«Դա միֆ է. Հայաստանի ժողովուրդն է որոշում՝ Նիկոլը մնա՞, թե՞ գնա». Նաիրա Կարապետյան
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ Արցախի հարցում շրջադարձ հնարավոր է, բայց ժամանակն է շատ սուղ:
«Այս բանակցողները միանշանակ պետք է հեռանան: Բրյուսելի հանդիպումը վերջին ցցուն օրինակն էր լայն շրջանակների համար, որպեսզի նրանք համոզվեին, որ Արցախը հանձնվել է՝ դեռ հայտարարությունների մակարդակով: Դեռ չկան պաշտոնական փաստաթղթեր, բայց այլևս դա կայացած փաստ է, և շրջել այս իրադարձությունները հնարավոր կլինի միմիայն նոր իշխանությունների, նոր բանակցողների միջոցով, ովքեր պետք է ունենան բավարար կամք և պատրաստ լինեն ահռելի մեծ աշխատանքի: Միանշանակ, կան դիվանագիտական այդ ճանապարհները, փաստաթղթային հենքը և գործիքակազմը կա, բայց ինչպես տեսնում ենք՝ ոչ միայն չկա կամք՝ Արցախը հայկական պահելու, կարգավիճակի մասին խոսելու, կարգավիճակը պնդելու, ազգերի ինքնորոշման իրավունքը առաջնային պահելու, այլև կա արդեն քաղաքական որոշում՝ համաձայնելու այն բոլոր պայմաններին, որոնք մշտապես եղել են թուրք-ադրբեջանական երազանք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Կարապետյանի խոսքով՝ բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ հայանպաստ դրույթ չկա.
«Հայանպաստ չեմ կարող համարել մի հայտարարություն, որտեղ Հայաստանի ամրապնդմանը միտված բացարձակապես ոչինչ չկա, բայց եկեք ֆիքսենք, որ այդ ամենը չկա, քանի որ այդ ամենը Հայաստանի կողմից ներկայացված չէ: Հայաստանը Ադրբեջանին 6 կետ էր ներկայացրել, որոնք մեկ նախադասությամբ կարելի է բնորոշել՝ այո, հնազանդ եմ»:
Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց պաշտոնական Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։
Նաիրա Կարապետյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված այս շտապողականությունը. «Այստեղ մի քանի պատճառ կա. Առաջինը՝ հենց մեր երկրի ներքաղաքական իրավիճակն է, օր օրի մեծ թափ հավաքող անհնազանդության շարժումները և այն դիմադրությունը, որը ցուցաբերվում է Նիկոլ Փաշինյանին: Ինչքան էլ Նիկոլը փորձի չնկատել մարդկանց, ովքեր օր օրի շատանում են, իսկ մենք չենք հիմնվում պատահական դրոնների նկարածների կամ իշխանահաճո հաշվարկների վրա, մենք ներսում տեսնում ենք՝ ինչ է կատարվում, ինչպիսի մարդիկ են այնտեղ հավաքված, ինչ քաղաքական և մարդկային որակների տեր, մարդիկ, ովքեր դուրս են եկել կոմֆորտի գոտուց և պահանջում են փրկել երկիրը… Բնականաբար, սա չի կարող վտանգ չներկայացնել Նիկոլի համար, իսկ Հայաստանի իշխանությունները շտապում են: Բնականաբար, արևմտյան-թուրքական թևի, աշխարհի մեծ խաղացողների պահանջով՝ շտապում են Նիկոլից քամել առավելագույնը, ինչ հնարավոր է: Շառլ Միշելի հայտարարության վերջում նշված էր, որ հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիս-օգոստոս ամիսներին. Երկու-երեք ամսի տարբերությամբ նմանատիպ հանդիպումներ իրականացնելը համաշխարհային պրակտիկայում նշանակում է ոչ թե շտապել, այլ՝ շա՜տ շտապել: Նրանք փորձում են պոկել այն ամենը, ինչի համաձայնությանը հասել են բանավոր կերպով»:
Ըստ նրա՝ Ռուսաստանը դուրս է մղվել այս գործընթացներից. «Մինչև երեկ գոնե հայտարարվում էր, որ այդ հանձնաժողովները պետք է օգտվեն Ռուսաստանի ձեռքի տակ եղած քարտեզներից, որոնցով կիրականացվի իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չհամարող Ադրբեջանի հետ մեր սահմանազատումը: Այստեղ որևէ հղում ո՛չ այդ քարտեզների մասին կա, ո՛չ այդ սկզբունքների մասին կա, ո՛չ էլ ռուսական կողմին կա»:
Նա նշեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ն ու «Հայկական խաչմերուկ»-ը, իրականում, նույն բանն են. ««Հայկական խաչմերուկ»-ն ավելի ականջահաճո է լայն մասսաների համար, և մարդիկ, ովքեր համառորեն չեն ուզում ընդունել իրենց սխալը, որ 4 տարի գուցե չպետք է դիմեին այդ քայլին, լսելով «Հայկական խաչմերուկ» բառակապակցությունը, իսկ հավատացեք՝ նեյրոլինգվիստիկայի մեջ դա բավականին ուժեղ գործող միջոց է, մտածում են, որ դա հայկական լավ բան է: Ո՛չ, դա լավ բան չէ, դա «Զանգեզուրի միջանցք» կոչվածն է: Ի դեպ, նոյեմբերի 10-ի խայտառակ փաստաթղթից հետո Ադրբեջանը այստեղ ևս գրանցել է մի ահռելի հաջողություն, որն այդ փաստաթղթում չկար: Ադրբեջանը, չհանդիպելով հայկական կողմի դիմադրությանը, հասել է նրան, որ մեզ Արցախի մնացորդներին կապող ճանապարհն ունենալու է նույն կարգավիճակը, որն ունենալու է, այսպես ասած, արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը»:
Նաիրա Կարապետյանը միֆ է համարում այն խոսակցությունները, թե Հայաստանի ժողովուրդը չի որոշում՝ Փաշինյանը մնա՞, թե՞ գնա, այլ դա որոշում են արտաքին խաղացողները. «Դա ամենամեծ միֆն է: 2021թ. Հայաստանի հանրության ներկայացուցիչներն էին այդ 680 հազար մարդիկ, որ ընտրեցին Փաշինյանին: Ո՛չ, Հայաստանի հանրությունն է որոշելու: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն այդ հարցը տա՝ ինքը ուզո՞ւմ է ունենալ անկախ պետություն, դրոշ, հիմն, այբուբեն, իր երեխաներն ապրեն ապահով, առանց վախի, որ նրանց փողոցում այլ ազգի ներկայացուցիչները կարող են նեղացնել, թե՞ չի ուզում: Բոլորս ենք որոշելու: Դա նույնն է, որ ասես՝ ընտանիքի բյուջեն ընտանիքի հայրն ու մայրը չեն որոշում, այլ՝ տասներորդ հարկի հարևանը: Մեր երկրի տերը մենք ենք, մի՛ հավատացեք նման բան ասողներին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում