«Պատերազմն ավարտելու համար Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Ռուսաստանին»․ Հենրի Քիսինջերի դավոսյան ելույթը՝ արևմտյան քննադատությունների տարափի պատճառ
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումի ընթացքում ԱՄՆ նախկին պետքարտուղար, ամերիկացի հեղինակավոր պետական գործիչ Հենրի Քիսինջերը Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին հատկապես Արևմուտքի և արևմտյան ազդեցության գործիչների, փորձագիտական հանրության համար տհաճ ելույթով է հանդես եկել։
Քիսինջերի խոսքերը մեջբերում են հեղինակավոր «Վաշինգտոն փոստը» և Դավոսի տնտեսական ֆորումը լուսաբանող այլ հեղինակավոր լրատվամիջոցներ՝ նշելով, որ Ուկրաինայի չեզոք աշխարհաքաղաքական կարգավիճակը դեռ կարող է կարգավորել հակամարտությունը, թեև այդ կարգավորման հնարավորություններն այժմ ավելի քիչ են, քան նախկինում։ Նա նշել է, որ այդ մասին ինքը գրել է դեռևս 8 տարի առաջ գրած հոդվածում՝ կատարյալ տարբերակ համարելով Ուկրաինայի գոյությունը որպես չեզոք կարգավիճակով պետություն, որը կարող է կամուրջ դառնալ Մոսկվայի և Եվրոպայի միջև: Նա նշել է, որ Ուկրաինան պետք է տարածքներ զիջի Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար, առաջարկելով հենց չեզոք դիրքորոշում Ուկրաինայի համար, որին, ըստ արևմտյան պարբերականների, դեմ է Ուկրաինայի բնակչության մեծամասնությունը։
Քիսինջերն Արևմուտքին ու Միացյալ նահանգներին զգուշացրել է, որ Արևմուտքի համար ճակատագրական կլինի, եթե նա ենթարկվի պահի տրամադրությանը և մոռանա Ռուսաստանի պատշաճ տեղը եվրոպական ուժերի հավասարակշռության մեջ, որը կարող է վատթարացնել Եվրոպայի երկարաժամկետ կայունությունը։
Քիսինջերը կարծիք է հայտնել, թե չի կարելի թույլ տալ, որ պատերազմը երկարաձգվի, իսկ բանակցությունները պետք է սկսվեն մոտակա երկու ամիսների ընթացքում, քանի դեռ բանը չի հասել ցնցումներին ու լարվածությանը, որոնք անհաղթահարելի չեն լինի։
Նրա որակմամբ, իդեալականն այն կլինի, որ նախկին վիճակին վերադառնա Ուկրաինան:
Նա Համաշխարհային տնտեսական ֆորումին հայտարարել է, որ Ռուսաստանը 400 տարի եղել է Եվրոպայի կարևոր մասը և ճգնաժամային պահերին եվրոպական ուժերի հավասարակշռության երաշխավորը: Ուստի, նրա համոզմամբ, եվրոպական առաջնորդները ուշադրությունից չպետք է բաց թողնեն ավելի երկարաժամկետ հարաբերությունները և չպետք է Ռուսաստանին Չինաստանի հետ մշտական դաշինքի մղելու ռիսկի դիմեն: Նա նշել է, որ Ուկրաինայի ճիշտ դերը չեզոք բուֆերային պետություն լինելն է։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը