Բաժիններ՝

«Ջրի խնդիրը մնում է նույնը, այն մեծ վտանգ է համայնքի բնակիչների համար, որոշ տեղերում էլ կարող են թունավորման վտանգներ առաջանալ». Գեղամասարի համայնքապետ

Դեռ ամիսներ առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը 168.amի հետ զրույցում ասել էր, որ 18 համայնքներից 6-ում առկա է ջրի խնդիր, դրանցից որոշներն առհասարակ ջուր չունեն, որոշներն էլ՝ մասնակի չունեն։

«2021 թվականի մայիսի 12-ից այս խնդիրն առկա է, հիմա սպասում ենք՝ եղանակները բացվեն, մտածենք այլընտրանքային ճանապարհով ջուր ունենալու մասին։ Պետք է հասկանանք, թե կառավարությունն ինչ է մտածում, ի վիճակի՞ է մեզ համար որևէ բան անել։ Օրինակ, Նորաբակում այլընտրանքը կար, գյուղում 3 «տոչկա» ջուր էր գալիս, Սոթքում նոր ջրագիծ ենք քաշել, սակայն սա չի նշանակում, որ նորմալ վիճակ է։ Մենք մշտապես այլընտրանքային ճանապարհների մասին ենք մտածում, այսօրվա դրությամբ Գեղամապատ գյուղն ամբողջովին զրկված է ջրից։ Գյուղերը, որոնք ջուր չունեն, մեքենաներով կողքի գյուղերից բերում են»,- ասել էր Հակոբ Ավետյանը։

Այսօր 168.am-ի հետ զրույցում Հակոբ Ավետյանն ասաց, որ ջրի խնդիրը դեռևս չի լուծվել։

«Այս ամիսների ընթացքում խնդրի լուծման առումով որևէ դրական փոփոխություն չի եղել։ Կառավարությունը խնդրի մասին գիտի, սակայն որևէ լուծում չի տվել։ Խնդիրը մնում է նույնը, և այն մեծ վտանգ է ներկայացնում մեր համայնքի բնակիչների համար, նախ բնակիչները ջրազրկվում են, որոշ տեղերում էլ կարող են թունավորման վտանգներ առաջանալ»,- նշեց Հակոբ Ավետյանը։

Համայնքապետի պնդմամբ, խնդրի մասին տեղյակ է պահել և՛ կառավարությանը, և՛ մարզպետարանին, այդ թվում՝ Տարածքային կառավարման նախարարությանը, այսինքն՝ բոլորն էլ խնդրին տեղյակ են, սակայն քայլեր չեն ձեռնարկում։

«Ինքս այս իշխանությունների անգործությունը մշտապես քննադատել եմ և շարունակում եմ քննադատել։ Իմ նկատմամբ հետապնդումներ այս իշխանությունը վաղուց է սկսել՝ այն ժամանակվանից, երբ բացահայտ արտահայտեցի իմ քաղաքական հայացքների մասին։ Ավելի լավ է դատապարտվեմ ազատազրկման, քան թե դատապարտվեմ անարժանապատվության։ Ինքս իմ ճիշտ արժանապատիվ քայլն անում եմ հանուն մեր երկրի։ Ինքս վախենալու որևէ բան չունեմ, իմ դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս