Փաշինյանի «բացահայտումը» Մադրիդյան սկզբունքների մասին մանիպուլյացիա և կեղծիք է. Աննա Կարապետյան
ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արեց Արմեն Ռուստամյանին խոստացած «բացահայտումը», որը, ինչպես պարզվեց՝ վերաբերում էր Արցախի բանակցային գործընթացում «Մադրիդյան սկզբունքներին»:
Ահա, թե ինչ էր «բացահայտում» Նիկոլ Փաշինյանը․ «Շատերն արդարացիորեն խոսում են, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ հայկական կողմը պետք է հենվեր և հենվում է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ-ի կողմից անկախություն հռչակելու փաստի հետ և 1991-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի հետ, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է անկախություն: Եվ հայկական նարատիվը միշտ եղել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և սահմանված կարգով դուրս է եկել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից: Հիմա 2007 թվականին ՀՀ-ն որպես բանակցային հիմք՝ ընդունում է «Մադրիդյան սկզբունքները», որտեղ ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով: Սա նշանակում է՝ հայկական կողմն այդ հենքն ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն: Հայկական կողմը, երբ ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել: Որովհետև եթե մենք արդարացիորեն ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը: Ավելին, ասում ենք, որ իր հետ համաձայնեցված պայմաններում պիտի դա տեղի ունենա:
Այսինքն, «Մադրիդյան սկզբունքներն» ընդունած կառավարության ներկայացուցիչներն այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են, որոնք Ադրբեջանին վետոյի իրավունք են տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում:
Հաջորդը՝ արձանագրելով, որ այդ ապագայի հանրաքվեին պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները, ևս մի հարված է հասցվել 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությանը՝ անուղղակի ընդունելով, որ այն ժամանակ ադրբեջանցիները չեն մասնակցել այդ հանրաքվեին, որը լեգիտիմության խնդիր է առաջացնում: Բայց ամենամեծ սենսացիոն փաստն այն է, որ «Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է: Հետո ասում են՝ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մադրիդյանն ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է»:
Փաշինյանի խոսքով՝ ինքը համանախագահներին հարցրել է՝ ասելով․ «Ես նոր մարդ եմ, ասեք՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակում կարո՞ղ է Լեռնային Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում»։ Իրենք էլ կարճ դադարից հետո ասել են․ «Այո, եթե Ադրբեջանը համաձայնի»:
«Դրանցով Ադրբեջանին վետո է տրվել Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցում: 2016-ին Ադրբեջանի նախագահը կառավարության նիստում ասում է՝ կուլիսներում ճնշում են, որ ես ճանաչեմ Ղարաբաղի անկախությունը, բայց մենք դա չենք անի: Հայաստանում դա ֆուրոր առաջացրեց, պետական մակարդակով դա ներկայացվեց՝ որպես հաղթանակ: Ոչ մեկը չի ասում՝ ինչո՞ւ են Ադրբեջանի հետ այս խոսակցությունը վարում: Ի՞նչ է նշանակում այդ դրվագը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչումը կախված է Ադրբեջանից: Բա ինչո՞ւ միջազգային հանրությունը չէր ասում՝ ես կճանաչեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «բացահայտմանը»՝ 168.am–ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն ասաց․
«Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանը՝ հիմք ընդունելով «մադրիդյան սկզբունքները», Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Դա բացահայտ մանիպուլյացիա և կեղծիք է: «Մադրիդյան սկզբունքները», ընդհակառակը, ամրագրում են, որ Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու իր կարգավիճակը, իսկ Ադրբեջանը պետք է ընդունի այն»։
Ի՞նչ էին իրենցից ներկայացնում «Մադրիդյան սկզբունքները», և ի՞նչ նշանակություն ունեին այդ սկզբունքներն Արցախի բանակցային գործընթացում՝ հարցադրումներին ի պատասխան, փորձագետն ասաց.
«Մադրիդյան սկզբունքները հղվում էին Հելսինկյան 1975թ․ Եզրափակիչ ակտում ամրագրված երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարում և տարածքային ամբողջականություն: Այսինքն, «Մադրիդյան սկզբունքներով» պետք է իրացվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հենց «Մադրիդյան սկզբունքներով» առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտման միջոցով, որը կունենա պարտադիր իրավական ուժ: Խոսքը հանրաքվեի մասին է:
Հանրաքվեին մասնակցողները հնարավորություն էին ստանում ընտրելու ցանկացած կարգավիճակ Հայաստանի, Ադրբեջանի կազմում, կամ էլ անկախություն: Ադրբեջանն ու միջազգային հանրությունն էլ պիտի ընդունեին ու ճանաչեին հանրաքվեի արդյունքները: Ենթադրվում էր, որ հանրաքվեին պիտի մասնակցեն նաև պատերազմի հետևանքով Արցախից հեռացած ադրբեջանցիները՝ 1988թ. առկա համամասնությամբ:
Պարզ էր դառնում, որ Արցախը նման համամասնությամբ չէր ընտրելու որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, հետևաբար՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր մանևրել և խուսափել սկզբունքների ստորագրումին, ինչին ականատես եղանք, օրինակ՝ Կազանում: Սկզբունքները բավական լուրջ զիջում էին ենթադրում նաև հայկական կողմից՝ 5 շրջանների վերադարձ մինչև հանրաքվեն, և ևս երկու շրջանի՝ Քելբաջարի ու Լաչինի վերադարձ հանրաքվեի անցկացումից հետո:
Միջնորդները հասկանում էին, որ երկրորդ հանրաքվեն զիջում է Արցախի կողմից, որովհետև 1991-ին հանրաքվե արդեն անցկացվել է, բայց այդ զիջումն Արցախը դարձնում էր կառուցողական ու բարձրացնում էր նրա սուբյեկտայնությունը: Որպեսզի այս ամենն իրականություն դառնար, պիտի համաձայնություն տային Հայաստանն ու Ադրբեջանը, հետո կնքվեր խաղաղության եռակողմ պայմանագիր Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի միջև: Այս ամենը բոլորովին չի նշանակում, որ հանրաքվե պետք է անցկացվեր Ադրբեջանի համաձայնությամբ և, առավել ևս, չի նշանակում, որ «Մադրիդյան սկզբունքներով» Արցախին կարգավիճակ էր տրվում Ադրբեջանի կազմում, ինչպես դա փորձում էր ներկայացնել երեկ Նիկոլ Փաշինյանը»,- մանրամասնեց Աննա Կարապետյանը:
Աննա Դեմիրճյան