Բաժիններ՝

«Նվեր հորս, էսօր ծնունդն ա․․․»․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նվեր հորս, էսօր ծնունդն ա։

– Վազգեն, էս աթոռներին ի՞նչ անուններ ա գրած։

Վազգենն ու հայրս նույն մեծ պապն ունեն։ Ալեքսան Անդրեասյանը՝ Արևմտյան Հայաստանի Չմշկածագ քաղաքին մոտ Հազարի գյուղից։ Ողջ գյուղը ցեղասպանությունից փրկվել ա քրդերի շնորհիվ, տարել են իրենց մոտ՝ սարերը։

Ուրեմն՝ հայրս ու Վազգենը երրորդ պորտ եղբայրներ են, ուրեմն Վազգենն իմ տռայորդնի հորեղբայրն ա։

Զատիկին Վազգենի հետ գնում ենք Շավիլի հայկական եկեղեցի, Վերսալի կողմերն ա։ Ներսը՝ լեփ-լեցուն, նստելու տեղ չկա։ Կանգնած հետևում ենք արարողությանը։ Մի չորս աթոռ տեղ ա ազատվում։ Գնում մեկի վրա նստում եմ։ Վազգենը գալիս, կողքս ա նստում։

Դիմացիս աթոռին մետաղի վրա անուն եմ տեսնում փորագրած։ Վազգենը բացատրում ա՝ երբ որևէ ընտանիք եկեղեցուն նվիրաբերություն էր անում, նրանց հարազատի անունը գրում էին աթոռի վրա։

– Ալեքսան Անդրեասեանի անունով ալ աթոռ կա։ Կուզե՞ս գտնինք։

– Կուզեմ։

Մի քիչ էլ դատարկվի եկեղեցին ու անցնենք գործի։ Արարողությունն ավարտվել ա, աղոթքներն ասվել են, երգերը երգվել են, օրհնությունը տված ա։ Անցնում եմ գործի։ Սկսում եմ իմ աթոռից։

Թեքվում եմ, նայում եմ աթոռի հենակին, գրած ա՝ Յիշատակ Պրն․ Ալէքսան Անդրէասանի։ Այ քեզ բան, էկել հենց նստել եմ մեծ տատիս հոր աթոռին։

Ես՝ զարմացած, Վազգենը՝ զարմացած, ինքը՝ ծոռ Ալեքսանին, ես՝ թոռան թոռ, ուրախ-ուրախ նկարվում ենք նստած կողք-կողքի մեր նախնու անունով աթոռին։

Հաջորդ օրը ապրիլի 18-ին գիշերը հայրս գնում ա։ Գնալուց ժամեր առաջ տեսազանգով հասցնում եմ էս պատմությունը հապճեպ պատմեմ։ Չէր խոսում, բայց մարմնի շարժով ու ձայն հանելով՝ արձագանքում էր։ Ձիգ ճկվեց, նայեց իմ կողմ, ուժ տվեց` (հ)ա ասեց։ Հասկացա, որ գիտի՝ իմ ու իրա նախնիների առաջ պատասխանատվությունն՝ ինձ վրա։

Ծնունդդ շնորհավոր Վարդանուշի, Վահանի, Հայկանուշի, Ավետիսի թոռ Vahan Ishkhanyan ու Vahan Cheraz»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս