«Կարծում եմ՝ սադրիչների շոուն չստացվեց, որովհետև նրանցից որևէ մեկը չէր ներկայացնում գյումրեցիներին». Հարութ Դավթյան
168.am-ն արդեն անդրադարձել է այսօր Գյումրիում ընդդիմության ընթացող հանրահավաքի ժամանակ իշխանության կողմից գործուղված սադրիչների գործողություններին։
168.am-ի հետ զրույցում Հարութ Դավթյանը, ով Ախուրյանում բժիշկ է աշխատում և ականատես է եղել այդ ամբողջ սադրանքներին, ասաց, որ ճանապարհը փակող մարդկանց մեծ մասը սադրիչներ էին։
«Գիտենք, թե նրանք ինչպես են հավաքագրվում, ինչպես են աշխատում։ Այսպես ասեմ՝ նրանց հետ չեմ նույնականացնում մեր գերիների ծնողներին, այդ թեմային չեմ ուզում անդրադառնալ, զգացմունքային թեմա է, բոլորս էլ հասկանում ենք իրենց վիճակը, նաև ապատեղեկատվությամբ նրանց մոլորեցնելու նպատակները։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք առհասարակ կապ չունեին այդ ծնողների հետ և առհասարակ որևէ կապ չունեին որևէ զոհի հետ, նույնիսկ շատ ցածր սոցիոէկոնոմիկ ստատուսով մարդիկ էին։ Այսինքն՝ համայնքապետարանում աշխատող հավաքարար, նույն այդ հանրաճանաչ կինը, ով պառկել էր ասֆալտին։ Նա հավաքարար է աշխատում և Ախուրյանի տարածաշրջանում հայտնի է որպես նմանատիպ ակցիաների վճարովի մասնակոցող։ Նորմալ, գիտակից մարդիկ նմանատիպ սադրանքերի չէին գնա։
Կրկնում եմ՝ գերիների ծնողներին չեմ անդրադառնում, նրանց հարցը բոլորովին այլ է։ Խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք հստակ եկել էին, որպեսզի հրահրեին քաշքշուք, այդ շոուն իրականացնեին։ Կարծում եմ՝ սադրիչների շոուն չստացվեց, որովհետև նրանցից որևէ մեկը չէր ներկայացնում գյումրեցիներին։ Իրենք տարբեր գյուղերից ու համայնքներից հավաքագրված բերվել էին, որ այդ շոուն կազմակերպեին»,- նշեց Հարութ Դավթյանը։
Ըստ նրա, հավաքագրված այդ մարդիկ տարբեր հայհոյանքներ էին տալիս ու արտահայտություններ էին անում, նորմալ գիտակից մարդը նման կերպ չի հայհոյի իր հայրենակցին, ով այլ քաղաքական հայացքներ ունի և պայքարում է երկրի համար։
«Այդ մարդկանց համար կարևորը ինչ-որ գումար լինի»,– նկատեց նա։
Ինչ վերաբերում է այդ սադրանքների կազմակերպիչներից մեկի խոստովանությանը, թե արդեն Գյումրիում են և այլևս սադրանքների չի դիմի, Հարութ Դավթյանը նկատեց՝ այս ամենին պետք է տրվի հստակ իրավական գնահատական, քանի որ ամենաթողության այս մթնոլորտում չի պատկերացնում, թե ինչպես կարող են նորմալ իրավիճակ ստեղծել։
«Բնականաբար, իրավապահ մարմիններից չեմ ակնկալում ինչ-որ գործողություններ, թեպետ Շիրակի մարզում կան իրավահ համակարգի արդար, հայրենիքի համար մտածող մարդիկ։ Այս ամենաթողությունը թույլատրված է ամենավերևից և գիտեն, որ ինչ էլ անեն՝ չեն պատժվելու, քանի որ ամեն ինչ իրականացնում են իշխանության 100 տոկոսանոց հովանավորչությամբ»,- եզրափակեց Հարութ Դավթյանը։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ընդդիմության հանրահավաքի ժամանակ սադրիչների պակաս չի եղել։ Հոռոմում այդ սադրիչներից մեկը՝ Թաթուլ Ասիլյանը, ով լրագրողների հետ զրույցում ներկայացել է, որպես ՔՊ-ական և նախկին ոստիկան, Գյումրիում ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոստովանել է, որ այլևս սադրանքների չի դիմելու, քանի որ արդեն քաղաքի մեջ են։