Աղքատությունը չի կրճատվել, ներդրումները չեն հոսել, անհեթեթ օրենքներից բացի, լուրջ օրենսդրական նախաձեռնություններ չեն եղել. Հայկ Ֆարմանյան

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019-2021 թթ. գործունեության զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին նոր բացարձակ ռեկորդի մասին է հայտնել, որն այս անգամ վերաբերել է Հայաստանի աշխատաշուկային:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ապրիլ ամսվա տվյալներով, մենք Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապրիլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ թիվը մեծ է նախկինում եղած բոլոր ժամանակներից: Սովորաբար, մենք վերջին այդպիսի ռեկորդը համարում ենք 2021 թվականի դեկտեմբերը, որն ավանդաբար ամենաբարձր աշխատատեղ ունեցող ամիսն է, բայց արդեն ապրիլին մենք 5000-ից ավելի աշխատատեղով գերազանցել ենք նախորդ ռեկորդը, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ այսօր 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Խոսքը ոչ միայն գրանցված, այլ աշխատավարձով վճարվող աշխատատեղերի մասին է, որովհետև կան աշխատատեղեր, որոնցից եկամտային հարկ չի գեներացվում: Մեզ զգուշացնում էին, որ ռիսկեր ունենք և կարող ենք բյուջեի եկամուտներ կորցնել, բայց եկամտային հարկի գծով 2021 թվականին 2018 թվականի համեմատ 120 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ ենք ունեցել»:

Որքանո՞վ են այս թվերն արտացոլում իրականությունը և որքանո՞վ աշխատաշուկայում արձանագրված նոր «բացարձակ ռեկորդը» կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ, ինչո՞ւ աշխատատեղերի նման ավելացումից չի նվազել աղքատության ցուցանիշը, ինչո՞ւ չկան խոստացած միլիոնների ներդրումները, և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի հետ:

– Պարոն Ֆարմանյան, իսկապե՞ս ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ, քան 2018-ին էր, ինչպես հայտարարել է Փաշինյանը, թե՞ դրանք ստվերից դուրս եկած և գրանցված աշխատատեղերն են:

– Հայտարարության մեջ նշվում է 2022թ. ապրիլ ամիսը, դա կապվում է Եկամտային հարկի համահարթեցման հետ, իբրև թե այդ համահարթեցումն է նպաստել աշխատատեղերի ավելացմանը,  ես մասնագիտական տեսանկյունից բացարձակ որևէ կապ չեմ տեսնում: Եթե հրապարակվեր ցուցանիշ, որ բարձր վարձատրվող աշխատատեղերն են ավելացել, գուցե դա տրամաբանական լիներ, որովհետև համահարթեցման արդյունքում բարձր վարձատրություն ունեցող աշխատողները փաստացի շահել են: Իսկ Փաշինյանի հայտարարած թիվը ես կկապեի ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով մարտ-ապրիլ ամիսներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բացված հազարավոր աշխատատեղերի հետ, և ոչ միայն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Բոլոր այն ներմուծողները, որոնք ՌԴ-ում կիրառվող պատժամիջոցների պատճառով չեն կարողանում ուղիղ ներմուծել Ռուսաստան, Հայաստանի միջոցով ապրանքը դարձնում են Եվրասիական տնտեսական միության ապրանք և արտահանում ՌԴ: Բնականաբար, պետք է գրանցեն ռեզիդենտ ընկերություններ, ինչն էլ հանգեցնում է աշխատատեղերի ավելացման: Եթե չի մատնանշվում, թե որ ոլորտում են այդ աշխատատեղերն ավելացել, բնականաբար, կարող ենք միայն ենթադրություն անել:

Վիճակագրական վարչության տվյալներով, հայտարարագրված աշխատատեղերի աճի մեջ գերակշռում են պետական համակարգում զբաղվածները՝ մոտ 211 հազար աշխատատեղ։ Նրանց թիվը, ի դեպ, մեկ տարում ավելացել է 7 հազարով, ինչո՞վ է սա պայմանավորված, չէ՞ որ խոստացել էին օպտիմալացնել պետական համակարգն ու թեթևացնել պետության ֆինանսական ծանր բեռը:

