Չկան մշտական ծեծողներ և ծեծվողներ, այլ միայն անձնական շահեր

Երկար ժամանակ է,  ինձ զսպել եմ, որ չանդրադառնամ Էդմոն Մարուքյանի պահվածքին և գործունեությանը։ Պատճառը՝ մեր նախկին ջերմ հարաբերություններն են։ Փորձեցի ձեռնպահ մնալ, նրա նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մտածելով, որ ինչպես Հայաստանի բոլոր ժամանակների քաղաքական գործիչների գերակշիռ մասը, Էդմոնը նույնպես զերծ չմնաց գայթակղությունից։

Սակայն, երբ հատուկ հանձնարարություններով նորանշանակ դեսպանը հրապարակեց Հայաստանի կոմից Ադրբեջանին ներկայացված 6 կետանոց փաստաթուղթը, այլևս լռել չեմ կարող, քանի որ հարցը վերաբերում է ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության ապագային։

Հրապարակելով խնդրագիր-փաստաթուղթը, Էդմոնը ոչ միայն հավանություն է տալիս դրան, այլև ի պաշտոնե աջակցում դրա իրականացմանը։ Իսկ ո՞րն է այդ խնդրագիր-փաստաթղթի «մեխը»։

Խնդրագիր-փաստաթղթի 6 կետանոց ոչինչ չասող դրույթների «մեխը» 3-րդ կետն է․

«Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։

Կետում ոչինչ չի ասվում արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։ Այս կետը նշանակում է «նշաձողի իջեցում»։

Այս կետով, Հայաստանի իշխանությունը Արցախից վերջնականապես ձեռքերը լվանում է, Արցախը նվիրելով Ադրբեջանին։

Էդմոն, կարծում եմ, անիմաստ է քննարկել սույն դրույթի ոչինչ չասող «անվտանգություն, իրավունք, ազատություն, կարգավիճակ» բառերը։ Կարծում եմ, ինքդ հասկանում ես, որ այդ բառերը որևէ նշանակություն չունեն Ադրբեջանի համար։ Անկախ այն բանից, թե ինչպիսի կարգավիճակ կստանա Արցախն Ադրբեջանի կազմում, արցախահայությանը կսպասվի, առնվազն արտագաղթ և Արցախը կհայաթափվի։

Այսպիսով, Էդմոն, արդյո՞ք հանուն պաշտոնի, դու հրաժարվում ես նախկինում, քո կողմից արտահայտած սկզբունքներից։

Ահա և 6 հարց Էդմոն Մարուքյանին։

1․ Հիշում եմ, մեր զրույցներն ու քո պատմած վեճերը հանգուցյալ Գեորգի Վանյանի հետ։ Դու նրան հակադարձել էիր, որ հանուն Արցախի, պատրաստ ես կռվել։ Եվ որ Արցախի անկախությունը քննարկման հարց չի կարող լինել։ Ի՞նչ է փոխվել։ Արդյո՞ք, 2020թ․ պատերազմի հետևանքները։ Եթե այո, ապա դու համաձայն ես, որ պատերազմն անխուսափելի էր, հնարավոր չէր այն կանգնեցնել, որ պատերազմը կառավարվել է բարձր մասնագիտական ձևով և այլևս ոչինչ հնարավոր չէ շտկել։ Նույնիսկ նման «փաստարկների» դեպքում, սկզբունքայնությունն առնվազն պահանջում է հեռանալ քաղաքականությունից և լռել։ Հաա, մոռացել էի, դու քո անձնականի մասին չես մտածում, այլ երկրի ապագայի․․․

2․ 2017թ․, այսօրվա բռնապետիկի հետ կազմելով «Մուտք», կներես՝ «Ելք» դաշինքը, արդյոք չգիտեի՞ր նրա կարծիքը Արցախի հիմնահարցի մասին։

3․ Ի՞նչը կամ ո՞վ քեզ առաջարկեց 2018թ․ նախընտրական ցուցակի անցողիկ համար դարձնել, իր հակաարցախյան տեսակետներով հայտնի, փաստաթղթեր կեղծած, դասալիք դավաճանին։ Այդ չէ՞ր նաև պատճառներից մեկը, որ քո գլխավորած կուսակցությունը հայտնվեց 2018թ․ ԱԺ-ում։ Չէ՞ որ այդ «ընտրությունների» ժամանակ մարդիկ կամ չէին մասնակցում ընտրությանը՝ ինչպես ես, կամ ոգևորված ընտրում «հեղափոխականներին», կամ ստիպված՝ հակահեղափոխականներին։ Չեմ կարծում, որ ձեր կուսակցության անդամներից և նրանց հարազատներից բացի, որևէ մեկը ձայն տար, նույն «հեղափոխական» կարգախոսներով այլ ուժի։ Ի դեպ, այդ մասին զայրացած ասաց նաև, այսօրվա, արդյո՞ք միայն այսօրվա, քո շեֆը․ «Բա որ հեղափոխություն չի եղել, որտեղի՞ց ձեզ այդքան մանդատ»։

4․ 2020թ․, երբ «Քո քայլը» նախաձեռնեց Սահմանադրական Դատարանը հակասահմանադրական ձևով ջախջախելու «օրինագիծը», որի հեռահար նպատակներից էր նաև «սահմանադրական» ճանաչելու Արցախից հրաժարվելու հարցը, ինքդ լինելով բարձր մակարդակի իրավաբան, ինչո՞ւ ձեր խմբակցությամբ չդիմեցիք ՍԴ։

5․ Անկախ ունեցած սկզբունքներից, կարծում եմ, որ տարրական արժանապատվության բացակայության հարց է, միանալ և համագործակցել մի ուժի հետ, որը հրապարակային ԱԺ-ում քո վրա հարձակվել, քեզ ծեծի է ենթարկել, անվանելով «տրյապկա»։ Միայն չասես, թե հարցն անձնական չի, այլ հանուն երկրի և պետականության։

6․ Չե՞ս կարծում, որ քո նախկին կուսակից, ժանգոտ շերեփը թափահարող անձնավորությունն ավելի «սկզբունքային» էր և ավելի արագ «կողմորոշվեց», քան դու։

Ավետիք Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս