Այսօր մարդիկ փողոցում են, որովհետև նրանց ձայնը չի լսվում Ազգային ժողովում. Թևան Պողոսյան
«2020թ. նոյեմբերի 9-ից հետո մեր երկրում քաղաքական ճգնաժամը միայն խորանում է, և այն, ինչ այսօր կատարվում է փողոցում, լիովին օրինաչափ է գոնե որևէ լուծում գտնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Թևան Պողոսյանի խոսքով, այս ճգնաժամի խորացումը մեզ անդունդն է տանելու, և ուրախ է, որ այսօր պայքար կա: Էդ պայքարի շնորհիվ արցախցին եթե մի օր առաջ մտածում էր, որ իրենցով ոչ մեկը չի հետաքրքրվում, այսօր արդեն, տեսնելով Երևանում Արցախի համար պայքարող մարդկանց, ինքն էլ է լցվում այդ պայքարի ուժով: Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը դրա վկայությունն է:
Ամենաօպտիմալ լուծումն այսօր, ըստ քաղաքագետի, ինչպես 2020-ի նոյեմբերի 10-ից հետո, իշխանության գիտակցված, ինքնակամ հեռացումն է, որը հնարավորություն կտա ստեղծել ազգային միասնությանը միտված կառավարություն, իսկ ազգային միասնությանն այսօր խանգարում է միայն գործող իշխանությունը:
«Ցավում եմ, որ ամեն անգամ մեր շահերը պաշտպանելու համար հանգում ենք փողոցով պայքարին: Մեզ պետք է այնպիսի կառավարություն, որը թույլ չի տա ազգային երազանքներին հասնելու համար փողոցով պայքարել: Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, պետք է գիտակցի, որ եթե ինքն է խանգարում, ուրեմն պետք է հեռանա, որպեսզի կրկին ձևավորեն Հայաստան-Արցախ-սփյուռք միասնությունը»,- նշեց Թևան Պողոսյանը:
Քաղաքագետը վստահ է, որ մարդիկ փողոցում են, որովհետև նրանց ձայնը չի լսվում: Եթե ունենայինք այնպիսի Ազգային ժողով, որտեղ հնարավոր լիներ հարցեր քննարկել, փողոց դուրս չէին գա մարդիկ: Բայց, ցավոք սրտի, ընտրությունների արդյունքում ձևավորվեց այնպիսի Ազգային ժողով, որտեղ մեկի մեծամասնությունը թույլ չի տալիս հասնել կոնսենսուսային որոշումների: Չկա այն սենյակը, որտեղ կկայացվեն հայանպաստ որոշումներ, հետևաբար՝ պետք է այնպիսի գիտակցություն, որից կձևավորվի կրիտիկական զանգվածը փողոցում և լսելի կդարձնի մարդկանց ձայնը:
Թևան Պողոսյանը վախենում է պայքարի տապալումից, քանի որ պատկերացնում է դրան հաջորդող սցենարը, որն ունի մեկ անուն՝ պարտություն:
«Դրա հետևանքներն ավելի վատ ռեպրեսիաներն են լինելու, իսկ միջազգային հանրության կամ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումներն այնքան են մեծանալու, որ հանկարծ նորից զարթոնք չլինի: Դրա համար պետք է գիտակցված գնալ պայքարի ու հաղթել»,- նշեց Թևան Պողոսյանը:
Աննա Դեմիրճյան