– Պետական համակարգում զբաղվածների ավելացող թիվը ցուցանիշ է, որ ունենք անարդյունավետ կառավարում: Պետական ապարատի օպտիմալացման մասին խոսելուց հետո այդ թիվը չպետք է ավելանար: Սա կարող ենք դիտարկել նույն շղթայի մեջ, երբ հրապարակվում է 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ որպես խոշոր հարկ վճարողներ են հանդես գալիս պետական գերատեսչությունները՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատական դեպարտամենտը և այլն: Սա մեթոդաբանական կոպիտ սխալ է, որովհետև այս գերատեսչությունները չեն զբաղվում տնտեսական գործունեությամբ: Այս տրամաբանության մեջ դիտարկելիս, պետական համակարգում աշխատատեղերի ավելացումը դրական լույսի ներքո ներկայացնելը, մեղմ ասած, վատ ցուցանիշ է:

– Պարոն Ֆարմանյան, իսկ աշխատատեղերի այս պրոգրեսիվ աճը չի՞ ենթադրում արդյոք, որ պետք է նվազեր աղքատության ցուցանիշը: Օր օրի ավելացող գնաճի պայմաններում, երբ մարդկանց եկամուտների ավելացում չի գրանցվում, չեն էլ նկատվում աղքատության նվազեցման միտումներ: Վերջին 4 տարիներին տնտեսական կամ սոցիալական ի՞նչ քաղաքականություն է տարվել իշխանության կողմից աղքատությունը մեր երկրում կրճատելու համար:

– Աշխատատեղերի ավելացումը, բնականաբար, պետք է բերեր աղքատության կրճատման: Կարծում եմ՝ աշխատատեղերի ավելացման այդ ցուցանիշն արձանագրվել է չգրանցված աշխատատեղերի գրանցման արդյունքում: Մինչև 2018թ. գուցե եղել են որոշ արատավոր երևույթներ, բայց չի կարելի հայտարարել, որ հիմա ունենք աննախադեպ աճ՝ հիմնվելով լոկալ, որևէ ամսվա ցուցանիշների վրա: Այդ դեպքում պետք է հիմնավորել, թե որ ոլորտում ավելացավ, ինչի հաշվին ավելացավ և արդյոք դա հանգեցրեց աղքատության նվազմանը:  Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, ապա բովանդակային տնտեսական քաղաքականություն Հայաստանում չի տարվում: Վերջին երկու տարիների ընթացքում այս իշխանության իրականացրած ռեֆորմները սահմանափակվել են պոլիէթիլենային բարակ տոպրակները ավելի հաստ և թանկ տոպրակներով փոխարինելով, խանութում գնորդի աչքից ծխախոտը թաքցնելով, հանրային սննդի օբյեկտներում աղամաններն ու ծխելը արգելելով:

– Դեռևս 2018-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը, և ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու: Որտե՞ղ են այդ ներդրումները, մի քիչ շատ չե՞ն ուշանում:

– Այս իշխանության կառավարման տարիներին չի եղել որևէ օրենսդրական նախաձեռնություն, որը կխթանի ներդրումների աճը մեր երկրում: Իսկ «Գույքահարկի մասին», «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքներում փոփոխությունները միայն վանում են ներդրողներին:

Բովանդակային որևէ նախաձեռնություն, որը միտված կլինի ներդրումներ ներգրավելուն, չեմ հիշում: Երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության բրենդն է, հարց է առաջանում, թե ի՞նչ գին ունի այդ բրենդը, ո՞վ է պատրաստ գնել այդ բրենդը, և որքանո՞վ է այն նպաստում ներդրումներ ներգրավելուն: Մեր հայտնի հայրենակիցները, որ խոստանում էին բնակարան ձեռք բերել Հայաստանում և ներդրումներ անել, փաստացի չեկան ու ներդրումներ չարեցին: Պարզվեց՝ ոչ Եվրոպային, ոչ էլ որևէ մեկին հետաքրքիր չէր մեր «հեղափոխությունը», և ներդրումներն այդպես էլ չհոսեցին Հայաստան:

Իրականությունն այն է, որ աղքատությունը չի կրճատվել, ներդրումները չեն հոսել, անհեթեթ օրենքներից բացի, լուրջ օրենսդրական նախաձեռնություններ չեն եղել: Խոսում են նաև առևտրաշրջանառության մասին, ՀՆԱ աճի մասին, ժամանակակից աշխարհում նույն այդ ՀՆԱ-ն տնտեսագիտության մեջ էական ցուցանիշ չէ: Հայաստանի տնտեսության դեպքում, երբ չի խոսվում, թե ինչ կառուցվածքային փոփոխության է այն ենթարկվել, եթե չկա արդյունաբերության աճ, չկա շինարարության, գյուղատնտեսության աճ, իսկ 51 տոկոսը բաժին է ընկնում առևտրին ու ծառայություններին, հիմնականում վիճակախաղերին ու շահումով խաղերին, ապա չենք կարող խոսել որակական աճի մասին:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս