Ժողովրդավարության մանր վաճառականը

Ազգային ժողովի վերջին կրկեսի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնում կանգնած ծափահարում էր ինքն իրեն, նա հայտարարեց՝ «կեցցե հայկական ժողովրդավարությունը»։

Այդ արտահայտությունը նա հնչեցրեց սեփական երկրի խորհրդարանի ամբիոնում սեփական երկրի պատգամավորներից անվտանգության տասնյակ աշխատակիցների կողմից շրջափակվածության պայմաններում, երբ այդ միջոցին սեփական երկրի Ազգային ժողովը սեփական քաղաքացիներից պաշտպանվում էր հազարավոր ոստիկաններով։ Այդպիսի ժողովրդավարությունը, այո, անհրաժեշտ էր պիտակավորել որևէ մակդիրով, որովհետև դա նորմալ ժողովրդավարություն չէ, սովորական ժողովրդավարությունը ժողովրդից չի պաշտպանվում զինված թինապահներով ու ոստիկաններով։

Որպես Հայաստանին վնաս հասցնելու մեծագույն վարպետ, Նիկոլ Փաշինյանը դա անվանեց «հայկական»՝ աշխարհին  ցույց տալով, թե ինչպես ու ինչքան է այլասերված ժողովրդավարությունը Հայաստանում։ Աշխարհն էլ, որ սեփական աշխարհաքաղաքական շահերի բերումով, պակաս այլասերված ու երկդիմի չէ,  ծափահարում է «հայկական ժողովրդավարությանը»՝ դեսպանների մակարդակով մասնակցելով ոստիկանական պատերի ներքո անցկացվող ժողովրդավարության այլասերման միջոցառումներին ու գովեստներ ձոնելով Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարությունը՝ որպես արժեք, երևույթ, դեգրադացրել է առավելագույն հնարավոր չափով։

Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի կամքի արտահայտությունը։

Ժողովրդավարությունն ազատություն է ու համախոհություն, ժողովրդավարությունը հանդուրժողականություն է ու հարգանք, ժողովրդավարությունը դիմացինի ազատության ու կարծիքի գնահատումն է ու լայնախոհությունը։

Նիկոլ Փաշինյանը բոլոր նշված հասկացությունների հակամարմնավորումն է։ Ժողովրդի իշխանությունն ու ժողովրդի կամքը չի կարող «արտահայտվել» զինված մարդկանց պաշտպանությամբ, եթե այդ իշխանությունը վախենում է նույն ժողովրդից, ապա այն ժողովրդավարական չէ ըստ սահմանման։ Ինչպես որ  ժողովրդավարական չի կարող լինել այլակարծությունն «ասֆալտին փռող» ու «պատերին ծեփող» իշխանությունը,  ինչպես նաև ընդդիմախոսներին բանտեր նետող ու հետապնդող իշխանությունը։

Իրականությունն այն է, որ ժողովրդավարությունը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե արժեք է, այլ միջոց՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։ Նրա իշխանությունը բովանդակությամբ ամբողջությամբ ավտորիտար իշխանություն է։ Երկիրը, որտեղ ամեն ինչի վերաբերյալ որոշումները կայացնում է մեկ անձ, ավտորիտար պետություն է՝ հիմնված անձնիշխանության վրա։ Պարզապես հիմա աշխարհաքաղաքական հանգամանքներն այնպես են դասավորված, որ կոմերցիոն տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի համար շահավետ է ներկայանալ ժողովրդավարության դիմակով, որը նա փորձում է ներկայացնել՝ որպես Հայաստանի բրենդ։

Իրականում, սակայն, դա ոչ թե Հայաստանի ապրանքանիշն է, այլ իր իսկ իշխանության առևտրային փաթեթավորումը, որն այս պահին լայն պահանջարկ է վայելում գեոպոլիտիկ շուկայում։

Հայաստանի բրենդն այլասերված ժողովրդավարությունն է, որն ամեն օր քայքայում է Հայաստանը։ Հայտնի արտահայտությունը, որ բացարձակ իշխանությունը մարդուն այլասերում է բացարձակորեն, ամբողջությամբ համապատասխանում է Նիկոլ Փաշինյանին։ Այն հավելումով, որ դրա արդյունքում նա կարողացել է այլասերել նաև պետությունն ու պետականությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս