ՌԴ–ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ անդամների հետ փոխգործակցության զարգացումը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունը որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն դիտարկում է ՀԱՊԿ անդամ պետությունների հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի առթիվ:
«Պատմական չափորոշիչներով ոչ երկարատեւ ժամանակահատվածում կազմակերպությունն արժանապատիվ ճանապարհ է անցել: Անդամ պետությունների համատեղ ջանքերով ամբողջական, արդյունավետ կառույց է ստեղծվել՝ նախատեսված անվտանգության խնդիրների համատեղ կարգավորման եւ միջազգային ասպարեզում հավաքական շահերն առաջ տանելու համար: ՀԱՊԿ-ն այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում, հուսալիորեն երաշխավորում է անվտանգությունն իր պատասխանատվության գոտում, որը ներառում է կազմակերպության անդամ երկրների տարածքները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
ՀԱՊԿ հասունության վաղ ապացույցը դարձել են կազմակերպության խաղաղապահների համագարկված գործողություններն՝ ուղղված Ղազախստանի Հանրապետությանն աջակցություն տրամադրելուն:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ առանցքային է եղել ՀԱՊԿ ղեկավարների որոշումը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու մասին:
«Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրել են այդ փաստաթուղթը՝ իրենց անվտանգությունը համատեղ ապահովելու եւ ռազմաքաղաքական ոլորտում համագործակցություն զարգացնելու նպատակով: Ներկա պահին ՀԱՊԿ կազմում 6 պետություն է ընդգրկված՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը»,- ասվում է հայտարարության մեջ: