Բիլ Գեյթսը նոր համավարակ է կանխատեսել
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ մարդկությունը կարող է սպասել նոր համավարակ առաջիկա 20 տարում՝ 50% հավանականությամբ։ Այս կարծիքը նա հայտնել է իսպանական El Diario թերթում կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։
«Դա կարող է առաջանալ մի վիրուսից, որը մենք արդեն գիտենք: Դա կարող է լինել գրիպի տեսակ, այլ տեսակի կորոնավիրուս, բայց դա կարող է նաև այլ բան լինել»,- ասել է ամերիկացի գործարարը։
«Դա կարող է լինել մարդու կողմից ստեղծված վիրուս, մասնավորապես կենսաահաբեկիչների, որոնք մշակել են այն և միտումնավոր կարող են տարածել: Դա շատ սարսափելի սցենար է, քանի որ նրանք կարող են փորձել տարածել այն միաժամանակ տարբեր վայրերում: Կամ դա կարող է լինել ինչ-որ բան, որը դուրս է բնական աշխարհից: Բնակչությունն աճում է, և մենք ներխուժում ենք նոր էկոհամակարգեր: Այդ իսկ պատճառով ես հաշվարկեցի, որ 50 տոկոս հավանականություն կա՝ առաջիկա 20 տարում մենք կունենանք բնական համավարակ՝ կլիմայի փոփոխության հետևանքով», – ավելացրել է նա։
Համավարակների դեմ պայքարելու համար ձեռնարկատերն առաջարկում է ստեղծել «համաճարակային արձագանքման և մոբիլիզացման գլոբալ թիմ», որը նա համեմատում է հրշեջների հետ։
«Այն, ինչ ես առաջարկում եմ, կպահանջի Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջեի 25%-ով ավելացում, և դրանով մենք կունենանք մոտ 3000 հոգուց բաղկացած թիմ՝ տարբեր ուղղություններով»,-հավելել է նա:
Խոսելով կապիկի ծաղիկի մասին՝ Գեյթսը չի կարծում, որ դրա բռնկումը կվերածվի նոր խոշոր համավարակի։