«Անիմաստ եմ համարում բոլոր տեսակի բանակցություններն Արցախի կամ Ղարաբաղի, ինչպես կոմյունիկեում է նշվում՝ ընդգրկվածությունն Ադրբեջանի կազմում». Արցախի ԱԺ փոխնախագահ
Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել, որում մասնավորապես ընդգծել են, որ Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը:
«Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի՝ «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը»,- նշված է հայտարարության մեջ։
Այս հայտարարությանը միացել են Արցախի ԱԺ 5 խմբակցություններից 4-ը՝ 24 մայիսի, 2022թ. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»։
«Միասնական հայրենիք» խմբակցությունն էլ իր հերթին է հայտարարություն տարածել, ընդգծելով, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Ի դեպ, հիշեցնենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահն Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է:
Իսկ 168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցն անդրադառնալով ԱԺ 4 խմբակցությունների տարածած հայտարարությանը չմիանալուն և առհասարակ Արցախի խնդրի վերաբերյալ իրենց տեսակետին, պատճառաբանեց, թե խմբակցությունն իր տեսակետը բազմիցս արտահայտել է, թերևս սա է պատճառը, որ չեն միացել 4 խմբակցությունների տարածած հայտարարությանը։
«Մենք մեր դիրքորոշումն արդեն արտահայտել ենք, կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է վերադարձվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ։ Մենք ակտիվորեն պետք է համագործակցենք ռուսաստանյան համանախագահության հետ և մեր ընդհանուր շեշտը պետք է դնենք Ռուսաստանի հետ համագործակցության վրա։ Այսինքն՝ այն ձևաչափերը, որոնք մինչև այժմ ուրվագծվել էին բազմաթիվ հանդիպումների ժամանակ, լինի Մինսկի խմբի շրջանակներում, և թեկուզ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, մենք դրանից չպետք է շեղվենք։ Բարդ իրավիճակ է ստեղծվել թե՛ ՌԴ-ի հետ՝ ուկրաինական պատերազմի հետևանքով, թե՛ առհասարակ մեր տարածաշրջանում, գործընթացները բավականին բարդ են»,- նշեց Գագիկ Բաղունցը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ «Միասնական հայրենիքի» տեսակետը չի փոխվել ապրիլի 14-ին ԱԺ 5 խմբակցությունների տարածած հայտարարության վերաբերյալ, այն է, որ պաշտոնական Արցախի համար անընդունելի է կարգավիճակի նշաձողի իջեցումը, և ինքնորոշման իրավունքը չունի այլընտրանք։
«Մենք ի սկզբանե ունեինք այդ գաղափարը, և այդ մոտեցումը ոչ մի կերպ չի փոխվել ու չի փոխվելու։ Մենք մշտապես հստակ պահանջելու ենք Արցախի անկախությունը, առավել ևս ոչ մի խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ընդգրկվելու մասին։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները։ Առհասարակ անիմաստ եմ համարում բոլոր տեսակի բանակցություններն Արցախի Հանրապետության կամ Ղարաբաղի, ինչպես կոմյունիկեում է նշվում՝ ընդգրկվածությունն Ադրբեջանի կազմում»,- եզրափակեց Գագիկ Բաղունցը։