Մետրոյի կայարանները պետք է որոշ չափով խտացնել, վերանայել կանգառները. քաղաքաշինարար
Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն դրամ հատկացվեց։ Մայիսի 24-ին կայացած նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ հավելեց, որ խոսքը նաև Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքի փուլերից մեկի ֆինանսավորման մասին է, ու նախագծային աշխատանքները կատարելու նպատակով են պահուստային ֆոնդից ֆինանսական միջոցներ ներգրավում:
Առաջիկայում մայրաքաղաքում սպասվող ծրագրերի շարքում ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցումն է՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մայիսի 11-ին գրել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ մետրոյի կայարանները պետք է որոշ չափով խտացնել, վերանայել կանգառները:
«Ժամանակի, կարծեմ՝ 2002-2003թթ., միջանկյալ կայարան կառուցելու առաջարկ եղել է, սակայն ինչ-որ խնդիր է եղել, պրոցեսը կանգնել է: Ավելի ճիշտ՝ ֆինանսավորում չի եղել, «Փեթակի» և «Սուրմալուի» տերերը պետք է, այսպես ասենք՝ գործը գլուխ բերեին, բայց գումարի չափը շատ է եղել՝ չեն արել: Բայց հիմա կարող են էկոնոմ ռեժիմով անել, մետրոյի կայարանները որոշ չափով խտացնել: Սովետական Միությունում հեռավորությունները 850 մետր պետք է լիներ, որ մետրոն իրեն արդարացներ: Կարելի է նաև խտացնել Սասունցի Դավիթ-Գործարանային հատվածը՝ «Գրանդ քենդիի» մոտ:
Այս դեպքում Էրեբունու թաղամասը որոշ չափով կօգտվի: Եվ հետո, մետրոյի հին ցանցը, որ արել են նախկինում, այդ ամենը պետք է վերանայվի, որովհետև, օրինակ, կանգառներն այն ժամանակվա սկզբունքներով են արվել»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքաշինարարը՝ հավելելով, որ ԽՍՀՄ տարիներին այլ սկզբունքներ են եղել, թե մետրոն որ զոնաներով պետք է անել, հիմա լրիվ ուրիշ է:
«Մետրոյի կայարանները պետք է որոշ չափով խտացնել, վերանայել կանգառները: Օրինակ՝ Չարբախից կարող են շարունակել, մյուս կանգառը լինի ձիարշավարանն ու «Կարմիր բլուր»-ը կամ Թեյշեբանիի հուշարձանը: Հետո՝ Գարեգին Նժդեհից կարող են շարունակել դեպի Երևան լիճ, ապա Եռաբլուր»,- նշեց Մարիամ Խաչատրյանը: