«Հայաստանի 6 առաջարկները կատարյալ խայտառակություն են. ձեզ նորից խաբել են, ժողովուրդ ջան». Արմեն Աշոտյան

«Դա կատարյալ խայտառակություն է, այսինքն՝ Ադրբեջանին և միջազգային հանրությանը այդպես «կայֆավատի» առիթ տալ Հայաստանի քաղաքական-դիվանագիտական մտքի վրա, ոչ ոք չէր արել: Այդ 6 առաջարկները ցածրորակ, վախվորած, Ճ կլասի շարադրություն է, որտեղ որևէ քաղաքական մեզ ձեռնտու հետևանք ակնկալել պարզապես միամտություն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հրապարակել է Հայաստանի կողմից Ադրբեջանին արված 6 առաջարկները:

Արմեն Աշոտյանը նկատեց՝ առաջին կետն այն մասին է, որ Ադրբեջանը Հայաստանին նամակ է փոխանցել X օրը, այն հասել է Y օրը. «Դա առաջին կետն է, պատկերացնո՞ւմ եք: Դա ընդամենը դիվանագիտական գրագրության տարր է, որը չէր կարող լինել առաջարկություն: Երկրորդ առաջարկությունն այն է, որ նրանք մեր անունից ասել են, որ ՀՀ-ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և էլի հղում է արվում 1991թ. ԱՊՀ համաձայնագրի վրա, որտեղ մենք իբր թե մտնելով ԱՊՀ՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո, Հայաստանը երբեք չի ունեցել տարածքային նկրտումներ Ադրբեջանի նկատմամբ, բայց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը ՄԽ համանախագահների՝ արցախյան հարցի կարգավորման երեք սկզբունքներից մեկն է, և հղում անել ԱՊՀ համաձայնագրի վրա, ես մի քանի ամիս առաջ բացահայտել էի այդ սկանդալը, որ 1992 Հայաստանը այդ համաձայնագիրը վավերացրել է արցախյան հակամարտությանը վերաբերող վերապահումով: Հայաստանը ԱՊՀ մտնելիս՝ չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև տարածքային ամբողջականությունը չի ճանաչվում միջազգային կառույցներ մտնելով, այլ ճանաչվում է երկկողմ հարաբերությունների շրջանակներում»:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանի ներկայացրած առաջին կետը զավեշտ է, երկրորդը՝ սուտ. «Երրորդը՝ հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը: Ենթադրվում էր, որ սա պետք է լինի Հայաստանի կողմից բերված ամենաուժեղ արգումենտը. Հիմա հարց, եթե Արցախը չեն հանձնում Ադրբեջանին, ինչո՞ւ Հայաստանը չի գրել այդ կետի մեջ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորման սկզբունքը պետք է լինի հայ-ադրբեջանական բանակցային փաթեթի մաս: Ի՞նչ է նշանակում՝ Արցախի ժողովրդի իրավունքներ, ազատություններ, ո՞վ է դա երաշխավորելու: Այս կետից պարզ է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք չկա իրենց համար, երկրորդ՝ Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների երաշխավորումը դնում են մեկ այլ ատյանի պատասխանատվության ներքո, ո՞վ է այդ ատյանը: Պարզ է, որ նրանք դա դիտարկում են Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համատեքստում: Երբ խոսում են կարգավիճակի մասին, սա նույնպես որոգայթ է, որտեղ կարգավիճակ ասելով՝ կարելի է հասկանալ, որ կարգավիճակը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում, որովհետև նիկոլենք չեն բացառում դա: Նրանք արել են մեզ անվայել, դավաճանական ձևակերպումներով առաջարկ: Երրորդ կետը դավաճանություն է»:

Անդրադառնալով չորրորդ կետին, ըստ որի՝ հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում), Աշոտյանը նշեց. «Այստեղ էլ է հիմարություն, այսինքն՝ ո՞նց կարելի է դիտարկել՝ սկզբունք, արդեն ստորագրված երեք հայտարարությունները, դրա ի՞նչն է սկզբունք, եթե այդ երեք հայտարարությունների մեջ ինչ-որ բան գրել եք, ու մինչև հիմա չի արվել, դրա ի՞նչն է սկզբունք: Սկզբունք կլիներ, եթե գրեիք, որ այս պրոցեսը կարող է տեղի ունենալ միայն Հայաստանի քաղաքացիների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց՝ ադրբեջանական բանտերից ազատումից հետո: Ռազմագերիների ծնողների և այդ հարցով ապրող մեր քաղաքացիների ուշադրությունն եմ հրավիրում՝ նրանք չեն էլ գրել, որ՝ տվեք ռազմագերիներին, նոր կանցնենք ինչ-որ բանակցությունների: Դուք, իշխանավորներ, չեք կարողացել հասնել նրան, որ Ադրբեջանը կատարի իր պարտականությունները: Չորրորդ սկզբունքը նույնպես տոտալ խայտառակություն է»:

Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետերից հինգերորդը հետևյալն է՝  հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե այս կետում գրված է ինքնորոշման իրավունքը. «Նորից ապացուցվում է, որ չունեն ցանկություն, խիզախություն, գիտելիք՝ առաջ տանելու ազգերի ինոնորոշման սկզբունքը, առանց որի մնացած բոլոր խոսակցությունները Արցախը տանում են Ադրբեջան: Այս թվարկված փաստաթղթերը, որոնց Էդմոնը հղում էր անում, հաստափոր փաստաթղթեր են. պատկերացրեք՝ ինչքան թուլամորթ, տկար, անողնաշար պետք է լինել, որ եթե անգամ ազգերի ինքնորոշման իրավունքը ուզում ես մի ձևով շեշտել, դա քողարկես հաստափոր թղթերի մեջ, փոխանակ այդ սկզբունքը պարզապես գրես: Մենք հասանք հինգերորդ կետ ու նորից տեսանք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման համար Նիկոլը ոչ մի բան չի արել, չի անում և չի անելու»:

Ըստ 6-րդ կետի՝ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ դժվար է վերոնշյալը համարել սկզբունք կամ առաջարկ, դա բանակցային տարր է. «Տեսեք՝ Նիկոլը մի քանի շաբաթ առաջ ԱԺ-ում հինավորում էր, թե ինչու ինքը չի սպասում, որ ՄԽ համանախագահներն աշխատեն, և գնում է երկկողմ կամ եռակողմ բանակցությունների ձևաչափով: Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան անբարոյական, ստախոս, սրիկա պետք է լինել… այդ մարդը մի քանի շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից ասում է, որ ՄԽ-ն չի գործում, և չեն սպասելու, որ ինքը վերականգնվի, հիմա ասում են, որ ՄԽ-ով են այդ բանակցությունները պատկերացնում: Ավելին, ԱԺ իր ելույթում նա հիմնավորում էր, թե ինչու Մինսկի խումբը չկա: ՄԽ վրա հղում անելը էլի մեզ էշի տեղ դնելու պրոցես է: Բայց սրանով չի ավարտվում այս ազգային խայտառակությունը: Էդմոնը Նիկոլի անունից պնդում էր, որ այս առաջարկությունները Ադրբեջանի կողմից Բրյուսելում ընդունվել են և բանակցությունների հիմք են. ինչպես տեսաք՝ Բաքվի վերջին արձագանքները, որտեղից մենք ավելի շուտ ենք իմանում մամուլով, քան սրանք են մեզ պատմում, Ադրբեջանն անգամ այս խայտառակությունը չի ընդունել: Երբ նիկոլենք ասում են, թե միջազգային հանրությունը սա ընդունել է, և սրա հիման վրա ուզում են բանակցել, դա էլ է սուտ, որովհետև ոչ մի հղում եվրոպական, ռուսական, ամերիկյան ղեկավար մարմիններից դուք չեք գտնի այն մասին, որ անգամ այս 6 կետանոց զավեշտը ընդունվել է, հայկական առաջարկությունները ներառվել են բանակցային գործընթացի մեջ: Կա հակառակը, որ ադրբեջանական փաթեթի հիման վրա է գնում: Ձեզ երեկ նորից խաբել են, ժողովուրդ ջան»:

Տեսանյութեր

Լրահոս