«Ի՞նչ է նշանակում՝ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, այդ դեպքում՝ ո՞վ. տիեզերքի՞ց ինչ-որ մեկը պետք է իջնի». Մհեր Մկրտչյան

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի կարծիքով՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունների կոշտանալն ուղիղ կապ ունի հիստերիայի հետ:

«Եթե սկսում են կոշտացնել ոստիկանները գործողությունները, ուրեմն՝ նրանց ղեկավարները հասկանում են, որ ուրիշ որևէ ճանապարհ չունեն, միայն վախեցնել, մտածելով, որ հնարավոր է՝ կոշտ լինենք, կարող է վախենան: Չեն հասկանում, որ հաջորդ օրն ավելի շատ մարդ դուրս կգա: Դա հակառակ էֆեկտ է ունենալու: Հակաիշխանական էներգետիկան շատ մեծ է երկրում, առավել ևս՝ մայրաքաղաք Երևանում, ինչքան կոշտ գործողություններ ցուցաբերեն ոստիկանները, այնքան ավելի մեծ հակազդեցություն կլինի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կինոռեժիսորի համար անսպասելի է, որ վերջին օրերին շարժմանը միանում են մշակույթի և արվեստի շատ գործիչներ. «Ես ուրախ եմ, որ շատանում են մշակույթի գործիչները, ես ավելի պեսիմիստ էի այդ առումով՝ պայմանավորված մշակութային գործչի հոգեբանությունով, կախվածությունով իշխանություններից, վախերով, այդպես եղել է միշտ ու կլինի միշտ: Վախեր՝ զրկվել աշխատավարձից, փառատոնից, թատրոնի շենքից, ինչ-որ մի բանից: Մշակույթի գործիչը միշտ ինչ-որ բանից վախենում է, նա միշտ կախվածություն ունի իշխանություններից: Հավատացած եղեք, հաջորդ իշխանափոխությունից հետո բոլոր այն մշակույթի գործիչները, որոնք լուռ կամ ակնհայտ պաշտում են Նիկոլին, կպարզվի, որ իրականում ատել են, զզվել են և թաքցրել են»:

Մհեր Մկրտչյանն այս օրերին աշխատում է «Իշխանություն 2» ֆիլմի վրա, որի գործողությունները սկսվում են 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից. «Դա սկիզբն է, վերջը կցանկանայի թողնել փակագծերի մեջ և չբացահայտել»:

Դիտարկմանը՝ սպասում եք իշխանափոխության, նա արձագանքեց. «Յուրաքանչյուր բառ հիմա, որ ես ասեմ ֆիլմի մասին, կլինի ավելորդ ինֆորմացիա, որը բարոյական և կոմերցիոն նպատակներով կուզենայի դեռ չասել»:

Նրա համար անհեթեթ է նախկին-ներկա բաժանումը. «Ինձ համար անհեթեթ է, երբ ասում են՝ միայն նախկինները չլինեն, կամ ՝ոչ նախկին, ոչ ներկա. Տիեզերքի՞ց ինչ-որ մեկը պետք է իջնի, ո՞նց կարելի է չլինել կամ նախկին, կամ ներկա, այդ դեպքում՝ ո՞վ: Դա էլ ժամանակին կուտ է եղել նետված՝ միայն նախկինները հետ չգան, և ես իսկապես ուրախ եմ, որ իմ կարծիքով՝ այդ թեման արդեն վերացել է: Իշխանությունները, երբ նոր գաղափար չունեն, բռնվում են հին, լավ աշխատած գաղափարներից՝ մարդկանց խաբելու համար, բայց ես համոզված եմ, որ դա այլևս չի աշխատում: Մարդիկ հասկացել են ամեն ինչ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս