Մարդը ափի մեջ (Նիկոլ Փաշինյանի)
Այս օրերին Հայաստանում ընթացող քաղաքական պայքարը ձևակերպվում է՝ որպես Նիկոլ Փաշինյանի դեմ պայքար։ Ընդդիմությունը հասարակությանը ներկայացնում է, թե բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա կամ հեռացվի իշխանությունից, և բոլոր խնդիրները կլուծվեն։ Բայց դա եթե անգամ ճշմարտություն է, ապա լավագույն դեպքում կես ճշմարտությունն է։ Իրականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանին պատուհասած բոլոր խնդիրների այսբերգի գագաթն է։
Այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է Արցախի ու Հայաստանի հետ, չի անում միայնակ, ոչ էլ անգամ նեղ խմբակով կամ համախոհների փոքր թիմով։ Նիկոլ Փաշինյանի հակապետական գործունեությունը սպասարկում են հազարավոր, գուցե տասնյակ-հազարավոր մարդիկ՝ սկսած նրա արտաքին քաղաքական արկածախնդրությունները ձևակերպող դիվանագետներից՝ մինչև դրանք դակելու պատրաստ Սահմանադրական դատարանի անդամներ, գործադիր իշխանության բոլոր մարմինների հազարավոր աշխատակիցներից՝ մինչև խորհրդարանական կրկեսի տասնյակ մասնակիցներ ու դաշնամուր նվագող նախագահ, «փորձագիտական հանրություն» կոչվող հավաքականությունից՝ մինչև ուժային համակարգի ներկայացուցիչներ՝ ոստիկաններ, զանազան գույնի բերետավորներ, անվտանգության կառույցների աշխատակիցներ և զինված ուժեր։
Ահա այս բոլոր համակարգերում աշխատում են մարդիկ՝ ՀՀ քաղաքացիներ, անուն-ազգանուն, տուն-տեղ, ընկերություն-շրջապատ ունեցող մարդիկ, որոնք հաշվվում են հազարներով կամ տասնյակ-հազարներով։
Հայտնի չէ գոնե մեկ եզակի դեպք, օրինակի համար՝ պիտանի մի ցուցանմուշ, որ այդ հազարավորներից մեկն ազատման կամ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ դա հիմնավորելով Նիկոլ Փաշինյանի հակապետական գործունեությամբ, դրան չծառայելու կամքով։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան երևույթը միայն վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չէ, ավելի լայն իմաստով այդ երևույթը քաղցկեղային մետաստազի նման տարածված է ողջ Հայաստանում, մարմնավորվում է հազարավոր անուն-ազգանուններով, որոնցից յուրաքանչյուրն իր տեղում, իր լիազորությունների շրջանակներում սպասարկում է այն հակապետականությունը, որի արտահայտությունն է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի մեծագույն խնդիրը, այդուհանդերձ, մարդու խնդիրն է՝ ամենապարզ, ամենահասարակ մարդու, ավելի ճիշտ՝ դրա բացակայության։ Երկիրը, որի պետական կառավարման համակարգը, դատական ու օրենսդիր իշխանությունը, բանակն ու ոստիկանությունը լցված է մարդկանցով, որոնք պատրաստ չեն հանուն սեփական պետության զրկվելու աշխատանքից ու աշխատավարձից, չի կարող զարգացման որևէ հեռանկար ունենալ։
Բոլոր այդ մարդիկ, հազարավորները կամ տասնյակ-հազարավորները, Նիկոլ Փաշինյանի հանցակիցներն են՝ ավելի կամ պակաս չափով։
Նրանց գոյությունն ամենաշատը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, քանի որ դա օգնում է մենակ չլինել հայրենիքը վաճառելու կամ հանձնելու գործում։ Այդ գործարքի համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է վճարել ու վճարում է՝ աշխատավարձով ու պարգևավճարով, ընդհանուր առմամբ գրոշներ, որոնք, սակայն, ստացողների համար բավարար են սեփական կյանքին նման խարան դաջելու դիմաց։
Հայաստանում հիմա կատարվում են հայրենավաճառության հազարավոր գործարքներ, որոնց շահառուները պետական ու այլ համակարգերի աշխատակիցներն են, վճարողը՝ Նիկոլ Փաշինյանը, որն էլ իր հերթին՝ որևէ մայրաքաղաքում ստորագրել կամ ստորագրելու է «մեծ գործարքը»՝ բնականաբար, ոչ թե գրոշների, այլ միայն իրեն հայտնի վճարաչափի դիմաց։
Հարություն Ավետիսյան