Հիշում եք՝ տարիներ առաջ Լենա Նազարյանը, երբ դեռ պատգամավոր չէր, ուր ասես, մտնում էր, մեզ չթողեցին․ Աննա Գրիգորյան
«Այսպես կոչված, ժողովրդավարության բաստիոնում չկարողացանք հանդիպել այն մարդկանց, որոնք ասում էին, որ սատարում են 2018թ., 2021թ., և որ հիմա էլ ժողովրդավարություն է Հայաստանում: Բայց դուք տեսաք, որ մենք մեր վանկարկումներով փորձեցինք առաջ գնալ և ներկայացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում,- «Մարիոթ» հյուրանոցից դուրս գալուց հետո հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հիշեցնելով,- Դեռ տարիներ առաջ նույն Լենա Նազարյանը, որը դեռ ԱԺ պատգամավոր չէր, շատ հանգիստ ներս էր մտնում տարբեր միջոցառումներ, ԵՄ տարբեր ներկայացուցիչների առաջ ներկայացնում իր պատկերացումները:
Հիմա, այսպես կոչված, ժողովրդավարության բաստիոնում ԱԺ ընդդիմադիր պատգամավորները չկարողացան հասնել նրանց, ցույց տալ, որ քաղբանտարկյալներ ունենք ՀՀ-ում, որ ԱԺ պատգամավորն օրը ցերեկով կարող է ծեծվել ոստիկանների կողմից»:
Հիշեցնենք, «Մարիոթ» hյուրանոցում այսօր մեկնարկել էր Ժողովրդավարության հայկական ֆորումը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, և բացման խոսքով նա ելույթ ունեցավ: Միջոցառմանը ներկա էին նաև ԵՄ և ԱՄՆ դեսպանները, միջազգային, ինչպես նաև տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ժողովրդին դիմելով՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ ժողովրդի որոշմամբ մտնում են ներս՝ իրականացնելու իրենց պատգամավորական առաքելությունը և ցույց տալու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը։ Հյուրանոցի մոտ ձևավորված ոստիկանական պատնեշի ղեկավար ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո, ի վերջո, պատգամավորներին թույլ տվեցին ներս մտնել, սակայն հյուրանոցի ներսում նրանց սպասող ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն արգելեց պատգամավորների մուտքը սրահ: