքն, օրենքը նշում է, որ պատգամավորն իրավունք ունի մասնակցել  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, և նրանք սեղմ ժամկետում պետք է ապահովեն այդ հանդիպումը: Որևէ գրավոր ընթացակարգ այս դեպքում չի պահանջվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ նշելով, որ կառավարության 3-րդ մասնաշենքում կան նախարարություններ, և նպատակն ի սկզբանե եղել է՝ մոտենալ բոլոր պետական պաշտոնյաներին, որոնք պատասխանատվություն են կրում երկրի քաղաքականության համար:

Պատգամավորի խոսքով, ոստիկանության ապօրինի գործողությունը՝ արգելել պատգամավորի մուտքը պետական մարմին, չէր կարող լինել առանց վերևից հրահանգի:

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ոստիկաններն ակնհայտ ցույց տվեցին, որ ենթարկվում են բացառապես քաղաքական հրահանգների: Գոյություն ունի մեխանիզմ, այսինքն, այն գործողությունները, որոնք բռի են, վայրի, դրանք պարզապես քաղաքական հրահանգի հետևանք են»,- շեշտել է Էլինար Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս