12 ամսում 599 միլիոն դրամի պարգևատրում ու բազմաթիվ թափուր հաստիքներ վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմում 2021 թվականին 599 միլիոն դրամի պարգևատրում են բաժանել:

12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցում  «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի՝ «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման հոդվածից տեղեկանում ենք, որ 2021 թվականին աշխատողների աշխատավարձերին ու հավելավճարին ուղղվել է շուրջ 2 միլիարդ 460 հազար դրամ, պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին՝ 599 միլիոն դրամ, քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրմանն էլ՝ 149 միլիոն 3489 հազար դրամ:

Նշվում է, որ համաձայն վարչապետի՝ 11.02.2021 թ. որոշման, աշխատակազմի հաստիքների թվաքանակը սահմանվել է 696 միավոր, որը 26.05.2021թ․ որոշմամբ փոփոխվել է՝ կազմելով 692 միավոր: Պարզվում է, սակայն, որ 2021թ. վարչապետի աշխատակազմում մշտապես առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց թիվը տատանվել է 156-170 միջակայքում:

«Վերջին եռամսյակում թափուր է եղել հաստիքների 23-25 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում աշխատավարձի տնտեսված ֆոնդից տրվել է 288 միլիոն 932 հազար դրամի պարգևատրում: Միայն դեկտեմբեր ամսին թվով 15 հրամանների համաձայն՝ հատկացվել է 198 միլիոն 138 հազար դրամի չափով պարգևատրում, որի արդյունքում որոշ աշխատակիցներ տարբեր հրամաններով պարգևատրվել են մինչև 4 անգամ»,- նշվում է Հաշվեքննիչ պալատի զեկույցում:

Հաշվեքննության՝ «Հետհսկողական գործընթաց» բաժնից տեղեկանում ենք, որ թափուր հաստիքների առնչությամբ 2021 թ. բյուջեի 3, 6 և 9 ամիսների կատարման հաշվեքննությունների համապատասխան ընթացիկ եզրակացություններում առաջարկություն է ներկայացվել քննարկելու աշխատակազմում թափուր հաստիքների առկայության նպատակահարմարությունը:

Նշված առաջարկի վերաբերյալ աշխատակազմը հայտնել է, որ քննարկում են մինչև 50 թափուր հաստիքային միավոր կրճատելու հնարավորությունը և իրականացնում թափուր հաստիքների համալրման ընթացիկ աշխատանքներ:

Հիշեցնենք՝ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածը 2021թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ն է, հաշվեքննության կատարման ժամանակը՝ 2022 թ. փետրվարի 14-ից մինչև 2022 թ. ապրիլի 30-ը:

Տեսանյութեր

Լրահոս