«Եթե պատգամավորների լիազորությունները դադարեցնեն, միևնույն է, այդ նույն խմբակցությունների հաջորդող համարները պետք է համալրեն նրանց տեղը». Գոհար Մելոյան

«Մինչ պարոն Գալեյանին (44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։– Գ. Ս.) այս հոգեվիճակին հասցնելը և ենթադրյալ, օդից կախված փոքր դրվագներից կախվելով՝ մարդուն ազատությունից զրկելը, նա՝ որպես որդեկորույս հայր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, արդարացի պահանջ ուներ: Նրա և իր բախտակիցների կողմից մի քանի տասնյակ հաղորդումներ են ներկայացվել հանցագործության մասին: Մի քանի տասնյակ դրվագներով արդեն պետք է լինեին հարուցված քրեական գործեր, որոնք չկան, մինչդեռ հարյուրավոր հիմքեր կան»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Գարիկ Գալեյանի ձերբակալությանը:

Բացի այդ, ըստ նրա, իրավական անարխիկ վիճակ են ստեղծում, այդ մարդկանց մոլորեցնում են, իրավական մի կառույցից մյուսն են ուղարկում, շփոթեցնում:

«Իմ գնահատմամբ՝ արդարացի ցասման այդ փոքր դրվագը հրահրվել է: Սա այս իշխանությանը բնորոշ գործելակերպ է: Ո՞նց կարելի է այս դրվագը հանդուրժել, եթե դու հայ ես, ՀՀ քաղաքացի ես: Սա ամենանուրբ թեման է»,- ասաց իրավաբանը:

Անդրադառնալով իշխանությունների՝ ընդդիմադիր պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությանը բացակայությունների հիմքով, սահմանադրագետը նշեց, որ նրանց կողմից այս հարցի բարձրացումը զավեշտալի էր, որովհետև իրենք մոռացել են իրենց անցյալը:

«Իշխանական պատգամավորները քննադատում են այն արարքները, որոնք իրենք նույնությամբ կատարել են 2018թ. և դրան նախորդող ժամանակահատվածում»,- ասաց Գոհար Մելոյանը:

Սահմանադրագետի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը նման ընթացակարգ նախատեսում է. կոնկրետ հիմքեր են սահմանված պատգամավորական լիազորությունների դադարեցման ու դադարման:

«Դադարեցման նման հիմք կա, և երբ օրացուցային մեկ կիսամյակ պատգամավորը քվեարկությունների կեսից ավելիի բացակայում է, հնարավոր է բարձրացնել պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը»,- ասաց Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ երկու սուբյեկտ են իրավասու բարձրացնել այդ հարցը՝ կամ Ազգային ժողովի խորհուրդը, կամ պատգամավորների 1/5-ը:

Իրավաբանը նշում է՝ այս երկու սուբյեկտները դիմում են Սահմանադրական դատարան, որն էլ կայացնում է վերջնական որոշում:

«Երկու դեպքում էլ իշխող ուժն անհրաժեշտ ձայների քանակ ունի թե ԱԺ Խորհրդում, թե պատգամավորների, սակայն հարցն այլ հարթության մեջ է պետք դիտարկել: Եթե պատգամավորների լիազորությունները դադարեցնեն, միևնույն է, այդ նույն խմբակցությունների հաջորդող համարները պետք է համալրեն նրանց տեղը: Բացի դրանից, բազմաթիվ անգամ ընդդիմադիր պատգամավորները բարձրաձայնել են, որ իրենց համար խնդիր չէ այդ մանդատը վայր դնելը, սակայն ես բազմիցս նշել եմ, որ այդ մանդատը մի շարք հնարավորություններ է ստեղծում, օրինակ՝ ոստիկանական բաժանմունքներ այս օրերին այցելելը, քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածներին տեսնելը»,- ասաց Գոհար Մելոյանը:

Ըստ նրա՝ եթե ընդդիմադիր խմբակցություններն իրենց մանդատներից հրաժարվեն, քաղաքական ճգնաժամի առաջ կկանգնի իշխող ուժը՝ դրանից բխող հետևանքներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս