Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ռաֆիկ Արամյանը
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության մայիսի 18-ի նիստում ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հրաչիկի Արամյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, ներկայացնելով Մաթեմատիկայի ինստիտուտի զարգացման իր տեսլականը՝ Ռաֆիկ Արամյանը նշել է, որ պետք է խրախուսել միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը, ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ:
«Մենք պետք է զբաղվենք մաթեմատիկական խնդիրներով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն: Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որտեղ կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպություններն իրենց անհրաժեշտ մաթեմատիկական խնդիրների լուծման համար: Այդպիսով հնարավոր կլինի ստեղծել մրցունակ միջավայր՝ ներգրավելով երիտասարդ գիտնականներին», – ասել է Ռաֆիկ Արամյանը:
Ռաֆիկ Արամյանը ծնվել է 1962 թ.-ին, Աշտարակ քաղաքում:
2013 թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում:
2021 թ.-ին նրան շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում:
2013 թ.-ից ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է և Հայ-Ռուսական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն վարիչ:
Ռաֆիկ Արամյանն ավելի քան 50 գիտական հրապարակումների և միջնակարգ դպրոցի երեք դասագրքերի հեղինակ է: Նա American Journal of Applied Mathematics (AJAM) և Advances in Pure Mathematics (APM) ամսագրերի խմբագրական խորհրդի (AMU), Հայկական մաթեմատիկական միության, Աթենքի կրթության և հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական անդամ (ATINER) է: